ԱՐԴՅՈ՞Ք ՄԻՊ-Ը ԿՀԱՆԴՈՒՐԺԻ ԻՐ ԿՈՂՔԻՆ ԵՎՍ ՄԵԿ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնվել է աննախանձելի վիճակում: Կառավարությունը մտադիր է Հայաստանում ստեղծել բիզնես-օմբուդսմենի ինստիտուտ. ՀՀ արդարադատության նախարարությունն արդեն իսկ մշակել է համապատասխան օրինագիծը: Բայց նկատենք, որ սա բացահայտ արհամարհանք է ՄԻՊ նկատմամբ, քանզի ստեղծվող կառույցն ունենալու է գրեթե նույն գործառույթները, ինչ գործող օմբուդսմենը, միայն մեկ տարբերությամբ, որ զբաղվելու է գործարարների շահերի պաշտպանությամբ, այլ ոչ թե բոլոր մարդկանց:

ՀՀ արդարադատության նախարարության հեղինակած նախագիծը հենց այդպես էլ կոչվում է. «Գործարարների շահերի պաշտպանի մասին» օրենք: Նախատեսված է, որ բիզնես-օմբուդսմենի պաշտպանի լիազորությունների շրջանակներում լինելու է գործարարների գործունեության ընթացքում առաջացող խնդիրներին արագ արձագանքումը, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում գործարարների շահերի ներկայացումը եւ դրանց պաշտպանությունը, գործարարների գործունեության խոչընդոտների վերացմանն ու գործարարների աջակցությանն ուղղված միջոցներ ձեռնարկելը եւ այսպես շարունակ:
Համեմատության համար նշենք, որ ՀՀ ՄԻՊ-ը Սահմանադրության եւ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի համաձայն՝ հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը: Այսինքն` գործող օրենսդրությամբ ՄԻՊ-ը որեւէ կերպ կաշկանդված չէ նաեւ գործարարների իրավունքների պաշտպանության ուղղությամբ քայլեր անելու հարցում, իսկ եթե այստեղ կան մասնագիտական որոշակի խնդիրներ, ապա այդ ամենը կարելի է լուծել ՄԻՊ-ում մասնագիտացված ստորաբաժանում ստեղծելու միջոցով:
Թե ինչու են իշխանությունները գնացել այս քայլին, մնում է միայն ենթադրել: Օրինագծի հիմնավորումների մեջ ՀՀ արդարադատության նախարարությունը կասկածի տակ է դրել ՄԻՊ գործունեության արդյունավետությունը, երբ շեշտելով օմբուդսմենի ինստիտուտի առկայության մասին՝ նշել են. «Ներկայումս գործող մեխանիզմները գործարարներին հնարավորություն չեն ընձեռում արագ եւ հուսալի կերպով վերականգնել իրենց խախտված իրավունքները կամ վերացնել գործունեության խոչընդոտները, այդ թվում՝ այն դեպքերում, երբ առկա է այդ խնդիրներին հրատապ կերպով լուծում տալու անհրաժեշտություն»: Բացի այդ, նկատենք, Արման Թաթոյանն իր գործունեության արդյունքում հասցրել է վաստակել «ՀՀԿ իրավունքների պաշտպան», «մարդու իրավունքների կիսապաշտպան» եւ նման այլ պիտակներ, ու հիմա իշխանություններն այլեւս հաշվի չեն նստում նրա հետ՝ ստեղծելով եւս մեկ նման կառույց:
Չնայած այս դեպքում Թաթոյանը կարծես թե չի պատրաստվում հանդուրժել իրավիճակը: Նա հրապարակայնորեն մի քանի անգամ դեմ է արտահայտվել «Գործարարների շահերի պաշտպանի մասին» օրենքին՝ որակելով այն Սահմանադրության խախտում:
Այս տարվա հունիսին, երբ ԱԺ-ում քննարկվում էր ՄԻՊ տարեկան հաղորդումը, բիզնես-օմբուդսմենի ինստիտուտի ստեղծման մասին հարցին ի պատասխան՝ ասել էր. «Առավել նախընտրելի է գործող ինստիտուտը զարգացնել, քան դրա վերաբերյալ նոր ինստիտուտ ստեղծել: Հիմա մենք ԵՄ-ի հետ ինտենսիվ քննարկումներ ենք տանում՝ ներգրավելով ոլորտի ներկայացուցիչներին եւ առաջիկայում լուծում կունենանք»: Ավելին՝ Թաթոյանը հավելել էր, թե չի կարող ստեղծվել մարմին, որը կկատարի մյուս մարմնի գործառույթը: «Դեմ եմ եւ կառավարությանը մեծածավալ վերլուծություն եմ ներկայացրել ու ես գործադրելու եմ իրավական բոլոր հնարավորությունները, որպեսզի լուծումները լինեն Սահմանադրության օրենքի շրջանակում, իսկ այստեղ սկզբունքն այն է, որ ՄԻՊ աշխատանքը չպետք է դուբլիկացիա լինի»,- շեշտել էր նա:
Քանի որ Արդարադատության նախարարությունն արդեն մշակել է «Գործարարների շահերի պաշտպանի մասին» օրինագիծը, երեկ «Ժողովուրդ»-ը ՄԻՊ գրասենյակից հետաքրքրվեց` արդյո՞ք Թաթոյանը շարունակում է դեմ լինել նոր կառույցի ստեղծմանը, եւ մի՞թե սա չի նշանակում օմբուդսմենի դիրքերի թուլացում: «Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շարունակում է պնդել, որ բիզնես-օմբուդսմենի ինստիտուտի ստեղծումը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը: Այս նոր կառույցի ստեղծումը առաջ է բերելու երկու մարմինների գործառությունների կրկնություն, ինչը կլինի խնդրահարույց սահմանադրականության տեսանկյունից»,- ՄԻՊ-ից փոխանցեցին Թաթոյանի պատասխանը:
Ու հիմա հետաքրքիր է` արդյո՞ք Արման Թաթոյանը կշարունակի պայքարել նոր օմբուդսմենի ինստիտուտի դեմ (թեկուզ «ամենավատ կադր» կոչվելու գնով), թե մի քանի հրապարակային հայտարարություն հնչեցնելուց հետո կհամակերպվի իրավիճակին` իր կողքին ընդունելով եւս մեկ նման կառույց:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 
ԼՈՒՌ Է
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջին շրջանում կարծես թե ստվերում է եւ չի շտապում իր տեսակետն արտահայտել ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացների մասին: Վերջին անգամ երկրորդ նախագահը հարցազրույց է տվել մարտի վեցին, որի ժամանակ շարունակել է մեծ սխալ համարել 2015 թվականի սահմանադրական փոփոխություններն ու նոր ընտրական օրենսգիրքը՝ իր ռեյտինգային համակարգով: Սակայն այս հարցազրույցից հետո Հայաստանի ներքաղաքական կյանքում իրավմամբ լուրջ գործընթացներ են տեղի ունեցել՝ ապրիլին խորհրդարանական, ապա մայիսին Երեւանի ավագանու ընտրություններ, սակայն ՀՀ երկրորդ նախագահը չի շտապում իր գնահատականը տալ տեղի ունեցած իրադարձություններին. թերեւս դեռ ասելիք չունի:

