Նախևառաջ առաջին հարցն Արցախի կարգավիճակն է. Գալուստ Սահակյանը` էդվարդ Նալբանդյանի հայտարարության մասին

Նախևառաջ առաջին հարցն Արցախի կարգավիճակն է. Գալուստ Սահակյանը`  էդվարդ Նալբանդյանի հայտարարության մասին

Ինչպես հայտնի է` «Հայաստան-Սփյուռք» համաժողովի շրջանակներում ունեցած ելույթի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, խոսել է հարակից տարածքների վերադարձի մասին:

«Խոսքը գնում է այն տարածքների վերադարձի մասին, որոնց վերադարձի դեպքում այս ամբողջ հիմնախնդրի կարգավորմանը եւ անվտանգության համակարգին վնաս չի հասցվելու եւ սպառնալիքի տակ չի դնելու հանգուցալուծումը», – ասել է նա: Սակայն ՀՀ արտգործնախարարի հայտարարությունը ոչ միանշանակ է ընդունվել ոչ միայն ՀՀ-ի, այլեւ Արցախի կողմից: Արցախի պետական եւ հոգեւոր այրերն իրենց հարցազրույցներում նշում են, թե նման տարածքներ գոյություն չունեն: Իսկ Արցախի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն էլ այս թեմայի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել էր. «Միշտ ասել ենք, որ վերադարձ անցյալին չկա, թե՛ սահմանների եւ թե՛ կարգավիճակի առումով»:

Ի վերջո, ինչու Էդվարդ Նալբանդյանը հենց հիմա այդպիսի հայտարարություն արեց: «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը:

-Պարո՛ն Սահակյան, անկախության ձեռքբերումից 26 տարի անց ո՞րն է Հայաստանի գլխավոր մարտահրավերը: Արդյո՞ք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումն է գլխավոր մարտահրավերը:

-Մարտահրավերներ շատ կան: Հայաստանը շատ մարտահրավերներ ունի, եւ դրանք ամենօրյա են: Մենք, փաստորեն, ծովային ճանապարհ չունենք, հիմնականում ցամաքային ճանապարհ է, եւ, բնականաբար, դա մեզ համար ամենակարեւոր մարտահրավերն է: Արցախյան հիմնախնդրի հետ կապված այն տեսակետը, որ մենք ներկայացրել ենք, կարծում եմ, ոչ միայն մենք, այլեւ ողջ հայությունն այդ տեսակետին է, որ Արցախն անկախ կամ Հայաստանին միացված պետություն է եւ երբեք Ադրբեջանի կազմում չի կարող լինել:

-Այդ առումով ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը միանշանակ չընդունվեց: Ի վերջո, ինչո՞ւ այս պահին նման հայտարարություն հնչեց:

-Նախ ես ասեմ` չգիտեմ, թե ինչ հայտարարության մասին է խոսքը, համենայնդեպս Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունները պետք է ընդունել որպես պետական անձի հայտարարություններ: Իսկ այն խնդիրները, որոնք կապված են Արցախի հետ, եւ որը ժողովուրդն է պնդում, բնականաբար, մենք բոլորս գնում ենք այդ ճանապարհով, որ Արցախը լիովին մերը լինի: Դա մեզ համար ամենակարեւոր հարցն է, բայց վերջին հաշվով, թե ինչ որոշում կլինի հետագայում, դա լիովին կախված է արդեն Արցախի ժողովրդից:

-Էդվարդ Նալբանդյանն իր խոսքում նշել է, թե դիտարկվում է այն տարածքների հանձնման տարբերակը, որոնք անվտանգությանը սպառնալիք չեն, Արցախն էլ ասում է` այդպիսի տարածքներ չկան:

-Ես արդեն ասացի, որ մինչեւ չծանոթանամ հայտարարությանը, չեմ կարող բացահայտումներ անել: Բայց խնդիրը, որի մասին ասացի, կիսում է մեր ամբողջ կառավարությունը: Իսկ ինչ վերաբերում է հայտարարություններին, ապա դրանք հայտարարություններ են, որոնք, այսպես թե այնպես, ժամանակի մեջ որոշակի խնդիրներ լուծելու համար են:

-Այսինքն` այդպիսի հայտարարություններն իրենց մեջ մեսսի՞ջ են պարունակում:

-Ես կարծում եմ` նման հայտարարություններ են եւ այդ պատճառով էլ քննարկման առարկա են դառնում:

-Բայց մեզ համար ո՞րը կլինի ընդունելի լուծում:

-Մեզ համար ամենաճիշտ լուծումը հետեւյալն է, որի մասին բազմիցս ասել ենք, եւ այսօր էլ եմ կրկնում: Նախեւառաջ առաջին հարցն Արցախի կարգավիճակն է` որպես անկախ կամ Հայաստանին միացված պետություն: Իսկ սահմանային հարցերը կլուծվեն Արցախի ժողովրդի կողմից:

-Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը նշեց, թե իրենք ցանկանում են վերադառնալ բանակցային սեղանին: Այժմ Արցախի ցանկությունն ա՞յդ է:

-Բնականաբար մենք բոլորս էլ ցանկանում ենք վերադառնալ բանակցային սեղան, որպեսզի խաղաղ ճանապարհով լուծումներ գտնենք: Բայց այսօր Ադրբեջանը պատրաստ չէ դիվանագիտական որեւէ քննարկումների կամ դիվանագիտական հարցերի լուծման: Վերջին շրջանում հիմնականում այդպես է գնում:

-Այսինքն` Արցախն այսօրվա սահմաններով պե՞տք է մնա:

-Որեւէ մեկը չի կարող ասել` այսօրվա սահմաններով այդպես կմնա: Մենք պետք է նախեւառաջ կարողանանք խնդրին քաղաքական տեսակետից լուծումներ գտնել, այսինքն` բանակցությունների միջոցով: Իհարկե, բոլորս էլ մտածում ենք այդ ուղղությամբ, բայց խնդրի լուծան կոնկրետ մոտեցումներ Ադրբեջանի կողմից չկան:

-Պարո՛ն Սահակյան, մեկ ներքաղաքական հարցի կցանկանայի անդրադառնալ: Օրերս ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով Ձեր այն հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանը պետք է հավերժ լինի եւ նրան տեսնում եք վարչապետ, նշեց, թե չի ցանկանում մասնավոր անձանց կարծիքները մեկնաբանել: Ինչպե՞ս եք վերաբերվում նրա այս մոտեցմանը:

-Իմ կարծիքն անձնական կարծիք է, եւ ճիշտ էլ բնութագրել է, որովհետեւ իմ կարծիքն է, դա կուսակցությանը չէ: Կուսակցությունը, երբ քննարկի, իր կարծիքը կարտահայտի եւ, բնականաբար, կտարածի: Դա իմ կարծիքն է, մեկը կմեկնաբանի, մեկը չի մեկնաբանի, մյուսը կսպասի դեռեւս: Յուրաքանչյուրն իր կարծիքն ունի, վիրավորական որեւէ բան չեմ տեսնում: Մենք Կարեն Կարապետյանի հետ շատ մոտ հարաբերությունների մեջ ենք, շատ հարգալից, եւ, բնականաբար, այն պրոցեսները, որ այսօր կառավարությունը կատարում է, մեր կողմից շատ ողջունելի է:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը