Թալանի դասական օրինակ. ինչ է կատարվում Կենդանաբանական այգում

ՀՀ-ում գործող միակ պետական` Երեւանի կենդանաբանական այգում արդեն մի քանի ամիս է, ինչ շինարարական աշխատանքներ են իրականացվում: Ինչի պատճառով այցելուների համար այգու մի հատվածը դեռ փակ է: Եւ չնայած սրան` այգու ղեկավարությունը շարունակում է այցելուներից գանձել մուտքի վճարներ: Իսկ ինչ գումարների մասին է խոսքը։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց Երեւանի կենդանաբանական այգու՝ 2014, 2015 եւ 2016 թվականների ֆինանսական մուտքերն ու դրանց օգտագործման մանրամասները։ Անցած տավա ընթացքում այգու ֆինանսական միջոցների մուտքերը կազմել են 448 մլն 600 հազար դրամ, որից միայն 273 մլն դրամը պետական բյուջեից է հատկացվել: Իսկ 145 մլն 500 հազար դրամը բնակչությանը մատուցված վճարովի ծառայություններից է: Այսինքն՝ այգու մուտքի վճարներից գոյացած գումարը կազմել է 145 մլն 500 հազար դրամ: Ըստ պաշտոնական վիճակագրության` կենդանաբանական այգուն 2016 թվականին նվիրել են 3.7 մլն դրամ: Այգին ունեցել է նաեւ այլ մուտքեր, որոնք էլ կազմել են 26.4 մլն դրամ: Ստացվում է, որ կենդանաբանական այգին անցած տարի ունեցել է ավելի քան 930 հազար դոլար։

Իսկ ինչպես է ծախսել այդ գումարը այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։ Ունեցած 448 մլն 600 հազար դրամից այգու տնօրինությունը անցած տարվա ընթացքում ծախսել է 448 մլն 300 հազար դրամը, որից միայն 83 մլն 700 հազար դրամը կազմել են նյութական ծախսերը, իսկ ոչ նյութական ծառայությունների վճարումները կազմել են 88 մլն 200 հազար դրամ: Ի դեպ, նաեւ գործուղումների վրա են ծախսվել գումարներ՝ 3.8 մլն դրամ: Թե կոնկրետ ով եւ որտեղ է գործուղվել, նշված չէ մեր ձեռքի տակ առկա փաստաթղթերում։ Միայն աշխատավարձն ու դրան հավասարեցված վճարումները կազմել են 154 մլն դրամ: Այգու հիմնանորոգման, սարքավորումների եւ գույքի ձեռքբերման համար ծախսվել է 12.1 մլն դրամ: Պաշտոնական վիճակագրությամբ այգու «այլ» ծախսերը կազմել են 106.5 մլն դրամ: Թե կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը 106.5 մլն դրամը ինչի վրա է ծախսել կամ ինչեր է ձեռք բերել դրանով, փաստաթղթում նշված չէ: Իր կատարած ծախսերի մասին այգու ղեկավարությունը երբեւէ չի բարեհաճել մանրամասն տեղեկացնել հանրությանը: Այդ մասին նույնիսկ տող անգամ չկա այգու պաշտոնական կայքէջում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կենդանաբանական այգին անցած տարի ավելի քիչ գումար է ունեցել, քան 2015 թվականին: Այցելուներից ստացված վճարներն էլ 2015 թվականի համեմատ զգալի նվազել են: Եթե անցած տարի այգու մուտքի վճարներից գոյացած գումարը կազմել է 145 մլն 500 հազար դրամ, ապա 2015 թվականին այն 217 մլն 400 հազար դրամ է եղել: Այսինքն՝ 71.9 մլն դրամով նվազել են մուտքի վճարները: Նկատենք, որ այգու ղեկավարությունը ծախսում է այնքան գումար, որքան իրեն հատկացվում է ընթացիկ տարվա համար: Օրինակ՝ 2015 թվականին այգու ֆինանսական մուտքը կազմել է 586 մլն 900 հազար դրամ, իսկ ծախսվել է 586 մլն 400 հազար դրամը:

