Կցանկանայի ապրել ոչ հանրային կյանքով, ունենալ բազմանդամ ընտանիք, շատ երեխաներ. Լուիզա Ղամբարյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քչերը գիտեն, թե ինչ ճանապարհ են անցել այն հայտնիները, որոնք «դատապարտված են» «հանրային անձի» պիտակը կրելուն: Մեր կողմից ճանաչված մարդկանցից շատերը, եթե երկրորդ անգամ ընտրության հնարավորություն ունենային, վստահաբար, նույն գետը չէին մտնի:

Իսկ ինչպե՞ս եղավ, որ հազարավորներից հենց այդ մարդիկ դարձան «ընտրյալներ», որո՞նք են հայտնի լինելու առավելություններն ու թերությունները: Այս եւ այլ հարցերի պատասխանները գտնելու համար «Ժողովուրդ»-ը մեկնարկում է «Միլիոնից մեկը» շարքը: Մեր առաջին զրուցակիցը դերասանուհի Լուիզա Ղամբարյանն է:

Ո՛չ խուսափել է, ո՛չ ջանք գործադրել

Երբեք չեմ խուսափել հայտնի լինելուց, չեմ դժգոհել այդ հանգամանքից, բայց նաեւ հատուկ ջանքեր չեմ գործադրել` դրան հասնելու համար: Մինչ հայտնի դառնալը ես ունեի բավարար ինքնագիտակցում` հասկանալու համար, թե ուր եմ գնում: Ուրիշ բան, որ այսօր այնքա՜ն հեշտ է լինել հայտնի: Մնում է լինել նաեւ սիրված:

Իհարկե, բոլորը չեն կարող քեզ, քո աշխատանքը հավանության արժանացնել, բայց, կրկնում եմ, մի բան է` լինել հայտնի, մեկ այլ բան` սիրված: Հայտնի մարդուն սպառնացող վտանգներից մեկն էլ առնչվում է ունեցածը պահպանելուն: Որքան հեշտ կարող ես դառնալ հանրային անձ, նույնքան հեշտ էլ կարող ես կորցնել ձեռք բերածդ:

Հայտնիությունը հարաբերական է ու ժամանակավոր

Ես համարում եմ, որ արտիստական բախտս բերել է: Ճիշտ ժամանակին հայտնվել եմ ճիշտ տեղերում եւ որպես մասնագետ ձեւավորվել եմ մինչեւ հայտնի դառնալը: Այդ ժամանակվանից ես ծավալում էի թատերական գործունեություն, վարում էի տարբեր հաղորդումներ: Այսինքն` արդեն իսկ ունեի որոշակի ճանաչում:

Իհարկե, առավել լայն մասսաները սկսեցին ինձ ճանաչել, երբ նկարահանվեցի սերիալներում: Ցավոք, այսօր շատերն են սերիալի միջոցով ճանաչում ստանում: Սերիալներն իրենց հոսքի հետ բերում են մեծ թվով շնորհաշատ եւ ապաշնորհ մարդկանց: Հետո, իհարկե, ժամանակը մաղում է նրանց, եւ պարզվում է, որ հայտնիությունը հարաբերական է ու ժամանակավոր:

Երբ դադարում ես ապրել միայն քեզ համար

Հայտնի լինելու առավելությունը մարդկանց տված ջերմությունն ու սերն է, որը չի կարող չշոյել քեզ: Մենք էլ մարդ ենք, ու մեր կյանքում էլ էմոցիաները շատ մեծ տեղ ունեն: Ուրիշ հարց, թե որքանով ես գայթակղվում դրանով, եւ այդ ամենն ինչ հետեւանքներ է ունենում: Իսկ հանրային լինելու թերությունը, թերեւս, այն է, որ դադարում ես ապրել միայն քեզ համար:

Բայց այս դեպքում էլ եթե կարողանում ես ինքդ քեզ հետ անկեղծ լինել, այդ թերությունը կարող է դառնալ չարյաց փոքրագույնը: Կարծում եմ` պետք է ի սկզբանե լինել պարզ այն հասարակության առջեւ, որի համար աշխատում ես: Այսինքն` պետք է լինել այնպիսին, ինչպիսին կաս: Այլապես, եթե ինքդ քեզ համար կերպար հորինես, չես կարող անընդհատ այդ կերպարի մեջ մնալ: Իսկ եթե հայտնի անձը թե՛ իր հարցազրույցների ընթացքում, թե՛ աշխատանքային պրոցեսում ու հանրային վայրերում անմիջական է ու բնական, նրան իմ նշած երկակիությունը չի սպառնում:

«Գուցե ձայնս տաք տեղից է դուրս գալիս…»

Վերջերս շատ եմ մտածում այն մասին, որ իմ տեսակով հանրային անձ չեմ: Մեծ հաճույքով կապրեի ոչ հանրային կյանքով, կցանկանայի ունենալ բազմանդամ ընտանիք, շատ երեխաներ, սկեսուր, սկեսրայր, տալ, տագր, հատկապես հիմա, երբ արդեն համարյա 40 տարեկան եմ:

Գուցե ձայնս տաք տեղից է դուրս գալիս, չգիտեմ… (ծիծաղում է): Երբեք էլ աստղային հավաքույթներն ինձ հոգեհարազատ չեն եղել, նման տեղերից արդեն հրավերներ չեմ էլ ստանում (գիտեն, որ չեմ գնա), եթե ստանում էլ եմ, հազվադեպ եմ գնում: Դա իմ աշխարհը չէ: Շատ մարդ սիրում եմ տեսնել միայն թատրոնում: Այնուամենայնիվ, երկրորդ անգամ եւս կընտրեի դերասանուհու մասնագիտությունը, որի հետ իմ հարաբերությունը կարող եմ անվանել համատեղելի անհամատեղելիություն:

Օնլայն լինելու փոխարեն գրկել շանը

Չեմ սիրում հանդես գալ նաեւ օնլայն տիրույթում: Այդ է պատճառը, որ ոչ մի սոցցանցում գրանցված չեմ: Թեեւ գիտեմ, որ այսօրվա պահանջները այլ բան են թելադրում, բայց այսպես ինձ ավելի լավ եմ զգում: Դրա փոխարեն ես նախընտրում եմ հենվել իմ ճոճաթոռին, վայելել թեյս, գրկել շանս, իսկ քիչ հետո, գուցե, զայրանամ դստերս վրա, որ մաթեմատիկայի դասն ավարտին չի հասցրել…

Աննա Բաբաջանյան




Լրահոս