Պրոդյուսերը` Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնի հավակնորդ. ի՞նչը ստիպեց նրան քայլ անել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 9-ին տեղի կունենա Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենի թափուր տեղի համար մրցույթը: Տնօրենի պաշտոնի հավակնորդներից մեկն էլ թատրոնի գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանն է: «Ժողովուրդ»-ը նրանից հետաքրքրվեց` ինչպես ստացվեց, որ վերջինս որոշեց առաջադրել իր թեկնածությունը, եւ ինչու պրոդյուսերն այդ քայլին չէր դիմել ավելի վաղ` սեպտեմբերին հայտարարված մրցույթի ընթացքում:

«Նախ` արդեն շուրջ տասը տարի է` աշխատում եմ այս թատրոնում, կրթությունս էլ (արվեստի կառավարում) համապատասխանում է թատրոնի տնօրենից ակնկալվող պահանջներին: Միշտ մտածել եմ, որ կգա ժամանակ, երբ մշակութային օջախի կառավարման համար բարձրագույն մասնագիտական կրթությունը պարտադիր պայման կլինի: Իսկ ավելի վաղ հայտարարված մրցույթին թեկնածությունս չէի առաջադրել, որովհետեւ հավասար պայմաններ էին ստեղծված մասնագիտական կրթություն ունեցողների եւ չունեցողների միջեւ: Արդեն վերջին մրցույթի դեպքում, երբ մասնագիտական կրթությունը կարեւորվեց, այդ հանգամանքն ու թատրոնի փակուղային վիճակն ինձ ստիպեցին քայլ անել, հատկապես, որ իմ թիկունքին ունեի կոլկտիվի աջակցությունը»,-մեկնաբանեց Տ. Վիրաբյանը:

Մամուլում վերջերս տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ թեեւ թատրոնում ներքին տարաձայնություններ կան, աշխատակազմը հակված է տնօրենի պաշտոնում տեսնել Տիգրան Վիրաբյանին: Մենք նրան հարցրինք` տեղյակ է արդյոք այդ տարաձայնություններից եւ ինչպես է վերաբերվում դրանց. «Քանի որ մեր թատրոնն առողջ կոլեկտիվ ունի, բնական է, որ կլինեն որոշ մարդիկ, որոնք իմ առաջադրմանը կողմ չեն լինի, կլինեն նաեւ հակառակ կարծիք ունեցողներ: Ես միշտ վախենում եմ այն մարդկանցից, որոնք համատարած կերպով սիրված եւ ընդունված են: Մարդ չի կարող ընդունելի լինել 136 հոգու համար: Պարզապես պետք է հասկանալ, թե քո դեմ դժգոհողների շրջանում ինչ տոկոս են կազմում թատրոնի ստեղծման, կայացման հարցում մեծ վաստակ ունեցողները, այսպես ասած` քաշող ուժերը: Ինձ համար առավելապես կարեւոր է վերջիններիս կարծիքը»,-շեշտեց պրոդյուսերը:

Հարցին, թե արդյոք տեղեկություններ ունի տնօրենի թափուր պաշտոնում առաջադրված որեւէ այլ թեկնածուի մասին, Տ. Վիրաբյանը պատասխանեց. «Քանի որ մշակույթի նախարարությունը նոր մրցույթ չհայտարարեց, դա թույլ է տալիս կարծելու, որ թեկնածուները մեկից ավելին են: Ով էլ որ առաջադրվեր, կցանկանայի, որ արժանավոր մարդ լիներ, համոզված եմ` այդպես էլ կա: Թատրոնում թեկնածուների անուններ են շրջանառվում, սակայն ես չեմ ցանկանում խոսակցությունների մակարդակով տեղեկություններ հանրայնացնել»,-եզրափակեց պրոդյուսերը: Հիշեցնենք, որ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթը երկու անգամ չեղարկվել էր: Սեպտեմբերի 14-ին կայանալիք մրցույթում մասնակցության հայտ ներկայացրածներից մեկը հետ էր վերցրել փաստաթղթերը, իսկ մեկ թեկնածուի դեպքում մրցույթ նախատեսված չէ: Նոյեմբերի 18-ին հայտարարված մրցույթին էլ թեկնածուներ առհասարակ չէին առաջադրվել:

Աննա Բաբաջանյան




Լրահոս