Բարձրացիր և բարձրացրու. պաշտոնապես մեկնարկեցին համաՀՄԸՄական մարզախաղերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Հանրապետության հրապարակում պաշտոնապես մեկնարկեցին համաՀՄԸՄական հոբելյանական 10- րդ մարզախաղերը: Խաղերի կրակը վառվեց Ծիծեռնակաբերդից բերված կրակով: Մարզիկների անունից երդման տեքստն ընթերցեց ՀՄԸՄ ՀԱՍԿ-ի ընդհանուր խմբապետ Անդրանիկ Սարգսյանը: Խաղերի ջահը Ծիծեռնակաբերդից հրապարակ են հասցրել աշխարհի 19 երկրների 21 տարբեր շրջաններից ժամանած մարզիկները, իսկ կրակը վառեց աշխարհի և Եվրոպայի չեմպիոն ծանրորդ Նազիկ Ավդալյանը:

Խաղերի մեկնարկին ուղերձ էր հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, ինչպես նաև Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը: Մասնակից մարզիկներին ողջույն հղեցին և հաջող խաղեր մաղթեցին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՅԴ բյուրոյի ներկայացոցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՄԸՄ Կենտրոնական հանձնախմբի ատենապետ Մանվել Մարսելյանը, Կազմկոմիտեի անդամ, ՀՄԸՄ ՀԱՍԿ ատենապետ Դավիթ Հակոբյանը:

ՀՄԸՄ 10-րդ մարզախաղերին ամենամեծ մասնակցությունն ունի ԱՄՆ արևմտյան թևի թիմը: Մասնակիցների տարիքը սկսվում է 14 տարեկանից և ավարտվում 35-ով: Մարզիկները կմրցեն 9 մարզաձևում` ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտզալ, թենիս, ատլետիկա, սեղանի թենիս, լող, շախմատ:

Հ.Մ.Ը.Մ. խաղերի մասնակիցները այցելել են նաև Ծիծեռնակաբերդ: Մարզախաղերը կեզրափակվեն հուլիսի 29-ին:




Լրահոս