 

 

 

ՄԱՏԱՂ` ԶԻՆՎՈՐԻ ՀԱՄԱՐ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում օգոստոսի 12-ին բռնկված եւ հինգ օր շարունակված հրդեհը վերջնականապես մարվել է: Այն անձրեւի ու ռուսական ԻԼ-76 ինքնաթիռի օգնությամբ հաջողվեց մարել: Բացի այս՝ կրակի մարման աշխատանքներում շատ մեծ դերակատարում ունեցան նաեւ գերատեսչությունները` ՀՀ արտակարգ իրավիճակների, բնապահպանության նախարարությունները, այդ թվում «Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցները եւ, իհարկե, մեծ թվով զինվորներ: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` կրակի դեմ պայքարած արգելոցի աշխատողները, նախարարները` Դավիթ Տոնոյանն ու Արծվիկ Մինասյանը, որոշեցին զինվորներից շնորհակալություն հայտնել` մատաղի տեսքով: Նրանք մատաղ էին արել, ինչն էլ բաժանեցին զինվորներին` հրդեհի մարման աշխատանքերին աջակցելու համար:

 

 

 

ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒ ՉԷ
Շահումով խաղեր կազմակերպելու լիցենզիա ունեցող «Սաբարկո» ընկերությունը խոշոր հարկատու չէ. այս ընկերությունը ո՛չ անցած տարվա եւ ո՛չ էլ այս տարվա առաջին, երկրորդ եռամսյակներում հազար խոշոր հարկատուների ցանկում տեղ չի գտել: Տեղեկացնենք, որ նշված ընկերությունն ունի «Աջարաբեթ» օնլայն խաղատունը: Ընկերության` «Աջարաբեթ» օնլայն խաղատնով մուտքը հայկական շուկա անցած տարի շատ հապճեպ ստացվեց. այն արագ մտավ շուկա եւ բավականին բարձր դիրք գրավեց եւ օրնիբուն գովազդներով արդեն նյարդայնացնում է:
Նկատենք, որ այս ընկերությունը հայկական շուկա մտավ Կարեն Կարապետյանի՝ վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո: Եւ ըստ շրջանառվող լուրերի` «Սաբարկո» ՍՊԸ-ն կապ ունի Կարեն Կարապետյանի ընտանիքի հետ: Տեղեկությունները ճշտելու նպատակով «Ժողովուրդ»-ը դիմեց վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանին, ով անմիջապես հայտարարեց, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը:

