Դոն Պիպոյի դեմ մահափորձի գործով նոր հանգամանքներ են ի հայտ եկել

Դոն Պիպոյի դեմ մահափորձի գործով նոր հանգամանքներ են ի հայտ եկել

Քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի գործով նոր հանգամանքներ են ի հայտ գալիս: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն գործով անցնող անձանց ծեծի ենթակելու մասով փորձաքննություններ էր նշանակել, եւ օրերս ստացվել է նշանակված փորձաքնությունների եզրակացությունը:

Նշենք, որ վերոնշյալ գործով կալանավորված խմբի անդամներից Արկադի Քոչինյանը հայտարարել էր, որ նախքան իրեն ձերբակալելը, իրեն եւ գործով անցնող մյուս կալանավորվածներին մինչև ատամները զինված անձիք տարել են և երեք օր անազատության մեջ պահելով` ծեծի են ենթարկել, տարբեր աստիճանի մարմնական վնասվածներ պատճառել:

Արդյունքում այս հայատարարության հիման վրա նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն, որի պատասխանները օրերս հայտնի են դարձել, որտեղ, ըստ էության, կան հիմնավորումներ, որ գործով կալանավորվածները մինչ իրավապահների կողմից ձերբակալվելը ծեծի են ենթարկվել:

Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ Անդրանիկ Քոչինյանը մենախցում կրկին հացադուլի է դիմել. պատճառը իր դեմ ապօրինի քրեական գործ հարուցելն է: Գրել էինք, որ վերջինս հրաժարվում է մենախցից դուրս գալ եւ գնալ ընդհանուր խուց, քանի որ վախենում իր կյանքի համար:

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին իրավապահների կողմից կանխվել էր Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու գործընթացը: Սպանությունը նախապատրաստելու դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 35-104 հոդվածով՝ սպանության նախապատրաստություն և 235 հոդվածի հատկանիշներով՝ ապօրինի զենքը պահելը, կրելը։

Հիշեցնենք նաև, որ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել չորս անձի։ Երեք անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով։ Եվս մեկ անձ ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով, ում նկատմամբ հետախուզում էր հայտարարվել և հայտնաբերվել էր դեպքից մի քանի օր անց։

Քնար Մանուկյան