Ո՞ւր է կորել Էլլա Տարունցը, ի՞նչն է նրան տարել օտար ափեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Էլլա Տարունցը տեւական ժամանակ է՝ ասպարեզում չի երեւում: Երկրպագուները սկսել են անհանգստանալ եւ հետաքրքրվում են՝ ուր է կորել նա, ինչով է զբաղված: «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց երգչուհու հետ եւ պարզեց, որ նա այժմ Ֆրանսիայում է եւ դեռ մի քանի ամիս էլ կմնա այնտեղ. «Մոտ ժամանակներում Հայաստանում չեմ լինի, որոշակի ժամանակահատված կապրեմ Եվրոպայում, այստեղ մնալու համար ունեմ ե՛ւ գործնական, ե՛ւ անձնական պատճառներ: Ամեն դեպքում, այժմ ինձ մոտ ստեղծագործական բուռն շրջան է»,-պատմեց Էլլան՝ հավելելով, որ գործերից է կախված՝ երբ կվերադառնա Հայաստան:

Նա շեշտեց, որ հաճախ է բացակայում հայրենիքից, բայց կրկին վերադառնում է. այս «անհետացումն» էլ ժամանակավոր բնույթ է կրում: Ամեն դեպքում, երգչուհին օտար ափերում միայնակ չէ, այլ, ինչպես ինքը տեղեկացրեց, հարազատների շրջապատում:
Մեր այն հարցին, թե ստեղծագործական ինչ նորություններ են սպասվում, երգչուհին պատասխանեց, որ ունի մի շարք նոր երգեր. «Հուսամ՝ մոտ ժամանակներում կներկայացնեմ դրանցից գոնե մեկը՝ տեսահոլովակի տեսքով»,-ասաց նա:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ Էլլան Ֆրանսիայում նոր գործեր կթողարկի՞, թե՞ ոչ. «Իմ բոլոր երգերը հիմնականում թողարկում եմ Երեւանում, իսկ արտերկրում զբաղվում եմ զուտ ստեղծագործելով, նաեւ հանդես եմ գալիս համերգներով»,-պատասխանեց երգչուհին: Նա նաեւ վստահեցրեց, որ առաջիկայում համերգով հանդես կգա նաեւ հայաստանցի հանդիսատեսի համար. «Շատ եմ կարոտել ինձ՝ հանդիսատեսի հետ կենդանի շփումը պահող երգչուհու դերում: Աստված տա՝ գա այն օրը, երբ կկարողանամ ապրել իսկական Էլլայի կյանքով»:

Երգչուհին նշեց, որ պահում է հայ համայնքի հետ կապը, սակայն, հիմնականում, անհատների միջոցով: Ի դեպ, նա նաեւ պատմեց, որ իր բնավորության համաձայն՝ տեղում չի նստել եւ ժամանակը օգատգործելով՝ նաեւ հաճելի ճամփորդություններ է ունեցել: Անդրադառնալով անձնական կյանքին՝ հետաքրքրվեցինք՝ գուցե Էլլան օտար ափերում գտել է նաեւ իր կյանքի կեսին. «Ես ամբողջական եմ եւ կեսեր չունեմ»,-կես կատակ-կես լուրջ եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս