Կարեն Ճշմարիտյանին թալանել են. ինչո՞ւ նախարարը հայտնվեց եվրոպացի գողերի ուշադրության կենտրոնում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը Եվրոպա կատարած վերջին այցելության ժամանակ բավականին տհաճ պատմության մեջ է ընկել: Պաշտոնական տվյալներով՝ նա անցած տարվա դեկտեմբերի 7-9 աշխատանքային այցով եղել է Լյուքսեմբուրգում, իսկ 9-ից 11-ին եղել է Բրյուսելում: Մեր տեղեկություններով՝ եվրոպական մի քաղաքից մյուսն ուղեւորվելիս նախարար Կարեն Ճշմարիտյանին թալանել են: Ըստ լուրերի՝ չարագործները ճանապարհին գողացել են նախարարի պայուսակը, որի մեջ են եղել նրա բոլոր փաստաթղթերը եւ դրամապանակը:

Իհարկե, Կարեն Ճշմարիտյանը, որպես «եվրոպաներում կռված» նախարար, տեղի ունեցածի արդյունքում ո՛չ կորել է եւ ո՛չ էլ փողոցում մնացել: Ենթադրվում է, որ նրան հաջողվել է հասնել Բրյուսելում գործող ՀՀ դեսպանատուն, որտեղից նրան արդեն օգնել են ճանապարհը շարունակել եւ, ի վերջո, վերադառնալ Հայաստան: Այս պատմության հետ կապված հարցերի պատասխանները մենք, թերեւս, այդպես էլ չենք ստանա, քանի որ միջադեպը պաշտոնապես հերքվում է: Մասնավորապես, հետաքրքիր է, թե ինչով է պայմանավորված եղել այն հանգամանքը, որ Ճշմարիտյանը հայտնվել է եվրոպացի գողերի ուշադրության կենտրոնում, արդյո՞ք դրան նպաստել են նախարարի թանկարժեք գնումները կամ հագուստը: Եվ, որ ամենահետաքրքիրն է, գողերին ինչպե՞ս է հաջողվել նախարարի իրերը «թռցնել», արդյո՞ք զոհը տեսել է հանցագործներին, փորձե՞լ է նրանց հետապնդել, թե՞ մի պահ «աչքը թեքել» է, եւ իրերը թռցրել են: Ամեն դեպքում, իսկապես աննախանձելի վիճակում է հայտնվել նա»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս