Սերժ Սարգսյանի հայտարարության հետևանքը. թաղային խուժանը, թիկնապահներն ու ոստիկանության աշխատողները մնում են արտոնյալի կարգավիճակում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 օգոստոսի 1-ին, երբ Սերժ Սարգսյանը հանդիպեց իշխող վերնախավի հետ, ի թիվս այլ հարցերի, խոսեց նաեւ Սարի թաղում ծեծված լրագրողների թեմայից: Նա, իհարկե, լրագրողներից ներողություն խնդրեց, ապա հորդորեց մոռանալ` ինչ եղել է Սարի թաղում: Հիմա, պարզվում է, Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում «լուրջ են ընդունել»:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների շուրջ ծավալված աղմկահարույց իրադարձությունների մասով հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործերով քննությունները ժամանակավորապես դադարեցվել են: ՀՔԾ քննիչները գործով տուժողներին պարզաբանում են, թե այլ կարեւոր գործեր են առաջ եկել, դեռ կանդրադառնան Սարի թաղի դեպքերին:

Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 17 «Սասնա ծռեր» խմբավորման անդամների կողմից ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելուց հետո՝ մասնավորապես հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը, ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախում էր եղել: Նախ ցուցարարներից ոմանք խմբի անդամներին սատարելու համար քարեր էին նետել ոստիկանների ուղղությամբ, ինչին ի պատասխան՝ ոստիկանները լուսաձայնային նռնակներ էին կիրառել` բռնի ուժով ցրելով հավաքը:

Այս գործողությունների հետեւանքով հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը մայրաքաղաքի տարբեր բուժկենտրոններ «գազային թունավորում» եւ «սալջարդ» ախտորոշումներով շուրջ 51 անձ էր տեղափոխվել, որոնց մեջ էին եղել ոստիկաններ ու քաղաքացիներ: Իսկ ահա շուրջ 136 անձ տեղափոխվել էր ոստիկանություն:

Այս բախումներով հուլիսյան աղմկահարույց դեպքերը չավարտվեցին, հուլիսի 29-ին Սարի թաղում կրքերը կրկին թեժացան, եւ այս անգամ իշխանությունները գործի դրեցին թաղային հեղինակություններին՝ հետապնդելով եւ կոտրելով լրագրողների տեսախցիկները: Բայց, ամեն դեպքում, լրագրողներին ու օպերատորներին հաջողվեց ֆիքսել կադրեր, թե ովքեր էին Սարի թաղում ահաբեկում ու թիրախավորված բռնություն կիրառում լրագրողների նկատմամբ:

Այս աղմկահարույց դեպքերով հարուցվեց քրեական գործ՝ լրագրողի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով եւ այլ եղանակներով լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: Իրավապահները սկզբնական շրջանում բավականին մեծ ակտիվությամբ գործի անցան, հարցաքննություններ եղան, այդ թվում եւ բարձրաստիճան պաշտոնյաների: Բայց հիմա քննության ընթացքը, ըստ էության, կասեցված է:

Հիշեցնենք, որ օգոստոսյան հայտնի հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում, խոսելով Սարի թաղի դեպքերի մասին, այն որակեց «իշխանությունների ամենաէական բացթողումը»: «Ձեր ներողամտությունը հայցելով՝ միայն լրագրողներին, բայց ոչ իրավապահներին, խնդրում եմ մոռանալ այդ դեպքերի մասին, քանի որ իրոք վստահ եմ, որ այլեւս նման բան չի կրկնվելու»,- վստահեցրեց Սարգսյանը:

Ըստ էության «հատուկ քննիչներն» այս հայտարարությունը այլ կերպ են ընկալել, եւ տեւական ժամանակ է, ինչ լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը դե ֆակտո չի քննվում: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ վերոնշյալ դեպքերով տուժող ճանաչված անձինք, երբ ՀՔԾ քննիչներից հետաքրքրվել են, թե ինչ փուլում է գտնվում իրենց գործը, քննիչները պատասխանել են, թե հիմա այդ գործը չեն քննում, քանի որ այլ կարեւոր գործեր են առաջ եկել: Թե երբ կսկսեն քննել լրագրողներին առնչվող քրեական գործը, դժվար է ասել: Քննիչներն իրավիճակը մեղմելու համար տուժողներին վստահեցրել են, թե ամենայն հավանականությամբ փետրվարի կեսերից կվերսկսեն ակտիվ քննությունը:

Այսպիսով՝ թաղային խուժանը եւ ոստիկանության համակարգի աշխատակիցներն ու թիկնապահները դեռ շարունակում են արտոնյալ կարգավիճակում շրջել, քանի որ նրանցով զբաղվելու ժամանակ «հատուկ քննիչները» չունեն:

Տաթեւ Հարությունյան




Լրահոս