ՄԱՆԱԽԸ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 31-ին «Ելք» դաշինքի անդամների եւ Հոկտեմբերի 27-ի գործով ազատազրկման դատապարտված Արթուր Այվազյանի` Մանախի միջեւ տեղի ունեցած միջադեպը նոր երանգներ է ստանում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արթուրի պաշտպան Հայկ Ալումյանը հայտնեց, որ նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Հիշեցնենք, որ վերոնշյալ օրը՝ ժամը 23:15-ին, «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը ահազանգել էր ոստիկանություն եւ հայտնել, որ իրենց վստահված անձանց վրա զինված հարձակում է տեղի ունեցել: Ապրիլի 1-ին՝ ժամը 1-ին, «Ելք» դաշինքի անդամ Հայկ Սարգսյանը իրավապահներին հայտնել է, որ ժամը 22:50-ին անհայտ անձը հարվածել է իրեն՝ պատճառելով վնասվածքներ, ինչպես նաեւ հանել է ատրճանակը եւ ուղղել իր վրա, սակայն այն վնասազերծվել է «Ելքի» անդամներից մեկի՝ Գառնիկի կողմից: Ավելի ուշ իրավապահները ձերբակալեցին Արթուր Այվազյանին: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով /խուլիգանություն/ հարուցվել է քրեական գործ:
Հիշեցնենք, որ Արթուր Այվազյանը` Մանախը, 15 տարվա ազատազրկման է դատպարտված եղել Հոկտեմբերի 27-ի գործով կարեւորագույն վկայի սպանությունը պատվիրելու եւ իրագործելու համար եւ վերջերս էր ազատ արձակվել բանտից:
Մանախը միջադեպի մասին
Ապրիլի 1-ին Արթուր Այվազյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտնել էր, որ իրականությունը բոլորովին այլ է. «Իրական տուժողը նշված դեպքից Արթուր Այվազյանն է, իսկ զենքը, որը ցուցադրվում է այժմ համացանցում, իրենը չի: Նկատի ունենալով, որ վաղն ընտրություններ են, ես հիմա չեմ ուզում սրանից ավելի մանրամասներ ներկայացնել» :
Խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին, եւ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Արթուր Այվազյանի պաշտպան Հայկ Ալումյանի հետ:
-Պարո՛ն Ալումյան, ի՞նչ է տեղի ունեցել իրականում:
-Այն, ինչ Ձեզ ներկայացնում եմ, Արթուր Այվազյանի դիրքորոշումն է: Քարոզչության ժամանակ եռագույնը ընկել է գետնին, եւ «Ելք»-ի անդամներից որեւէ մեկը ուշադրություն չի դարձրել: Այդ ժամանակ Արթուր Այվազյանը մոտակայքում նստած է եղել, մոտեցել է, վերցրել եռագույնը, խրել է հողի մեջ, որ եռագույնը գետնին ընկած չմնա: Այդ հարցի շուրջ «Ելք»-ի անդամների եւ Արթուր Այվազյանի միջեւ վեճ է սկսվել: Այվազյանը բացատրել է եւ ասել է, որ այդ տոնով իր հետ չխոսեն… Արթուր Այվազյանը նախ առաջարկել է, որ զանգեն Սասուն Միքայելյանին, որին վաղուց ճանաչում է: Զանգահարել են Սասուն Միքայելյանին, սակայն զանգին պատասխան չի եղել: Ասել է՝ Նիկոլ Փաշինյանն էլ է ինձ ճանաչում, իրեն էլ զանգահարեք՝ այս կերպ փորձելով հանդարտեցնել այդ տղաներին: Նրանք զանգահարել են Նիկոլ Փաշինյանին, թե ինչ են խոսել, Արթուր Այվազյանին հայտնի չէ, սակայն արդյունքում ավելի ագրեսիվ մոտեցել են ու կռիվ են սկսել: Տղաներից մեկը գնացել, մտել է մեքենայի մեջ, եւ Արթուրը տեսել է, որ նա զենքի նման մի բան է վերցնում: Արթուրի ասելով՝ իր ճակատի վնասվածքը, ամենայն հավանականությամբ, ատրճանակի կոթով խփածի հետեւանք է:
-Այսինքն՝ զենքը մեքենայից հանել է «Ելք» դաշինքի անդա՞մը:
