Հեղինակությունների սպանության փորձի հետքերով. Հայաստանում քրեական աշխարհը փոթորկվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի սպանության նախապատրաստության գործով կալանավորվեց 4-րդ անձը: Ու մինչ իրավապահները շարունակում են այս գործով քննությունը, գուցե փնտրում սպանության նախապատրաստության պատվիրատուներին, գործով կալանավորված անձանց բնակության վայրում իրավապահները խիստ հսկողություն են սահմանել:

Ավելին՝ ուժեղացված հսկողություն է Վանաձոր-Երեւան ավտոճանապարհին, քանի որ գործով կալանավորված անձանցից մի քանիսը Վանաձոր քաղաքի բնակիչներ են:
Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ մայիսի 30-ին Տավուշի մարզում հայտնաբերվել էր Դոն Պիպոյի սպանության նախապատրաստության գործով հետախուզման մեջ գտնվող անձը:

Ադյունքում, ազգությամբ հայ, 1989թ. ծնված տղամարդուն ՀԿԳ ավագ քննիչը մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից պատվերով սպանության նախապատրաստմանն օժանդակելու համար եւ միջնորդություն ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ: Նշենք նաեւ, որ օժանդակության մեջ մեղադրվողը 2007 թվականից գտնվել է հետախուզման մեջ՝ զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով:

Իսկ մինչ այդ գործով 3 հոգու մեղադրանք է առաջադրվել: «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ կալանավորված անձանց խոշոր գումար է տրամադրվել, որպեսզի սպանեին երկու քրեական հեղինակություններին: Տեղեկություններ կան, որ գործը գլուխ բերելու համար Էջմիածնում վարձով բնակվող եռյակ խմբի անդամները միմյանց հետ հաղորդակցվել են այլ երկրի բջջային օպերատորների հեռախոսաքարտերով: Սա նշանակում է, որ սպանության նախապատրաստման գործընթացին գուցե մասնակցություն ունեն արտերկրում ապրող անձինք:

Ու մինչ իրավապահները քննություն են տանում՝ պարզելու, թե ով կամ ովքեր են սպանության նախապատրաստման պատվիրատուն, Հայաստանում քրեական աշխարհը փոթորկվել է: Քրեական օղակներն էլ իրենց աղբյուրներով ու կապերով են փորձում հասկանալ, թե ում էր ձեռնտու Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի եւ Արամ Վարդանյանի՝ Վստրեչի Ապերի սպանությունը:

Եւ հնարավոր վենդետան կանխելու համար հայրենի իրավապահ համակարգը դեռ շարունակում է խիստ հսկողություն իրականացնել գործով կալանավորված անձանց բնակության վայրերում: Իսկ թե ինչով կավարտվի այս ամենը, ցույց կտան զարգացումները:

Քնար Մանուկյան




Լրահոս