ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վրաստանում ծովի օդը շնչելն ավելի էժան է, քան Ծաղկաձորի սարի օդը. որքան արժե հանգիստը Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում հյուրանոցային ծառայությունների սակագները բարձրացել են, ինչը պայմանավորված է ամառային սեզոնով: Այս մասին փաստում է նաեւ պաշտոնական վիճակագրությունը:

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, մատուցված ծառայությունների ոլորտում այս տարվա հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սակագների 0.2 տոկոս հավելաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է տրանսպորտի ծառայությունների սակագների 1.1 տոկոսով, որը կապված է օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների սակագների 7.3 տոկոս հավելաճի հետ: Սրան զուգահեռ ազգային վիճակագրական ծառայությունն այս տարվա հունիսին մայիսի համեմատ արձանագրել է հյուրանոցային ծառայությունների` 4 տոկոս հավելաճ:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ռեստորանների եւ հյուրանոցների ծառայությունների գները այս տարվա հունիսին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2.9 տոկոսով են բարձրացել:

Այն, որ Հայաստանում հանգիստը բավականին թանկ է, սա ամենեւին գաղտնիք չէ: Ինչի պատճառով մեր հայրենակիցների գերակշիռ մասը նախընտրում է իր ամառային հանգիստն անցկացնել հարեւան Վրաստանում, քանի որ այնտեղ հյուրանոցներն ու հանգստյան տները անհամեմատ մատչելի են: Նույն որակի հյուրանոցները Հայաստանում ավելի թանկ են, քան Վրաստանում: Բայց մեր հայրենակիցները Վրաստանում հիմնականում նախընտրում են ոչ թե հյուրանոցում հանգստանալ, այլ վարձով բնակարաններում:

Օրինակ, Ծաղկաձորի հյուրաանոցներից մեկը` «Ռոսիա»-ն, հուլիսի մեկից մինչեւ սեպտեմբերի 15-ը մեկտեղանոց համարը առաջարկում է 35000 դրամով, բայց այն սեպտեմբերի 16-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում 5000 դրամով էժանանում է: Իսկ ահա նույն հյուրանոցի երկտեղանոց համարը հուլիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 15-ը առաջարկվում է 60 հազար դրամով, որը սակայն սեպտեմբերի 16-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը 10 հազար դրամով էժանանում է:
Նույն հյուրանոցային համալիրը հուլիսի 7-ից մինչեւ սեպտեմբերի 15-ը ընտանեկան սուիտը առաջարկում է 80 հազար դրամով, որը նույնպես սեպտեմբերի 16-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը 10 հազար դրամով էժանանում է: Դելյուքս համարը հյուրանոցը նշված ժամանակահատվածում առաջարկում է 100 հազար դրամով, լյուքսը`120 հազար դրամով, նախագահականը`140 հազար դրամով:

Իսկ ահա Դիլիջանի «Բեսթ վեսթերն Փարադայս Հոթել Դիլիջան» հյուրանոցային համալիրը զբոսաշրջիկներին մեկտեղանոց համարը հուլիսի 1-ից մինչեւ դեկտեմբերի 30-ը առաջարկում է 37 հազար 500 դրամով, երկտեղանոցը`47 հազար դրամով, բիզնես երկտեղանոցը`52 հազար դրամով, Ջունիոր սուիթը` 81 հազար դրամով, ընտանեկանը`108 հազար դրամով, իսկ սենիոր սուիթը`142 հազար դրամով:

Մինչդեռ դեպի Քոբուլեթի 7-օրյա հանգիստը` ներառյալ ճանապարհածախս, բարձրակարգ հյուրանոցային համարներ, 3-անգամյա սնունդ զբոսաշրջիկներին առաջարկվում է 57 հազար դրամով: Բնականաբար զբոսաշրջիկները նախընտրում են ավելի էժան տարբերակը, քան թանկը: Բացի այս, Վրաստանում կա ծով, որին եւ ձգտում են հայերը: Սակայն ստացվում է, որ այնտեղ ծովի օդը շնչելն ավելի էժան է, քան Դիլիջանում կամ Ծաղկաձորում` սարի օդն ու անտառները:

Հուսանք այս խնդրով առաջիկայում կզբաղվի զբոսաշրջության պետական կոմիտեն, որը այս տարի ստեղծվեց`տնտեսական զարգացում ապահովելու նպատակով:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ ԵՆոքյան




Լրահոս