-Արթուրի ասելով՝ այո: Այդ ժամանակ Արթուրը եկել է, որ մեքենայի դուռը բացի, թույլ չտա, որ նա զենքով դուրս գա մեքենայից, բայց այդ տղան մեքենան արագ քշել է, եւ Արթուրի մատները մնացել են մեքենայի բռնիչի մեջ, նա չի կարողացել ազատվել եւ մի քանի մետր մեքենան իրեն ասֆալտով քարշ է տվել, մի կերպ կարողացել է ազատվել, այդ տղաները թողել, հեռացել են: Կրկնում եմ՝ այն, ինչ ներկայացրեցի, սա Արթուր Այվազյանի դիրքորոշումն է: Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը բոլորս լսել ենք: Բայց հիմա հարց է առաջանում՝ եթե ամեն ինչ եղել է այնպես, ինչպես որ նկարագրում են, բա ո՞ւր են այդ վիդեոները, ամեն ինչ նկարում են իրենք:
-Իսկ Դուք վստա՞հ եք, որ նկարել են:
-Երկու տարբերակ ունեմ. կա՛մ նկարել են, հիմա ցույց չեն տալիս, կա՛մ էլ չեն նկարել: Իսկ թե ինչո՞ւ չեն նկարել, ամեն ինչ միանգամից նկարում են… Ահագին մարդկանցով են իրենք եղել, երկու մեքենայով:
-Բայց մեզ հայտնի դարձավ, որ Արթուր Այվազյանը Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի հետ խնդիրներ ունի, եւ միգուցե միջադեպը կապված է այս հանգամանքի հետ:
-Ամեն մի երեւակայություն իր սահմանը պետք է ունենա… Փնտրե՛ք նրան, ում սա ձեռնտու էր:
-Տեղեկություններ կան, որ Արթուր Այվազյանի հետ այդ օրը այլ անձինք են եղել:
-Այդպիսի նկարագրություն ես որեւէ տեղ չեմ տեսել:
Տեղեկացանք, որ ՀՀ քննչական կոմիտեն Արթուր Այվազյանի կալանավորման հարցով միջնորդություն է ներկայացրել դատարան, Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության եւ զենքի գործադրման համար:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում հարուցվել է 6 քրեական գործ, որոնցից 3-ը` Երեւանում, 3-ը` մարզերում:
Եվ այսպես՝ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 16/03 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ:
Պարզվել է, որ Արմավիր քաղաքի բնակիչ Ա. Կաղզվանցյանը ԱԺ ընտրություններին մասնակցելու համար 2017 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 08:15-ին, գնացել է Արմավիր քաղաքում գտնվող թիվ 16/3 ընտրատեղամաս, սահմանված կարգով ստացել քվեաթերթիկները եւ կատարել իր քվեարկությունը: Ժամեր անց ընտրողը կրկին գնացել է նույն ընտրատեղամաս եւ փորձել կրկին մասնակցել քվեարկությանը, սակայն նշված հանգամանքը հայտնաբերվել է ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից: Արդյունքում Ա. Կաղզվանցյանը ձերբակալվել է:
Իսկ ահա ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 34/67 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ: Այս անգամ 34/67 ընտրատեղամասի ընտրող Ա. Կարախանյանը մասնակցել է ԱԺ ընտրություններին: Սակայն որոշ ժամանակ անց` ժամը 19:53-ին, կրկին գնացել է ընտրատեղամաս` երկրորդ անգամ քվեարկելու համար, ինչը բացահայտվել է մատնահետք ստուգող սարքի միջոցով:
Նկատենք, որ եթե մյուս դեպքերում քաղաքացիներն են մեկից ավելի փորձ ցանկացել կատարել, ապա Վայոց ձորի 36/25 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Մ. Մկրտչյանի կողմից կրկնաքվեարկության փորձը տարակուսելի է: Ինչեւէ. տեղեկացանք, որ վերոնշյալ բոլոր գործերով ՀՀ քննչական կոմիտեի մարզային վարչություններում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-րդ հոդվածի (հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը, որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով) եւ 153-րդ հոդվածի (կեղծ տվյալներ հայտնելու, կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ որեւէ այլ եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը պատժվում է ազատազրկմամբ երկուսից հինգ տարի ժամկետով` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որեւէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաեւ ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ լինելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա), հատկանիշներով:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 
