ՍՈՆԱ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԸ՝ ԷՔՍՏՐԵՄԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը երգչուհի Սոնա Շահգելդյանի հետ զրուցել է «արտակարգ իրավիճակում» տեսահոլովակ նկարահանելու, վաստակավոր արտիստի կոչում ակնկալելու, ընտանեկան կյանքն ու շոուբիզնեսյան գործունեությունը համատեղելու մասին։

-Սոնա՛, վերջերս հանդիսատեսի դատին ներկայացրիք նոր երգ, որը կոչվում է «Իմ հավերժություն»։ Գիտենք, որ երգի անվանումը հենց Դուք եք ընտրել, կպատմե՞ք դրա ծնունդի մասին։
-Այո՛, մեղեդային այդ ստեղծագործությունը հավանել եմ լսելուն պես, ընդ որում, առանց գործիքավորման։ Այն միանգամից դիպավ սրտիս, եւ որոշեցինք տեսահոլովակ նկարահանել։ Երգի երաժշտության հեղինակը Արսեն Բարսամյանն է, խոսքերինը՝ Գայանե Ավետիսյանը։ Տեսահոլովակը նկարահանել է Ռուբեն Գրիգորյանը։ Բայց պետք է նշեմ, որ սա միակ գործը չէ, որի վրա վերջին շրջանում աշխատել եմ։ Հասցրել եմ նկարահանել նաեւ մեկ այլ տեսահոլովակ, որի պրեմիերան կլինի ամռանը։ Երգի հեղինակը Արթուր Նիկողոսյանն է՝ Կոնսը։ Այն միանգամից առանձնանում է իր ոճով։ Ամեն անգամ, երբ Արթուրը, ով բնակվում է Հոլանդիայում, այցելում է Հայաստան, մեր համագործակցությունից մի հետաքրքիր երգ ծնվում է։ Բացի այդ՝ հասցրել եմ կյանքի կոչել եւս մեկ տեսահոլովակ՝ Հայաստանին նվիրված երգի հիման վրա։ Այն նկարահանվել է Զվարթնոցի տաճարում եւ Ամբերդի ամրոցում։ Ունեմ նաեւ անգլերեն պարային երգեր, որոնք մշակման փուլում են։ Առհասարակ, չեմ սիրում միանման ստեղծագործություններով ներկայանալ, ուստի ամեն անգամ համագործակցում եմ տարբեր երգահանների հետ։
-Որքանով տեղյակ ենք՝ Ամբերդի ամրոցում տեղի ունեցած նկարահանումների ժամանակ հայտնվել եք «էքստրեմալ» պայմաններում։ Կպատմե՞ք այդ մասին։
-Այո՛, իսկապես շատ դժվարություններ եմ ստիպված եղել հաղթահարել։ Նախ ասեմ, որ բավական բարդ էր հաղթահարել ամրոցի բարձունքը՝ քարքարոտ, զարտուղի ճանապարհ ենք անցել։ Երբ արդեն նկարահանվում էի, հողը ոտքիս տակից փախչում էր, բայց, միեւնույն է, մինչեւ վերջ այդ դիրքով մնացի ու նկարվեցի։ Առհասարակ, իմ մասնակցությամբ ինչ տեսահոլովակ էլ նկարահանվում է, գործընթացը մշտապես անցնում է «արտակարգ» իրավիճակներում (ծիծաղում է)։ Այդ մասին կփաստեն բոլոր նրանք, ում հետ համագործակցելու առիթ է եղել։
-Իսկ երկրպագուները Ձեզանից մենահամերգ սպասե՞ն։
-Այո՛, շատ հնարավոր է՝ աշնանը նման առիթ ստեղծվի։ Իսկ մինչ այդ մտադիր եմ թողարկել իմ՝ թվով երկրորդ տեսահոլովակը։ Մտադիր եմ նաեւ դուետով հանդես գալ արտասահմանցի արտիստներից որեւէ մեկի հետ։ Նման առաջարկներ կան, այնպես որ՝ ժամանակը ցույց կտա, թե դրանցից որը կընդունեմ։
-Վերջերս Ձեր կոլեգաներից Ռազմիկ Ամյանն արժանացավ ՀՀ վաստակավոր արտիստի կոչման։ Դուք նման կոչումների ակնկալիքներ չունե՞ք։
-Ճիշտն ասած՝ այդ կոչումներն ինձ համար այդքան էլ կարեւոր չեն, նման իրադարձությունների չեմ էլ հետեւում։ Ամեն դեպքում, շնորհավորում եմ Ռազմիկին, նա տաղանդավոր տղա է։ Ինչ վերաբերում է ինձ, ապա, միանշանակ, հաճելի կլինի, եթե մի օր ինձ էլ պարգեւատրեն։ Տարիներ առաջ ես առաջին տեղը զբաղեցրի «Նոր ալիք» մրցույթում, եւ եթե պետք է երբեւէ կոչման արժանանայի, դա ամենահարմար ժամանակն էր. այդ հաղթանակից հետո պետք է ակնկալիքներ ունենայի։ Ամեն դեպքում, ես իմ գործն եմ կատարում եւ հատուկ քայլեր չեմ անում, որպեսզի արժանանամ ուշադրության։ Ժողովուրդն է, որ պետք է դատի՝ ով է արժանի կոչման եւ ով՝ ոչ։ Չէի ուզենա, որ այդ կոչումների ինստիտուտը մի օր արժեզրկվեր։ Չէ՞ որ շատ մեծ հայեր են համարվել վաստակավոր կամ ժողովրդական արտիստներ։
-Սոնա՛, մի քիչ էլ անձնականից խոսենք։ Ձեր որդուն խնամելուն զուգընթաց՝ հասցնո՞ւմ եք կարիերայով զբաղվել։
-Փոքրիկիս խնամելն օրեցօր ավելի դժվար է դառնում, բայց դա, այնուամենայնիվ, հաճելի զբաղվածություն է։ Առհասարակ, կողմ չեմ դայակի օգնությանը դիմելուն։ Հասցնում եմ ե՛ւ երեխայիս խնամել, ե՛ւ շոու-բիզնեսում լինել, ե՛ւ պարբերաբար մեկնել արտերկիր… Երբ ինչ-որ բան սիրով ես անում, հաջողությունն անխուսափելի է։