2015 թվականին այգու գործուղման ծախսերը կազմել են 7.5 մլն դրամ: Եւ կրկին ոչ մի տեղեկություն, թե այս գումարով այգու աշխատակիցները, այդ թվում եւ տնօրենը, ուր են գործուղվել, ինչ նպատակով, արդյո՞ք նրանց ավիատոմսերը բիզնես կարգով են գնվել, կամ այդ գործուղումներից այգու վիճակը բարելավվե՞լ է, թե՞ ոչ: Միայն հայտնի է, որ 2015 թվականին 158 մլն դրամ հատկացվել է որպես աշխատավարձ: Նշենք, որ 2014 թվականին այգու ֆինանսական ծախսերը գերազանցել են մուտքերը. այսպես՝ եթե մուտքերը կազմել են 390 մլն 300 հազար դրամ, ապա ծախսերը եղել են 392 մլն 800 հազար դրամ: Կասկածելի է նաեւ, որ 2014 թվականին գործուղումների համար ծախսվել է 9.8 մլն դրամ: Աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների համար ծախսվել է 135 մլն 700 հազար դրամ: Ուշագրավ է, որ այգուն տրված նվիրատվությունները 2016-ին, 2015-2014 թթ. համեմատ, զգալի նվազել են. 2014 թվականին որպես նվիրատվություն այգուն տրվել է 11.2 մլն դրամ, իսկ 2015 թվականին այն կազմել է 30 մլն 600 հազար դրամ։ Իսկ ահա անցած տարի նվիրատվությունները կազմել են 3.7 մլն դրամ:

Նկատենք, որ Երեւանի կենդանաբանական այգու պաշտոնական կայքէջում կա տեղեկագիր բաժին, որտեղ վերջին նորությունը 2014 թվականի հունիս, հուլիս եւ օգոստոս ամիսների վերաբերյալ է: Իսկ տեսանյութերի բաժնում վերջին նորությունը տեղադրվել է 2015 թվականի փետրվարի 16-ին: Լուրերի բաժնում վերջին նորությունը տեղադրվել է այս տարվա մայիսի 31-ին, ըստ որի` այգին հունիսի 1-ին հրավիրում է մասնակցել երեխաների իրավունքների պաշտպանության միջոցառմանը: Բայց միայն միջոցառմանը, քանի որ այգում իրականացվող շինարարական աշխատանքների պատճառով մի հատվածը այցելուների համար ժամանակավորապես փակ է եղել: Ու չնայած սրան` միեւնույն է` կենդանաբանական այգու մուտքը վճարովի է` մինչեւ 16 տարեկանների համար մուտքավճարը 200 դրամ է, իսկ մեծահասակաների համար` 600: Այսինքն՝ քաղաքացիները, որոնց տված հարկերի շնորհիվ պահպանվում է այգին, այցելում են այգի, բայց չեն կարող կենդանիներին տեսնել: Ստացվում է, որ այգու մուտքի վճարները անիմաստ են գանձվում քաղաքացիներից: Ահա թալանի դասական օրինակ: Նշենք, որ տեւական ժամանակ է, ինչ այգում իրականացվում են շինարարական աշխատանքներ, իսկ այս ընթացքում որտեղ են պահվում կենդանիները, ոչ ոք տեղյակ չէ: Երկու ամսից ամառը կավարտվի, բայց այդպես էլ ոչ միայն քաղաքացիները, այլեւ զբոսաշրջիկները հնարավորություն գուցե չունենան տեսնելու մեր այգու բոլոր կենդանիներին: Հանրությունը միայն պարբերաբար հաղորդագրություններից տեղեկանում է, թե ինչպես է այս կամ այն կենդանին անկել, հարձակման ենթարկվել եւ այլն։ Լավ է, որ գոնե իմանում ենք, թե ինչ կենդանիներ ենք ունեցել մեր միակ, սիրելի «գազանանոցում»։

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