Մոսկվան բարձր է գնահատում Երևանի հետ հարաբերությունների առանձնահատուկ բնույթը. Պեսկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը որոշում չի կայացրել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու վերաբերյալ. պաշտոնական խողովակներով Ռուսաստանին այդ մասին չի հաղորդվել` հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նշենք, որ Պեսկովն այդ մասին ասել է նախքան ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը, համաձայն որի՝ «ՀՀ-ն «Զվարթնոցից» ՌԴ սահմանապահների հանելու դիրքորոշման մասին տեղյակ պահել է ՌԴ-ին պաշտոնական նամակով»:

Ավելի վաղ, Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր, որ ռուս սահմանապահները պետք է լքեն Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը՝ հավելելով, որ հայկական կողմն ինքը կպաշտպանի երկրի սահմանները։ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան նույնպես նշել էր, որ Մոսկվան Երևանից որևէ հարցում չի ստացել օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ։

«Գիտելիք. Առաջինը» մարաթոնի ժամանակ Դմիտրի Պեսկովն ասել է նաև, որ Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում: «Եվ նրանք ռուսաստանցիներ են, իրենց այստեղ լավ են զգում, մենք նրանց սիրում ենք, նրանք էլ մեզ են սիրում: Մենք դարեր շարունակ այսպես ենք ապրել և դարեր շարունակ այսպես ենք ապրելու: Այդ պատճառով մենք նույնքան բարձր ենք գնահատում Հայաստանի հետ մեր հարաբերությունների առանձնաշնորհյալ բարձր բնույթը», – ասել է Պեսկովը: Նա նաև ընդգծել է, թե հայ ժողովուրդը շահում է Ռուսաստանի հետ համագործակցությունից և Եվրասիական տնտեսական համայնքին Հայաստանի անդամակցությունից, քանի որ աճում են ապրանքաշրջանառությունը, նպաստները, տրանսպորտային ծառայությունները և ֆինանսական հատվածը։

«Մենք դեմ ենք, որ ինչ-որ մեկին ինչ-որ բան թելադրեն, մենք միասին գումար վաստակելու, միասին ավելի երջանիկ ու հարուստ դառնալու կողմնակից ենք: Մենք վստահ ենք, որ մեր հայ ընկերները նույնպես դա հասկանում են»,- ասել է Պեսկովը: Նա նաև համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում դժվարությունները կհարթվեն, և վստահեցրել է, որ Մոսկվան ունի համագործակցություն կառուցելու քաղաքական կամք, բարձր է գնահատում Երևանի հետ հարաբերությունների առանձնաշնորհյալ բնույթը։




Լրահոս