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

 

ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՉԵՆ ԼՍԵԼ ԱՄԱԼՅԱՆԻ ԽՆԴՐԱՆՔԸ

Երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը իր հեղինակած երգերից մեկի հիման վրա տեսահոլովակ նկահանելու ցանկություն ունի, սակայն դրա համար ֆինանսական բավարար միջոցներ չունի։ «Երգը կոչվում է «Ես հասկացա», տեսահոլովակ նկարահանելու համար գումար հայթհայթելու նպատակով դիմել եմ տարբեր պաշտոնյաների, «խնդրել-աղաչել եմ», բան չեն արել, կամ էլ ասել են. «Անպայման կօգնենք, Դավիթ ջան», բայց արդյունք չի գրանցվել։ Բոլոր հարուստները աղքատացել են։ Հովանավոր չի գտնվում»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց երգահանը։

«Գուցե տարբեր կուսակցությունների նախընտրական քարոզարշավների ժամանակ չեք երգում, այդ պատճառո՞վ են Ձեզ մերժում»,-հարցրինք մենք, ինչին ի պատասխան` երգահանը նկատեց.«Խորհրդարանական ընտրությունների ժամանակ նախընտրական քարոզարշավներին չմասնակցեցի, որովհետեւ հրավերներ չունեցա։ Ընդհանրապես, նորմալ եմ համարում նման միջոցառումների ընթացքում երգելը։ Չէ՞ որ իմ ժանրի երգչի համար դա գումար վաստակելու բացառիկ հնարավորություն է։ Մենք չենք կարող հարսանիքների, ծնունդ-կնունքների ժամանակ փող աշխատել։ Փոխարենը չեմ ընդունում, երբ երգիչները հագնում են կուսակցական շապիկներն ու քարոզչություն են անում»։
Մենք նկատեցինք, որ Դավիթ Ամալյանը մշտապես հանդես է գալիս պետական մակարդակավով կազմակերպվող համերգներին, մասնավորապես՝ Հայոց բանակին, Անկախության օրվան նվիրված միջոցառումներին. «Բայց դրանց իննսուն տոկոսը կազմակերպվում է բարեգործական հիմունքներով, այնպես որ՝ մեզ հազվադեպ են վճարում»,-մեկնաբանեց Դավիթը։
Նա պատմեց, որ բացի նշյալ ստեղծագործությունը` վերջին շրջանում ինքը մի քանի այլ նոր երգերի է ծնունդ տվել եւ մտադիր է դրանք առաջիկայում ներկայացնել հանդիսատեսի դատին։ Ստեղծագործությունները հիմնականում խոհափիլիսոփայական բնույթի են, առնչվում են մարդու ներանձնային խնդիրներին։
Դավիթ Ամալյանը խոստացավ նաեւ առաջիկայում համերգային թարմ ծրագրով ներկայանալ երկրպագուներին։