ՈՎՔԵՐ ՀՐԱԺԵՇՏ ՏՎԵՑԻՆ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՄԱՆԴԱՏԻՆ

Ապրիլի 27-ին կկայանա ԱԺ 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքում ձեւավորվելիք խորհրդարանի առաջին նիստը: Ովքե՞ր դուրս մնացին խորհրդարանից. ներկայացնում ենք նախկին պատգամավորների ցանկը համալրածների ցուցակը:

ՀՀԿ խմբակցություն
Ալեքսանյան Լեռնիկ Ռաֆիկի
Աղաբաբյան Աշոտ Սերյոժայի
Աճեմյան Կարինե Խաչիկի
Այվազյան Վարդան Սուրենի
Ավետիսյան Սուքիաս Հեգելի
Բադալյան Վոլոդյա Արամայիսի
Բեքարյան Կարեն Մանուկի
Գրիգորյան Հայկ Հովհաննեսի
Գրիգորյան Հրանտ Մերուժանի
Դավթյան Արտակ Լյուդվիկի
Զոհրաբյան Ռազմիկ Արտավազդի
Թորոսյան Շիրակ Արտեմի
Կարախանյան Վազգեն Ղուկասի
Կարապետյան Արմեն Սերյոժայի
Կարապետյան Նաիրա Արտաշեսի
Հակոբյան Հակոբ Գառնիկի
Հարությունյան Համլետ Միքայելի
Հովսեփյան Ռուբեն Գառնիկի
Մարաբյան Մարինե Գեւորգի
Մարկոսյան Վրեժ Վարանցովի
Մարտիրոսյան Լեւոն Յուրիկի
Մելիքյան Սպարտակ Սեյրանի
Մինասյան Մկրտիչ Հակոբի
Մխիթարյան Արմեն Աշոտի
Մկրտչյան Վահրամ Պատվականի
Մնացականյան Մնացական Անդրանիկի
Մովսիսյան Առաքել Աբրահամի
Մուրադյան Մուրադ Սահակի
Նուշիկյան Գարեգին Գագիկի
Պետրոսյան Ալեքսան Մակարի
Պողոսյան Կարինե Համլետի
Սադոյան Ռուբեն Ալֆրեդի
Սահակյան Հովհաննես Միշայի
Սարիբեկյան Կարեն Բաղիշի
Սեդրակյան Մհեր Դավիթի
Սոֆոյան Հովհաննես Սերյոժայի
Ստեփանյան Արթուր Արսենի
Վարդապետյան Տաճատ Մարտունի
Ֆարմանյան Սամվել Ժորայի
«Բարգավաճ Հայաստան»
խմբակցություն
Ախոյան Արագած Անդրուշի
Առաքելյան Բազմասեր Մանաֆասի
Ավետիսյան Արմեն Նիկոլայի
Արամյան Արա Հայկի
Արսենյան Գուրգեն Բաբկենի
Բաբայան Վահան Շոթայի
Գասպարյան Ռուստամ Ռաֆիկի
Գեւորգյան Ռուբեն Պետիկի
Գուլոյան Մուրադ Արամի
Դավթյան Հրանտ Դավիթի
Խաչատրյան Լյովա Յուզիկի
Խաչատրյան Հայկ Ռոբերտի
Կարապետյան Կարո Երեմի
Հովհաննիսյան Վահե Լավրենտիի
Մախսուդյան Վահագն Վահրամի
Մանուկյան Աբրահամ Հակոբի
Մարգարյան Ստեփան Գրիգորի
Մխիթարյան Արշակ Գարմենի
Ներսիսյան Տիգրան Ռոբերտի
Վարդանյան Էլինար Սուրիկի
Օսկանյան Վարդան Մինասի
«Հայ ազգային կոնգրես»
խմբակցություն
Զուրաբյան Լեւոն Արամի
Մանուկյան Արամ Վիգենի
Բագրատյան Հրանտ Արարատի
Դեմիրճյան Ստեփան Կարենի
Ջհանգիրյան Գագիկ Վրեժի
Սարգսյան Լյուդմիլա Նարիմի
«Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն
Բաբայան Արմեն Կառլուշի
Մանուկյան Միքայել Վաղինակի
Շախմուրադյան Կարեն Ռաֆաելի
«Օրինաց երկիր»
խմբակցություն
Բիշարյան Հեղինե Վաչեի
Շահգելդյան Մհեր Լեւոնի
Դոխոլյան Լեւոն Մարտունի
Խաչատրյան Իշխան Միշայի
Մարգարյան Հովհաննես Հայկի
«Ժառանգություն» խմբակցություն
Պողոսյան Թեւան Ժիրայրի
Արզումանյան Ալեքսանդր Ռոբերտի
Հակոբյան Ռուբիկ Կարապետի
Խմբակցություններում չընդգրկված պատգամավորներ
Մարգարյան Գրիգորի Սերյոժայի
Պետոյան Մուշեղ Թուրինջի
Փոստանջյան Զարուհի Համազասպի
Քոչարյան Դավիթ Ժորայի
Քոքոբելյան Խաչատուր Գրիշայի




Լրահոս