Արտեմ Ասատրյանը Գյումրիում մասնակցել է թիվ 1 գիշերօթիկ խնամքի հաստատության վերանորոգված տարածքի բացմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նոյեմբերի 25-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ միասին մասնակցել է ԱՄՆ ցամաքային զորքերի Եվրոպական հրամանատարության հումանիտար օգնության ծրագրի շրջանակներում իրականացված Գյումրի քաղաքի թիվ 1 գիշերօթիկ խնամքի և պաշտպանության հաստատության վերանորոգված տարածքի բացման արարողությանը:

Նախարար Ասատրյանը ԱՄՆ դեսպանի հետ միասին շրջել է հաստատությունում, ծանոթացել վերանորոգված տարածքներին և հաստատության պայմաններին:
Շնորհակալություն հայտնելով ԱՄՆ կառավարությանը հաստատության վերանորոգման աշխատանքների իրականացմանն աջակցելու համար՝ նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ բարելավվելով հաստատության պայմանները ծրագիրը երեխաների շուրջօրյա խնամքի կազմակերպման առումով մեծ լումա է ներդրել:

«Թեև ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունը միտված է երեխայի խնամքն ընտանիքներում կազմակերպելուն, այնուամենայնիվ, կան ընտանիքներ, որոնք ունեն խնամքի հաստատության աջակցության կարիքը: Այս իսկ պատճառով, հաստատություններում պետք է ստեղծվեն առավելագույն պայմանները, և պետք է մատուցվեն լավագույն սոցիալական ծառայությունները, որպեսզի երեխան՝ գտնվելով հաստատությունում, կարողանա ստանալ այն ամենը ինչը կարող է ստանալ ընտանիքում»,- նշել է նախարարը:

ԱՄՆ դեսպանն իր հերթին շնորհավորել է իրականացված ծրագրի կապակցությամբ, նշել, որ միայն գումարը քիչ է լավագույն արդյունք ստանալու համար, և գեղեցիկ վերանորոգված տարածքները, որոնք ծառայելու են հաստատության երեխաներին, համատեղ արդյունավետ աշխատանքի արդյունք են:
Միջոցառման ընթացքում նախարար Արտեմ Ասատրյանը խոսել է նաև սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին, անդրադարձել Շիրակի մարզում զբաղվածության խնդիրներին և զբաղվածության ոլորտում իրականացվող պետական ծրագրերին:
Միջոցառման ավարտին նախարարն արդյունավետ համագործակցության և հումանիտար օգնության ծրագիրը բարեհաջող իրականացնելու համար շնորհակալագրեր է հանձնել ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին և ԱՄՆ դեսպանության մի շարք աշխատակիցների:

Բացման արարողությանը մասնակցել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի ներկայացուցիչներ, գիշերօթիկ խնամքի հաստատության բարեկամներ:




Լրահոս