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 
ԿՄԵԿՆԱՐԿԻ «ՄԵԿ ԿԱԴՐԸ»
«Մեկ կադր» 15-րդ կարճ ֆիլմերի միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 2-8-ը, Երեւանում: Փառատոնին ներկայացվել է 364 ֆիլմ, որից ընտրվել է 80-ը: Ֆիլմերն անվճար կցուցադրվեն «Մոսկվա» կինոթատրոնում:
«Հայտեր ենք ստացել 26 երկրներից` ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Մակեդոնիայից, Չինաստանից, Բելգիայից, Բրազիլիայից եւ այլն։ Մրցանակները եռաչափ քանդակի տեսքով ժայռապատկերներ են: 100.000 դրամ պարգեւ ենք շնորհում հայկական լավագույն մեկրոպեանոց ֆիլմին, 200.000 դրամ` հայկական լավագույն կարճամետրաժ ֆիլմին»,-մայիսի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Մեկ կադր» փառատոնի հիմնադիր Գագիկ Ղազարէն:
Փառատոնում կա երեք անվանակարգ` «Մեկ կադր՝ մեկ րոպե», «Կարճամետրաժ ֆիլմ», «Կինո առանց սահմանների»:
Նշենք, որ «Մեկ կադրը» անցկացվում է 2003 թվականից եւ տարեցտարի ընդլայնում է իր աշխարհագրությունը:

 

 

«ԾՈՎԱՀԵՆՆԵՐԸ»՝ 1-ԻՆ ՏԵՂՈՒՄ
Հոլիվուդյան հանրահայտ «Կարիբյան ծովի ծովահենները» կինոպատումի նոր մասը գլխավորել է համաշխարհային կինովարձույթը՝ կինոթատրոններում հայտնվելու առաջին 3 օրվա ընթացքում հավաքելով 62.2 մլն դոլար: Այս մասին տեղեկացնում է Al Arabiya-ն։ Նշենք, որ «Կարիբյան ծովի ծովահենները. մեռյալները հեքիաթներ չեն պատմում» ֆիլմում նկարահանվել են Ջոնի Դեփը, Խավիեր Բարդեմն ու Օռլանդո Բլումը։ Հավելենք, որ «Մալիբուի փրկարարները» ֆիլմը հանգստյան օրերին հավաքել է 18.1 մլն դոլար, «Գալակտիկայի պահապանները-2»-ը՝ 19.1 մլն դոլար:

 

 

ԱՐՋԸ ՑԱՏԿԵԼ Է
Ուկրաինայի Բելայա Ցերկով քաղաքում սառույցի վրա բալետային ներկայացման ժամանակ կրկեսի արջը ցատկել է հանդիսատեսի վրա եւ քաոս առաջացրել։ The Daily Mail-ը գրում է, որ դրանից հետո հանդիսատեսը կտրուկ փախուստի է դիմել: Նշվում է, որ ներկաներից ոմանք նույնիսկ վնասվածքներ են ստացել. տուժածները հիմնականում երեխաներ են: Կրկեսի ղեկավարությունը տուժած հանդիսատեսին փոխհատուցել է տոմսերի եւ վնասված իրերի արժեքը:




Լրահոս