Հայաստանին դժվարությունների նոր փուլ է սպասվում. տնտեսական փորձություններին կրկին անպատրաստ

Հայաստանին դժվարությունների նոր փուլ է սպասվում. տնտեսական փորձություններին կրկին անպատրաստ

Մասնագետներն ահազանգում են՝ Ռուսաստանի նկատմամբ Արեւմուտքի տնտեսական պատժամիջոցների՝ օգոստոսի 2-ից սկսած նոր փուլը՝ իր անմիջական հետեւանքներով, շուտով կզգացվի նաեւ Հայաստանում:

Հայտնի փաստ է՝ հայկական տնտեսությունը մեծ կախվածության մեջ է Ռուսաստանից, հատկապես ԵՏՄ-ին անդամակցելուց հետո: Հետեւաբար այնտեղ կատարված ցանկացած վայրիվերում իր ազդեցությունը կթողնի նաեւ Հայաստանի տնտեսության վրա, ընդ որում, շատ ավելի խորը: Ի վերջո, Հայաստանի տնտեսությունը փոքր է եւ արտաքին ազդակների հանդեպ գերզգայուն: Նման երեւույթի ականատես արդեն եղել ենք, երբ 2014թ. օգոստոսից ՌԴ-ի նկատմամբ Արեւմուտքը կտրուկ պատժամիջոցներ սահմանեց, եւ արդեն 2015թ. բացասական հետեւանքներն իրենց զգացնել տվեցին: Ընդ որում, այն ժամանակ Հայաստանը դեռ ԵՏՄ լիիրավ անդամ չէր, թեեւ Սերժ Սարգսյանն արդեն հայտարարել էր Մաքսային միությանն անդամակցելու մասին: Մինչդեռ հիմա լինելով տնտեսական այդ միավորման անդամ,՝ իրավիճակն այլ է, եւ հետեւանքները՝ զգալի:

Իշխանությունները, իհարկե, փորձում են ձեւացնել, թե ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներն առանձնապես չեն մտահոգում: Երեկ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ասել է. «Այդ պատժամիջոցները նոր չեն, արդեն մեր տնտեսությունն ադապտացվել է, եւ այս պահին դեռեւս մեծ մտահոգություններ չեմ տեսնում»: Ըստ նրա, այժմ Հայաստանը փորձում է կանխատեսումներ ու վերլուծություններ անել՝ պարզելու համար, թե ինչ է սպասվում մեր երկրի տնտեսությանը ՌԴ նկատմամբ պատժամիջոցների հետեւանքով: «Այժմ վերլուծություններ են արվում, քանի դեռ այդ արդյունքները մենք չունենք, ես չեմ ցանկանում խոսել որոշակի թվերի մասին»,- ասել է Կարայանը՝ միաժամանակ համոզելով, թե Հայաստանը փորձում է այլ երկրների հետ եւս համագործակցել, շուկաները դիվերսիֆիկացնել: «Մեր արտահանման կառուցվածքով առաջին վեց ամիսների ընթացքում, եթե ԵԱՏՄ շուկաներում արտահանումն աճել է 25 տոկոսով, ապա արտահանումը դեպի ԵՄ շուկա աճել է 20 տոկոսով»,- ասել է նա:

ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն էլ իր հերթին է անդրադարձել այս թեմային՝ ասելով, որ Հայաստանը փորձում է Ռուսաստանից դուրս ակտիվացնել տնտեսական կապերն այլ երկրների հետ. «Բոլորի համար ակնհայտ է, որ երբ Ռուսաստանում տնտեսության ոլորտում տեղի են ունենում բացասական երեւույթներ, դա անդրադառնում է բոլոր հարեւանների վրա: Դրա դասական օրինակն այն է, որ երբ Ռուսաստանում եղավ ճգնաժամ, դա անդրադարձավ թե՛ ԵԱՏՄ անդամ Հայաստանի վրա, թե՛ ոչ անդամ Ադրբեջանի վրա, թե՛ դեպի Եվրամիություն գնացող Վրաստանի վրա»: Հետեւաբար, ըստ նրա, պատժամիջոցների՝ ՀՀ-ի վրա ազդեցությունը մեղմացնելու ուղղությամբ որոշակի քաղաքականություն է տարվում. «Ընդհանուր մեր արտաքին տնտեսական քաղաքականությունը հետեւյալն է՝ եղած տնտեսական կապերը խորացնել եւ ստեղծել նոր տնտեսական կապեր, նոր հարաբերություններ»:

Միայն թե, նկատենք, տնտեսության դիվերսիֆիկացման, ՌԴ-ից դուրս տնտեսական կապերն ակտիվացնելու մասին իշխանությունները մտածում են հիմա, երբ արդեն մոտ են պատժամիջոցների հետեւանքները: Այնինչ՝ կարելի էր այս ուղղությամբ քայլեր անել ավելի վաղ: Առավել եւս, երբ կան դրա հնարավորությունները. լինելով ԵՏՄ անդամ՝ Հայաստանը միաժամանակ օգտվում է GSP+ համակարգից, այն է՝ կարող է արտոնյալ ռեժիմով առեւտուր անել ԵՄ անդամ երկրների ու ԱՄՆ-ի հետ: Մնում է՝ կարողանան լուծել այդ խնդիրը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տնտեսագետ Վահագն Խաչատրյանը ՌԴ-ի նկատմամբ Արեւմուտքի տնտեսական պատժամիջոցների համատեքստում ուշադրություն հրավիրեց այս հանգամանքի վրա. «Զուտ մասնագիտական գնահատականներ պետք է տամ. մեր արտահանման կառուցվածքն անհանգստություն է առաջացնում, քանի որ տեսնում ենք կախվածությունը ռուսական շուկայից:

Ու այս իրավիճակում, երբ իշխանությունները խոսում են ԵՏՄ առավելություններն օգտագործելու մասին, վկայում է մեկ փաստի մասին՝ նրանք լրջորեն չեն պատկերացնում Հայաստանին սպասվող վտանգները: Իսկ ինչու չենք օգտագործում GSP+ համակարգի հնարավորությունները, որպեսզի ապահովենք մրցակցությունը: Եվրոպական շուկաներում հայկական բիզնեսը ներկայացված չէ: Այլընտրանքային տարբերակներ պետք է օգտագործել, որը չկա: Եւ այդ հանգամանքը նոր պատժամիջոցների պարագայում անհանգստացնող է»,- ասաց նա: Ինչ վերաբերում է Կարայանի պնդմանը, թե այս տարի ավելացել են դեպի ԵՄ անդամ երկրներ արտահանման ծավալները, Խաչատրյանը հակադարձեց.

«Հիմնականում պղնձի հումքն են արտահանել դեպի Բուլղարիա, բայց դա համարել հաջողություն, ձեռքբերում, ներկայացնել դիվերսիֆիկացիա, լուրջ չէ»: Իսկ եվրոպական շուկա հայկական ապրանքները, ըստ Խաչատրյանի, մուտք չեն գործում մի քանի պատճառով. «Հայաստանում տնտեսական ազատությունների սահմանափակումները, մենաշնորհները խանգարում են ներքին մրցակցության, եւ բերում են նրան, որ արտաքին շուկա չենք կարող մրցունակ ապրանք հանել, լավագույն դեպքում հարմարվում ենք ԵՏՄ շուկային եւ վերջ: Եւ այս խնդիրը լուծում է պահանջում»,- նշեց նա:

Այնպես որ, նկատենք, Հայաստանին դժվարությունների նոր փուլ է սպասվում, իրավիճակ, որին այդպես էլ պատրաստ չենք:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