Ինչո՞ւ է իշխանությունը շահարկում էլէներգիայի սակագնի հարցը. էժանագին PR շոուները շարունակվում են. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանությունները շարունակում են էժանագին PR շոուների շարքը, որը դարձյալ կառավարությանն է: Երեկվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի ու Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի խոսքերից տպավորություն էր, թե իշխանությունների շնորհիվ մինչեւ 2035 թվականը էլեկտրաէներգիայի սակագները չեն թանկանա:

Կ. Կարապետյանը հետաքրքրվեց, թե երբ են անդրադառնում 2035թ. էներգետիկ զարգացման ծրագրերին: Նախարարն էլ ներկայացրեց «կայունացման հիմնադրամի» ստեղծման մտադրությունը, որը եւ հնարավորություն կտա էլեկտրաէներգիայի սակագները պահպանել այսօրվա մակարդակին:

«Դա բավականին ամբիցիոզ ծրագիր է, ամբիցիոզ գաղափար է էլեկտրաէնեգիայի սակագները մինչեւ 2036 պահպանել այն մակարդակի վրա, որի վրա գտնվում է այսօր։ Դրա համար հիմա փորձում ենք գտնել միջոցներ, որպեսզի ստեղծենք այն կայունացման հինադրամը, որը մեզ ոչ միայն հնարավորություն, այլեւ վստահություն կտա հայտարարելու, որ առաջիկա մեկ ու կես տասնամյակում գոնե սակագների վրա էական ազդեցություն չի լինելու, բացառելու ենք նաեւ արտաքին ազդեցությունները»,- ասել է Մանուկյանը:

Փաստորեն, Սերժ Սարգսյանը խոսում է մինչեւ 2040 թ. Հայաստանի բնակչությունը 4 մլն դարձնելու, ՀՆԱ-ի՝ մոտ 5,5 անգամ աճ ապահովելու եւ 57-60 մլրդ դոլարի հասցնելու մասին: Հիմա էլ Կ. Կարապետյանի կառավարությունն է որոշել էլեկտրաէներգիայի սակագները մինչեւ 2036թ. անփոփոխ պահելու ծրագրեր գծել:

Լավ է, որ իշխանությունները երկարաժամկետ կտրվածքով զարգացման ծրագրեր են պլանավորում: Միայն թե պարզ չէ՝ ի՞նչ մեխանիզմներով է իրագործվելու այդ ամենը: Օրինակ՝ ի՞նչ միջոցներով է ձեւավորվելու նույն այդ «կայունացման հիմնադրամը», որտեղի՞ց են ճարելու այդ գումարները: Եթե իշխանությունների հույսն էլի քաղաքացիներն են, երբ համազգային դրամահավաքի միջոցով հիմա էլ կայունացման հիմնադրամի համար փորձեն միջոցներ ապահովել, ապա կստացվի՝ միեւնույն է՝ քաղաքացին է վճարելու էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման համար, ու կապ չունի՝ այս անգամ նա ինչպես է վճարելու՝ կանխավճարայի՞ն, թե՞ հետվճարային սկզբունքով: Էլ չենք ասում տեխնիկական մյուս խնդիրների մասին:

Այնպես որ, ամենակարեւոր հարցի պատասխանն անհայտ է: Այս հարցերի պատասխանն անհայտ է անգամ նախարարի համար, որը թեեւ հայտարարեց «ամբիցիոզ ծրագրի» մասին, բայց եւ ավելացրեց, որ հիմնադրամը ստեղծելու համար դեռ փորձում են միջոցներ ճարել:

Բայց իշխանությունների համար, կարծես, կարեւոր է ոչ թե բուն ծրագրի իրագործումը, ոչ թե սեփական խոսքի լրջությունը, այլ քարոզչական էֆեկտը. առավել եւս, երբ շատ-շատերը չեն խորանա նախարարի ձեւակերպումների մեջ եւ ուշադրություն չեն դարձնի, որ նա խոսել է ընդամենը մտադրությունների մասին, առանց որեւէ կոնկրետության: Իսկ եթե վաղը այս ամենը չստացվի, կարդարանան, որ իրենք ուզում էին, փորձում էին, բայց, դե, ի՞նչ արած:




Լրահոս