Armenian text to speach

Կարեն Թումանյանին պաշտոն կտան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանական և իրավական շրջանակներում ակտիվ քննարկումներ են ընթանում հնարավոր նշանակումների և բարձր մակարդակի կադրային վերադասավորումների շուրջ։

ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ քննարկվում է տարբերակը, ըստ որի Կարեն Թումանյանին փորձում են համոզել ստանձնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Թե ինչ փուլում են այդ բանակցությունները և արդյոք արդեն կա քաղաքական որոշում դեռ հայտնի չէ:

Այս տեղեկությունները այս պահին միայն շրջանառվող լուրեր են։

Իսկ ո՞վ է Կարեն Թումանյանը

Կարեն Թումանյանը հայ իրավաբան, փաստաբան, դասախոս և մարդու իրավունքների մասնագետ է, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամ։

Նա իրավաբանական կրթություն է ստացել Վանաձորի «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանում և Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանում։ 2005-2006 թվականներին ուսանել է Լեհաստանում գործող Մարդու իրավունքների միջազգային բարձրագույն դպրոցում՝ մասնագիտանալով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։

Մասնագիտական գործունեությունը սկսել է 2002 թվականից՝ համատեղելով դասախոսական և իրավաբանական աշխատանքը։ Դասավանդել է «Պետության և իրավունքի հիմունքներ» և «Մարդու իրավունքներ» առարկաները, աշխատել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում՝ որպես իրավաբանական բաժնի համակարգող և իրավախորհրդատու, ինչպես նաև համագործակցել է «Տեղեկատվության ազատության կենտրոն» ՀԿ-ի հետ՝ որպես տեղեկատվության ազատության իրավունքի փորձագետ։

2006 թվականից նա Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի անդամ է, իսկ 2007 թվականից ղեկավարում է «Populex» իրավաբանական գրասենյակը՝ զբաղվելով քաղաքացիական, վարչական և սահմանադրական իրավունքի ոլորտներում փաստաբանական գործունեությամբ։

Կարեն Թումանյանի գործունեության կարևոր ուղղություններից է եղել մարդու իրավունքների պաշտպանությունը։ Նա մասնակցել է մարդու իրավունքների, տեղեկատվության ազատության, ազգային փոքրամասնությունների իրավունքների, փախստականների պաշտպանության և դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ բազմաթիվ միջազգային ծրագրերի ու վերապատրաստումների, որոնք իրականացվել են Եվրոպայի խորհրդի, ՄԱԿ-ի, UNHCR-ի, Ամերիկյան իրավաբանների ասոցիացիայի (ABA CEELI) և այլ կազմակերպությունների աջակցությամբ։

2024 թվականին Ազգային ժողովի կողմից ընտրվել է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամ։ Այդ պաշտոնում ներգրավված է դատական իշխանության ինքնակառավարման, դատավորների կարգապահական վարույթների, դատական համակարգի արդյունավետության բարձրացման և դատաիրավական բարեփոխումների գործընթացներում։

Նրա գիտահետազոտական հետաքրքրությունների շրջանակում են սահմանադրական իրավունքը, մարդու իրավունքների պաշտպանությունը, վարչական արդարադատությունը, բնապահպանական իրավունքը և դատական իշխանության անկախության հիմնահարցերը։

Քնար Մանուկյան




Լրահոս