 

 
ՆԻՍՏ
Երեկ տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում քննարկվել են ներքաղաքական եւ արտաքաղական հարցեր, որոնք որոշիչ են եղել ՀՀ-ի համար: Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը. «Նախ կուսակցական աշխատանքները ռեստարտ են տրվել, որովհետեւ սեպտեմբերից ՀՀԿ-ն պետք է ձեռնամուխ լինի ակտիվ աշխատանքի, քննարկել ենք անելիքները խորհրդարանում: Մենք ունենք կարեւորագույն օրենքներ, որ պետք է ընդունենք եւ ապահովենք անցում խորհրդարանական համակարգի: Մեզ սպասում է աշխատանքային լուրջ աշուն խորհրդարանում», – նշեց նա՝ հավելելով, որ քննարկումներ են առկա նաեւ ՏԻՄ ընտրությունների մասով:

 

 

 

ՆՇԱՆԱԿՎԵԼ Է
Կառավարության որոշմամբ Սամվել Ամիրխանյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի ղեկավար:

 

 

 

ԱՎԵԼԱՑԵԼ Է 300 ԵՎՐՈՅՈՎ
ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը նշել է, որ Հայաստանից Ռուսաստան ավիատոմսերի թանկացումը կապված է նախատեսված քանակից ավելի պահանջարկի առկայության հետ: «Մենք ամեն օր կապի մեջ ենք ավիաընկերությունների հետ, այսօր էլ որոշ արձագանքների ենք սպասում հավելյալ չվերթների մասով: Պետք է բոլորս հասկանանք, որ չվերթ ավելացնելու համար տվյալ ավիաընկերությունը պետք է ունենա ազատ օդանավ»: Նրա տեղեկացմամբ՝ 2017թ. 7 ամսվա կտրվածքով ուղեւորահոսքը ավելացել է շուրջ 30 տոկոսով: «Այս տարվա 7 ամսվա կտրվածքով եւս մի շատ հետաքրքիր վիճակագրություն ունենք՝ ներգնա հոսքերն ավելի շատ են, քան արտագնան: Այսինքն՝ մեր երկիր ավելի շատ մարդ է եկել, քան գնացել է»,-ավելացրել է նա: Ավիատոմսերը Հայաստանում թանկացել են պահանջված ուղղություններով: Մասնավորապես թանկացել են դեպի Բարսելոնա եւ իտալական քաղաքներ ուղղություններով ավիատոմսերը՝ 300 եվրոյով:

 

 

 

558 ԶՈՀ
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը voskanapat.info կայքում հրապարակել է մի փաստաթուղթ, որը նոր բացահայտումներ է անում 2016թ. ապրիլի քառօրյա պատերազմում Ադրբեջանի կորուստների ու վիրավորների թվի առնչությամբ: 2016թ. ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ ԶՈւ անձնակազմի ընդհանուր կորուստները կազմել է 558 զոհված եւ 1293 վիրավոր զինծառայող: Վիրավոր զինծառայողներից 58-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Զոհված 558 զինծառայողներից 52-ի անձը հնարավոր չէ նույնականացնել: Զոհված զինծառայողներից 205-ը հանդիսանում են ՊՆ ՀՆ ուժերի զինծառայողներ: Նրանցից 98-ը զոհվել են Թալիշ-Աղդարա (Մարտակերտ), 32-ը` Ֆիզուլի-Ջեբրայիլ, իսկ 75-ը` կենտրոնական ուղղություններով իրականացված հարձակողական մարտական գործողությունների ժամանակ:

 

 

 

ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ Է
Կառավարության որոշմամբ 2017թ. սեպտեմբերի 18-ի աշխատանքային օրը տեղափոխվեց 2017թ. սեպտեմբերի 23-ի շաբաթ օրը: Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Սարգսյանը նշել է, որ «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռնել քաղաքացիներին` Խաչվերացի` սեպտեմբերի 17-ին հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները:

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ Է
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը հեղինակավոր Փառքի ծառուղում անվանական աստղի բացման կապակցությամբ Լոս Անջելես մեկնելուց առաջ հանդիպել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդին: Ազնավուրի անվանական աստղի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են լինելու հոլիվուդյան դերասան Ռոբերտ դե Նիրոն, ինչպես նաեւ հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը: Ազնավուրի անվանական աստղը Հոլիվուդի Փառքի ծառուղում կբացվի օգոստոսի 24-ին, տեղի ժամանակով 11:00-ին:




Լրահոս