«Դեկտեմբերի 1-ին հաջորդելու են դեկտեմբերի 2-ը, 3-ը». կայանալիք հանրահավաքն «այո»-ին չի անհանգստացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին դեմ արտահայտվողներն արդեն հայտարարել են, որ իրենք դեկտեմբերի 1-ին Ազատության հրապարակում հանրահավաք են հրավիրել, որի ժամանակ էլ հանրությանը կոչ կանեն ոչ ասել այդ փոփոխություններին: Ըստ այդ ուժերի՝ այդ օրը հստակ ու կտրուկ են լինելու, եթե անհրաժեշտություն լինի մնալ հրապարակում, ապա իրենք դրան էլ կգնան: Ընդդիմադիրները նշել են նաեւ, որ այդ օրը լինելու է անհնազանդության կոչերի օր:

Գաղտնիք չէ նաեւ, որ սահմանադրական փոփոխություններին այո-ի կողմնակիցերն են խորհրդարանական խմբակցություններից ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն, որոնք էլ հայտարարել են, թե ոչ-ի ճակատին որեւէ կերպ չի հաջողվում հանդես գալ մեկ ընդհանուր հայտարարությամբ: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է նշված ուժերի ներկայացուցիչների հետ՝ պարզելու նրանց դիրքորոշումը՝ դեկտեմբերի 1-ին կայանալիք հանրահավաքի հետ կապված, քանի որ, ըստ ընդդիմադիր ուժերի, իրենց հաջողվելու է նշված օրը հաղթանակի հասնել:

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

-Պարո՛ն Վարդանյան, ինչպե՞ս եք վերաբերվում ընդդիմադիր ուժերի այն հայտարարությանը, որ իրենք դեկտեմեբրի 1-ին կայանալիք հանրահավաքին լինելու են շատ կտրուկ, ու հենց այդ օրն էլ վճռորոշ է լինելու իրենց կատարվելիք քայլերը:

-Դա իրենց իրավունքն է, բայց դեկտեմբերի 1-ին հաջորդելու է դեկտեմբերի 2-ը, 3-ը մենք կարող ենք այդ ժամանակ խոսել:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ

-Պարո՛ն Ավետիսյան, ոչ-ի ճակատը հայտարարել է, որ դեկտեմբերի 6-ի հանրաքվեն իրենք տապալելու են ու դա անելու են իրենց հրավիրած հանրահավաքի միջոցով, երբ հանրությանը ներկայացնեն, թե ինչու են ՀՀ իշխանությունները նպատակադրվել փոխել Սահմանադրությունը: Արդյո՞ք դա նրանց հաջողվելու է:

-Ինձ համար անհասկանալի է իրենց հայտարարությունները, երբ ասում են, թե տապալելու են հանրաքվեն, դա հնարավոր կլինի միայն, երբ իրենք այդ օրը գնան, իրենց տեղերում աշխատեն ու այնպես անեն, որ միայն ոչ-ի կողմնակիցներ լինեն, թե չէ նման հայտարարությունները բոլորն էլ անում են ու միշտ են անում, դրանում պետք է լինի նաեւ արդյունք: Թող դեկտեմբերի 1-ին իրենք իրենց հավաքն անեն, մենք էլ դեկտեմբերի 6-ին մեր անելիքն անելու ենք. տեղամասերում լինելու են քվեարկությունները, ու հանրությունն ասելու է այն, ինչն ինքն է ցանկանում: Իսկ ընդդիմությունը հայտարարում է այն, ինչն իր ցանկությունն է, դա միանշանակ ճիշտ չէ, երբ դու որոշում ես կայացնում, հանրության փոխարեն մտածում ես, թե հանրությունը նպատակ ունի տապալել հանրաքվեն, դրանում ո՞վ է վստահ: Եթե դեռեւս այդ օրը չի եկել, եթե մենք դեռեւս քվեարկության արդյունքները չգիտենք, ինչպես կարող ենք որոշել, թե հանրաքվեն տապալել են, կամ տապալված է: Ես չեմ կարծում, որ այդ հանրահավաքը կարող է ազդել հեռավոր մի տեղամասի քվեարկողի դիրքորոշման վրա, որովհետեւ ինչպես նա որոշել էր անել, այդպես էլ անելու է, լինի հանրահավաք, թե չլինի: Բնական է, որ ընդդիմության իրավունքն է հանրահավաքներ անել, իրենց դիրքորոշումը ներկայացնել, բայց ինչ-որ կոչերով հանդես գալ, ինչ-որ պրովոկացիաներ անել, դա այդքան էլ իրատեսական չէ: Իրենք ո՞վ են, որ թույլ չեն տալու, որպեսզի հանրաքվեն իրականացվի, դրանց իմաստը ես չեմ հասկանում: Իրենք էլ ժողովրդի մի մասն են, որոնք էլ կարող են ասել, թե գիտեք, մենք էլ ենք դեմ, որպեսզի սահմանադրական փոփոխությունները տեղի ունենան, բայց իրենց ով է թույլ տվել, թե իրենք որոշումը կայացնեն ժողովրդի փոխարեն` հայտարարելով, թե իրենք թույլ չեն տալու, որպեսզի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն իրականանա:

-Ընդդիմությունը նշում է, որ իշխանության միակ նպատակը վերարտադրումն է, ինչը իրենք թույլ չեն տալու: Ըստ ընդդիմադիրների՝ նույն դիրքորոշումն ունի նաեւ ժողովուրդը: Հանրությունը դժգոհ է իշխանությունների վարած քաղաքականությունից, գուցե ընդդիմությանն այս անգամ հաջողվի՞ իսկապես տապալել իշխանությունների պլանները:

-Ընդդիմությունը հայտարարում է այն, ինչ ցանկանում է, իսկ դա իրավունք է, որն իրենք ունեն, դա մեր խնդիրը չէ, ես խորհուրդ կտայի, որպեսզի իրենք զբաղվեն իրենց գործերով` իրենց գերհզոր չներկայացնելով: Կան հարյուր-հազարավոր մարդիկ, ովքեր մեծ հաճույքով գնալու են ու իրենց այո-ն են ասելու այդ փոփոխություններին: Ո՞նց կարող են իրենք հանրաքվեն տապալել, իրենք կարող են մի քանի տասնյակի հասնող մարդկանց հավաքել ու իրենց հանրահավաքն անել, իսկ դա էլ իրենց իրավունքն է, կարող են այդ իրավունքն իրացնել:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆ

-Պարո՛ն Բաբայան, արդյո՞ք դեկտեմեբրի 1-ին հրավիրված հանրահավաքի ժամանակ ոչ-ի ճակատին հաջողվելու է այնպես անել, որպեսզի ժողովուրդը դեմ արտահայտվի սահմանադրական փոփոխություններին, ու այն տապալվի:

-Դա իրենց հայտարարություններն են, այդ մեկնաբանություններն իրենք են անում, որոնց ես լուրջ չեմ վերաբերվում: Պայքարը դա մեր քաղաքացիների իրավունքն է, ու մարդիկ, ովքեր ոչ են ասում, բայց մի մոռացեք նաեւ այո ասողներին, ովքեր մեր թիմակիցներն են: Իսկ տապալումը կորոշի ժողովուրդը դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեով, որի իրավունքն ունեն միայն իրենք, որեւէ մեկը չի կարող ժողովրդի փոխարեն որոշում կայացնել:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս