ՊԱՇՏՊԱՆԸ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան ԱրմաՆ Թաթոյանը չի կարող գնահատական տալ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գործողություններին, թե, ի վերջո, ինչու նա հեռացրեց համասեռամոլության նկատմամբ հանդուրժողականության կոչ անող սոցիալական գովազդների վահանակները:

Երեկ ԱԺ-ում կայացավ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ, որտեղ քննարկվում էր «ՔԿՀ-ներում ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովության վերաբերյալ» ՀՀ ՄԻՊ-ի արտահերթ հրապարակային զեկույցը: ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով ազատությունից զրկված անձանց առողջության պահպանմանը, հայտնեց. «Մարդիկ չունեն տարրական դեղորայք: Ե՛վ «Հրազդան» ՔԿՀ-ում, ե՛ւ մի քանի ՔԿՀ-ներում մենք հանդիպել ենք կազուս դեպքերի. բժիշկն ինքը լաբորատոր պայմաններում պատրաստում է դեղորայք՝ իրար հետ խառնում դեղաբույսեր, նաեւ ձեր զեկույցում արձանագրված է՝ բժիշկը տնայնագործական պայմաններում դեղորայք է պատրաստում, ցավազրկող եւ այլն»:
Արտահերթ նիստից հետո «Ժողովուրդ» օրաթերթը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ զրուցեց մի շարք խնդիրների մասին:
-Պարո՛ն Թաթոյան, մեկ ամսից լրանում է 2016 թվականին հուլիսյան դեպքերի ժամանակ լրագրողների ծեծի գործով քննության մեկ տարին, ի՞նչ են քննում ՀՔԾ-ում մեկ տարի, երբ ամեն ինչ բոլորին պարզ է: Ի՞նչ եք անելու, մեկ տարին է լրանում, բայց իրավապահ համակարգը չի կարողանում պատասխանատվության կանչել մեղավորներին:
-Գիտեք, մեր հատուկ զեկույցում էլ կա նշված հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ, այդ փաստը քննադատվում է, որ ինչու մինչեւ հիմա չկան դատապարտված անձինք այդ առումով: Ընդ որում, լրագրողների հետ կապված հատկապես բռնությունների կանխարգելման իմաստը այն է, որ պետք է խիստ պատիժներ կիրառվեն նաեւ դրանք կատարողների նկատմամբ, որպեսզի դա ունենա կանխարգելիչ նշանակություն: Ինչպես նշել էի իմ արտահերթ զեկույցում, լրագրողների նկատմամբ բռնությունը նաեւ հետապնդել է նրանց պատժելու նպատակ, որովհետեւ մեր տվյալներով՝ այդ բռնությունները շարունակվել են նաեւ այն ժամանակ, երբ լրագրողը դադարեցրած է եղել իր լրագրողական աշխատանքը:
-Այն, ինչ Դուք ասում եք, վաղուց հայտնի է բոլորին: Ըստ Ձեզ՝ իրավապահ համակարգը համարձակություն չունի՞, թե՞ քաղաքական հրահանգ կա, որ չի կարողանում պատժել մեղավորներին:
-Այստեղ, գիտեք, որն է խնդիրը՝ քննությունը պետք է պարզի, թե ովքեր էին քաղաքացիական հագուստով անձինք:
-Օրինակ` Դուք փորձե՞լ եք իրավապահ համակարգից պարզել, թե ովքեր են նրանք:
-Իհարկե:
-Եվ ի՞նչ պատասխան եք ստացել:
-Տեսեք, քննությունը այնպիսին է, որ Մարդու իրավունքների պաշտպանը չի կարող միջամտել նախաքննության գաղտնիությանը, լավ: Բայց մենք անընդհատ հետեւողական ենք: Այո՛, կարող եմ ասել, որ մտահոգիչ է, եւ մեզ այդ հարցը հետաքրքրում է, քրեական գործի նախաքննության ավարտի հարցը, ինչպես եւ Ձեզ:
-Ինչպես հայտնի է՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը փակվեց եւ փակվելու պատճառներից մեկը ֆինանսական սղությունն էր, եւ դեռ ավելին՝ պատճառաբանվել էր, որ ՄԻՊ գրասենյակ կա: Եթե ֆինանսական սղությունն էր պատճառըն ապա ի՞նչ միջոցներով եք Դուք ՄԻՊ գրասենյակի տարածքը ավելացնում մեկ հարկով, որ կարողանաք աշխատակազմին տեղավորել: Այսինքն՝ աշխատակազմը այնքան եք ընդլայնել, որ տարածք եք ավելացնում:
-Աշխատակազմը ընդլայնվել է, բայց առաջիկա այդ աշխատանքների մասին Ձեր տեղեկությունները… նման պրեցես չի ընթանում:
-Այսինքն՝ գրասենյակը չե՞ք ընդլայնում եւս մեկ հարկ ավելացնելով:
-Մեզ մոտ նման պրոցես չի ընթանում, կարող եք գալ եւ դիտարկել: Ինչ վերաբերում է աշխատակազմին, ՄԻՊ աշխատակազմը պետք է ուժեղ լինի եւ անկախ որեւէ հանգամանքից՝ ՄԻՊ աշխատակազմը պետք է համալրված լինի համապատասխան հաստիքներով:
-Օրերս մայրաքաղաքում հայտնվեցին համասեռամոլության նկատմամբ հանդուրժողականության կոչ անող սոցիալական գովազդների վահանակներ, որոնք, սակայն, կարճ ժամանակ անց քաղաքապետարանի որոշմամբ հեռացվեցին: Թեեւ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարզաբանեց, որ պաստառները հանվել են, քանի որ ապօրինի էին: Դուք ողջունո՞ւմ եք Տարոն Մարգարյանի այս քայլը:
-Մեզ որեւէ հարցով որեւէ մեկը չի դիմել, եւ այդ առումով քաղաքապետի գործողությունների վերաբերյալ գնահատական չեմ կարող տալ:
-Հիմա կոնկրետ կարո՞ղ եք ասել՝ դատապարտո՞ւմ եք երկնագույնների քարոզչության խափանումը, թե՞ դատապարտում եք նրանց իրավունքների քարոզչությունը: Այսինքն՝ դա լա՞վ էր, թե՞ վատ:
-Այդպիսի գնահատական նույնպես չեմ կարող տալ, քանի որ մեզ մոտ որեւէ քննարկում, ընթացակարգ չի եղել:
-Ի վերջո, համասեռամոլների, համասեռամոլության նկատմամբ հանդուրժողականության կոչ անող սոցիալական գովազդների վահանակներ էին հայտնվել, Դուք, որպես մարդու իրավունքների պաշտպան, չե՞ք հետաքրքրվել՝ ո՞վ էր այն տեղադրել, ինչո՞ւ:
-Ո՛չ, չեմ հետաքրքրվել:
-Ինչո՞ւ, Դուք դե՞մ եք դրան, թե՞ կողմ:
-Որովհետեւ մեզ մոտ այդ հարցով որեւէ ընթացակարգ չի ընթացել:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

ՔԿՀ-ՆԵՐԻ ՊԵՏԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ
«Ժողովուրդ»-ը հունիսի 12-ի համարում գրել էր, որ ՀՀ արդարադատության նախարարի փոփոխությունից հետո փոփոխություններ են սպասվում նաեւ ՔԿՀ-ներում. Դավիթ Հարությունյանը մտադիր է ազատվել հատկապես ՔԿՀ՝ կոռումպացված, վատ աշխատող պետերից: Երեկ Հարությունյանն անդրադարձել է այս թեմային` ասելով. «Եթե որեւէ մեկը թերանա, անկախ նրանից՝ նա քրեակատարողական հիմնարկում է, թե նախարարության աշխատակազմում, բնականաբար, կարող են քայլեր ձեռնարկվել, բայց կադրերից ազատվելու որեւէ ծրագիր չի եղել»: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ Դավիթ Հարությունյանի նշանակումից հետո ԱՆ ՔԿՀ վարչության պետ Արթուր Օսիկյանից պահանջել են խիստ աշխատանք՝ ՔԿՀ ոլորտը կարգավորելու համար: Արդյունքում, ՔԿՀ պետերի շրջանում սկսվել է որս, թե ով կմնա կամ ով կգնա, կամ ում որտեղ պետք է տեղափոխեն:
Մեզ հասած տեղեկություններով՝ դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանին պատրաստվում են տեղափոխել «Աբովյան» ՔԿՀ, իսկ ահա «Աբովյան» ՔԿՀ-ի պետին՝ Մանուկ Միքայելյանին, նշանակել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ: Չի բացառվում, որ Արսեն Աֆրիկյանի տեղափոխումը կապված լինի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում արձանագրված աղմկահարույց դեպքերի հետ, երբ պետի տեղակալը դատապարտյալներին մարմնավաճառներով էր ապահովել: «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Սերոբ Հարությունյանը եւս, չի բացառվում, որ կլքի ՔԿՀ պետի պաշտոնը: Ըստ մեզ հասած լուրերի` նա կնշանակվի քրեակատարողական վարչության պետի տեղակալ: Ամենայն հավանականությամբ, Սերոբ Հարությունյանին ՔԿՀ-ի պետի պաշտոնից հանելը կապված է նրա անվան շուրջ պտտվող լուրերով, թե նա գողական աշխարհի հետ է շփվում: Ի դեպ, տեղեկացանք, որ փոփոխությունների այս ֆոնին մի շարք ՔԿՀ-ների պետերի շրջանում ներքին պայքար է սկսվել, որոնք ամեն ինչ անում են, որ իրենց ցանկալի ՔԿՀ-ում պետի պաշտոնում նշանակվեն:
Եւս մեկ ուշագրավ փաստ. երեկ հայտնի դարձավ, որ քրեական գործ է հարուցվել «Նուբարաշեն» ՔԿՀ աշխատակցի եւ նույն հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների ու կալանավորված անձանց մասնակցությամբ կաշառք ստանալու, կաշառք տալու եւ կաշառքի միջնորդության բազմաթիվ դրվագների առթիվ: Ըստ այդմ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակից Կարեն Սարգսյանը կաշառքի դիմաց դատապարտյալներին մատակարարել է արգելված իրեր, այդ թվում բջջային հեռախոսներ, ոգելից խմիչք եւ թմրամիջոցներ: Դատապարտյալ Արմենակ Դավթյանի միջնորդությամբ դատապարտյալներ Գեւորգ Բադալյանին, Էրիկ Ավագյանին, կալանավորներ Ռադիկ Ավետիսյանին եւ Մհեր Մանուկյանին մատակարարվել են արգելված իրեր: Ու հիմա ՔԿՀ աշխատակիցը հայտնվել է ճաղերի հետեւում:
Ի դեպ, «Ժողովուրդ»-ը բազմիցս գրել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գործող խարդախների հանցավոր խմբավորման պարագլուխ Սպարտակ Դանիելյանի մասին, երբ նա հեռախոսով հարյուրավոր մարդկանցից խաբեությամբ տարբեր իրեր էր հափշտակել: Ու չնայած բազմաթիվ դրվագներով քրեական գործերին՝ Ս.Դանելյանին հեռախոս մատակարարող ՔԿՀ աշխատակիցներից որեւէ մեկն այդպես էլ չի պատժվել. անգամ քրեական գործ չի հարուցվել այդ կապակցությամբ:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ԴԺՈԽՔԸ ՍԿՍՎԵՑ
Զարուհի Փոստանջյանի ղեկավարած «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայտարարություն է տարածել` տեղեկացնելով, որ Տարոն Մարգարյանի դեմ դատական գործընթաց է նախաձեռնում: Ըստ այդ հայտարարության. «2017 թվականի հունիսի 12-ին Երեւանում հորդառատ անձրեւի պատճառով խափանվել էր մայրաքաղաքի ճանապարհային երթեւեկությունը: …Երեւանի քաղաքապետարանում եւ 12 վարչական շրջաններում միաժամանակ գործում են` կոմունալ տնտեսության, ճարտարապետության եւ քաղաքաշինության, շինարարության եւ բարեկարգման, քաղաքաշինության եւ հողի վերահսկողության, վերահսկողության եւ բնապահպանության վարչություններ: Այս վարչական մարմինների գործունեությունը ղեկավարում է Տարոն Մարգարյանը: Տարոն Մարգարյանի կողմից թույլ տրված ապօրինությունների` տարիներ շարունակ անգործության, հանրային գումարների յուրացման եւ այլ անօրինականությունների հետեւանքով արձանագրվել է Երեւանում ջրահեռացման համակարգերի բացակայություն: Երեւանի քաղաքապետը եւ քաղաքապետի թվով չորս տեղակալները՝ իրենց լիազորությունների ու պարտականությունների շրջանակում ունենալով համապատասխան վարչակազմ եւ միջոցներ, չեն ապահովել հորդառատ անձրեւից առաջացող ջրային հոսքի անխափան հեռացումը, ինչը 2017 թվականի հունիսի 12-ին Երեւանում հանգեցրել է ջրհեղեղի, որից տուժել են բազմաթիվ քաղաքացիներ»: Հաշվի առնելով այդ ամենը՝ ԵԾ-ն որոշել է դիմել դատարան:

 

 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Ծովինար Սողոմոնյանը նշանակվել է կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ կետի առաջին պարբերությամբ եւ 15-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով՝ Ծովինար Սողոմոնյանին նշանակել ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ»,-ասված է որոշման մեջ:

 

 

59-ՐԴ ՏԵՂՈՒՄ
Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է «Ինովացիաների գլոբալ ինդեքս-2017»-ը, որտեղ Հայաստանը 127 երկրների շարքում զբաղեցրել է 59-րդ հորիզոնականը: Ինդեքսում Հայաստանը ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրների խմբում ամենաարդյունավետ 20 երկրների շարքում է: Հայաստանի հարեւաններից Վրաստանը զբաղեցրել է 68-րդ հորիզոնականը, Իրանը՝ 75-րդ, Ադրբեջանը՝ 82-րդ եւ Թուրքիան՝ 43-րդ:

 

 

ԿՆՊԱՍՏԻ՞
Լեւոն Ալթունյանը, անդրադառնալով ծխախոտի դեմ պայքարին ուղղված միջոցառումներին, նշել է, որ ունեն եւս երկու ամիս ժամկետ՝ քննարկումներ անցկացնելու համար, որից հետո ձեռնամուխ կլինեն ծրագիրը մշակելուն: Ինչ վերաբերում է նրան, թե արդյո՞ք ծխախոտի գնի թանկացումը կնպաստի նրան, որ ծխողների թիվը կքչանա, նախարարը նշել է, որ ամբողջ աշխարհում դա ամենաազդեցիկ գործիքն է:




Լրահոս