ՖՈՏՈ. Փնտրվում է Բելառուսում Հայաստանի դեսպանը. որտե՞ղ է Արմեն Խաչատրյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Բելառուսը բլոգեր Ալեքսանդր Լապշինին արտահանձնեց Բաքվին միայն այն բանի համար, որ նա եղել էր Ղարաբաղում եւ դրական էր արտահայտվել Արցախի մասին: Եվ այս բուռն շրջանում, երբ մեր դիվանագիտական ներկայացուցիչներից ոմանք ինչ-որ անպտուղ աշխատանքներ են կատարում տարբեր երկրներում, չի լսվում Եվրոպայի ամենամեծ երկրներից մեկում՝ Բելառուսում, Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանի ձայնը:

Արտգործնախարարությունից, համենայն դեպս, տեղեկացնում են՝ դեսպանատունը չի փակվել, Արմեն Խաչատրյանն էլ վայր չի դրել դիվանագիտական մանդատը: Ուրեմն, փառք Աստծո, ամեն ինչ լավ է: Բայց… լավ է Ա. Խաչատրյանի համար, որը, հավանաբար, հիմա նստած է Մինսկի որեւէ սրճարանում, սուրճ կամ գարեջուր է վայելում կամ էլ մեկնել է Օդեսա:

Խորհրդային տարիներին կուսակցական եւ պետական շատ բարձրաստիճան պաշտոնյաների թոշակի անցնելուց հետո ուղարկում էին դիվանագիտական աշխատանքի: Ե՛ւ այդ մարդկանց համար էր լավ, ե՛ւ պետության: Մեկը մյուսին չէր խանգարում: Երբ ԱԺ նախագահի պարտականությունները կատարելուց հետո Ա. Խաչատրյանին դիվանագիտական աշխատանքի ուղարկեցին, Հայաստանում շատերը հանգիստ շունչ քաշեցին. պատահականորեն երկրի երկրորդ դեմքի պաշտոնում գտնված մարդն այստեղ որեւէ մեկին այլեւս չէր հիշեցնի իր գոյության մասին:

Իհարկե, նրան սկզբում Կիեւ ուղարկելով՝ երեւի բոլորից շատ տխրել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որովհետեւ նա բացահայտ հեգնանքով էր վերաբերվում Խաչատրյանին, նրա հասցեին սուր ու ծակող կատակներ անում: Երեւի Ռ. Քոչարյանը չէր հասկանում, որ իր առջեւ կանգնած էր «համաշխարհային հռչակի» մարդ, ում անունը գրանցված է «Նշանավոր մարդիկ» համաշխարհային հանրագիտարանում, նրան ԱՄՆ Կենսագրական ինստիտուտը շնորհել էր «Տարվա մարդ» տիտղոսը:

Այս «համաշխարհային հռչակի» մարդը, սկզբում աշխատելով Ուկրաինայում, գրեթե ոչինչ չարեց, որեւէ քայլ չկատարեց ՀՀ-ի եւ Ուկրաինայի միջեւ ջերմ կամ գործնական հարաբերությունների ձեւավորման համար: Իհարկե, Ուկրաինան չէր էլ կամենում ու հիմա էլ չի կամենում ՀՀ-ի հետ սերտ հարաբերություններ ունենալ, քանի որ պաշտոնական Կիեւի համար նախընտրելին Բաքուն է, սակայն կարող էր, չէ՞, մեր դեսպանը գոնե ինչ-որ քայլեր անել, մանավանդ որ Ուկրաինայում մի քանի դար հայ համայնք է ապրում…

Սակայն Ա. Խաչատրյանին պետք չէր իր գլուխը հոգսերի տակ դնել: Կիեւում գտնվելու ընթացքում նրա հայացքն ավելի շատ Երեւանին էր ուղղված, քանի որ նա այստեղ համարվում էր «Հրաչյա Աճառյան» համալսարանի սեփականատերերից մեկը: Եղբայրը, համոզելով հորը՝ հանգուցյալ Ավագ Խաչատրյանին, կարողացել էր ավելացնել իր մասնաբաժինը, ու Արմեն Խաչատրյանին էլ շատ քիչ մաս էր մնում: Գրեթե «Քաոս»-ի Ալիմյան եղբայրների վիճակում հայտնվելով՝ Ա. Խաչատրյանն օրնիբուն մտահոգված էր համալսարանի մասնաբաժնով, իսկ նույն շրջանում Ուկրաինան մեծաքանակ զենք էր վաճառում Ադրբեջանին, ՎՈՒԱՄ-ի շրջանակներում հակահայաստանյան քայլեր անում… Ա. Խաչատրյանի եւ եղբոր վեճն ավարտվեց նրանով, որ համալսարանը լուծարվեց, մոտ երկու տարի դասախոսները զրկվեցին աշխատավարձից եւ  հայտնվեցին սոցիալական ծանր վիճակում:

Սերժ Սարգսյանը Ա. Խաչատրյանին Կիեւից տեղափոխեց Մինսկ: Երեւի Ս. Սարգսյանը կարծում էր, որ բանասիրական գիտությունների թեկնածու, մի շարք միջազգային ակադեմիաների ակադեմիկոս Ա. Խաչատրյանը կարող էր նստել Մինսկում ու… դոկտոր դառնալ: Բայց դա էլ չարեց Խաչատրյանը, որովհետեւ չէր կարող… Ատենախոսությունը, որի համար մի կերպ Ա. Խաչատրյանին բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան շնորհվեց, կոչվում էր «Տիեզերաց ճշմարտությունը Պարույր Սեւակի ստեղծագործություններում»:

Տիեզերաց ճշմարտություն եւ Արմեն Խաչատրյան… Զավեշտի նման է հնչում, բայց դե այդ ժամանակ մարդն ԱԺ նախագահ էր, ո՞ր գիտական խորհուրդը կմերժեր նրան: Փոխարենը, ինչպես վկայում է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը, Ա. Խաչատրյանը Մինսկում տոլմա է պատրաստում, ցուցադրում իր պատրաստածը եւ հարցազրույցներ տալիս տոլմայի մասին… Դիվանագիտական իր գործունեության ընթացքում Ա. Խաչատրյանը կարողացավ Երեւանում բարելավել իր բնակարանային պայմանները, Մոսկվայում բնակարան գնել, մի բնակարան էլ Մինսկում ունի: Էլ չենք ասում մի քանի այլ տարածքների մասին, որոնցից եկամուտներ է ստանում: Իսկ թե Ա. Խաչատրյանի դիվանագիտական գործունեությունից Հայաստանն ինչ «եկամուտ» է ստանում, միայն Աստված գիտի…

Փաստն այն է, որ այս պահին Ադրբեջանը հասավ իր նպատակին՝ Բելառուսը բլոգեր Ալեքսանդր Լապշինին արտահանձնեց Բաքվին:




Լրահոս