ԱՎԾ-ն նոր տվյալներ է հրապարակել. ինչ ցուցանիշներ են արձանագրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՎԾ-ն հրապարակել է այս տարվա հունվար-ապրիլ ամիսների սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ վիճակագրական տվյալները՝ միայն աճ ու առաջընթաց արձանագրելով:

ԱՎԾ տվյալներով՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-ապրիլ ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 5.7 տոկոս: Իսկ ահա ապրիլի նկատմամբ ՏԱՑ-ը կազմել է 3.4 տոկոս:

Նկատենք, որ արդյունաբերական ծավալի արտադրանքը հունվար-ապրիլին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 12.9 տոկոսով աճել է: Փոխարենը գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալներն են նվազել` 2.9 տոկոսով: Իսկ շինարարության ծավալների նվազման միտումը շարունակվում է. այս դեպքում նվազումը կազմում է 13.4 տոկոս: ՀՀ-ում առեւտրի շրջանառության ծավալներն են ավելացել` 12.1 տոկոսով, իսկ գնաճը կազմել է 0.1 տոկոս:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ արտաքին առեւտրաշրջանառությունը նույնպես այս տարվա չորս ամիսներին աճել է 15.1 տոկոսով, որից արտահանման աճը կազմել է 16.1 տոկոս, իսկ ներմուծմանը 14.6 տոկոս: Հատկապես այս վերջին ցուցանիշը տոկոսային առումով կարող է տպավորություն ստեղծել, թե արտահանման ծավալների աճը գերազանցել է ներկրմանը, բայց բացարձակ թվերով պատկերն այլ է. այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին արտահանվել է 608,4 մլն եւ ներկրվել 1 մլրդ 80,6 մլն դոլարի ապրանք:

Այլ կերպ ասած՝ ներմուծումը, միեւնույն է, թվային արտահայտությամբ շարունակում է գերազանցել արտահանմանը, եւ արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռն այս տարի կազմել է 472,2 մլն դոլար՝ 43.5 մլն դոլարով ավելին, քան նախորդ տարի էր:




Լրահոս