Կործանարար քաղաքականությունը շարունակվում է. Հայաստանը ցորենի պաշարները ռուսականով է լրացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարիներ շարունակ Հայաստանի կառավարությունը փորձում է գյուղատնտեսական ծրագրեր իրականացնել ցորենի պաշարները ինքնաբավության մակարդակի հասցնելու նպատակով: Սակայն այդպես էլ դա չի հաջողվում. Հայաստանը շարունակում է ցորեն արտադրել սպառման շուկայի 50 տոկոսի չափով միայն: Սպառվող ցորենի հիմնական պաշարները ներկրվում են: Ըստ պաշտոնական տվյալների` այն հիմնականում ներկրվում է Ռուսաստանից:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան մեծ քանակությամբ ցորեն է ներկրվել: Այսպես՝ այս տարվա առաջին կիսամյակում ներկրվել է 112 հազար 581 տոննա ցորեն, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատավածում` 69 հազար 747 տոննա: Սակայն ներկրված ցորենի առյուծի բաժինը Հայաստան մտել է Ռուսաստանից:

Ըստ պաշտոնական տվյալների` այս տարվա առաջին կիսամյակում հանրապետություն ՌԴ-ից ներկրվել է 106 հազար 219 տոննա ցորեն, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 68 հազար 378 տոննա:

Բելառուսից եւս ցորեն է ներկրվել` 26 տոննայի չափով, մինչդեռ նախորդ տարվա ընթացքում այս երկրից ցորեն չի ներկրվել: Իսկ Լեհաստանից ցորենի ներկրումը կազմել է 2 տոննա: Պարզվում է` մեր հարեւան Վրաստանի Հանրապետությունից եւս ցորեն է ներկրվել` 6333 տոննայի չափով: Իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ներկրվել է 1369 տոննա ցորեն: Ստացվում է, որ Վրաստանից Հայաստան ցորենի ներկրման ծավալները մեկ տարվա ընթացքում եւս ավելացել են: Իսկ Ֆրանսիայից ներկրվել է 6 տոննա ցորեն՝ նախորդ տարվա 0-ի դիմաց:

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան ներկրվել է 6 հազար 432 տոննա գարի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5879 տոննայի դիմաց: 5237 տոննա Գարի ներկրվել է Ռուսաստանից՝ նախորդ տարվա 4710 տոննայի դիմաց: 1195 տոննա գարի էլ ներկրվել է Ուկրաինայից՝ նախորդ տարվա 1194 տոննայի դիմաց:

Բայց իրականում Հայաստանը կարող է դառնալ ինքնաբավ երկիր եւ ընդունակ է ռուսական ցորենը տեղականով փոխարինել. ե՛ւ հողատարածքներն են բավարար, ե՛ւ մարդկանց՝ ֆերմերների ցանկությունը, պարզապես դաշտը չի կանոնակարգվում:

Իսկ ներկրվածը լինելով ավելի էժան՝ տեղական գյուղատնտեսական արտադրանքի համար անառողջ մրցակցային պայմաններ է ստեղծում եւ ներքին շուկայում մերը անմրցունակ դարձնում: Արդյունքում գյուղացին հրաժարվում է հող մշակել, ցորեն ցանել, որովհետեւ այն այլեւս ոչ եկամտաբեր է: Ի դեպ, ըստ շրջանառվող տեղեկությունների` այս տարի մեծ քանակությամբ ցորենի ներկրման պատճառն այն է, որ գյուղացիների մեծ մասը, որ ժամանակին հեկտարներով ցորեն է մշակել, այժմ չի մշակում հողատարածքների անջրդի լինելու եւ իրացման բացակայության պատճառով:

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց, որ շուրջ 27 հազար հեկտար ցորենի ցանքատարածք չի մշակվել: «Անցած տարվա ու այս տարվա մեջ մոտ 27 հազար հա տարբերություն կա աշնանացանի ցանքերի. 2016 թվականին բերքահավաք արվել է շուրջ 113 հազար հեկտարից, իսկ 2017 թվականին` շուրջ 90 հազար հեկտարից: Սրանք ԱՎԾ-ի հրապարակած պաշտոնական թվերն են»,- տեղեկացրեց Հարությունյանը:

Ըստ փոխնախարարի` պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են, ունեցած երաշտը, աշնան ցրտահարված ցորենը, երկարատեւ ցրտաշունչ ձմեռը, ինչի արդյունքում էլ միջին բերքը պակաս է եղել: «Սա նշանակում է, որ պետք է Հայաստան ցորեն ավելի ներկրվեր: Նշեմ, որ 2016 թվականի աշնանը այս տարվա բերքահավաքի համար ցորեն քիչ ցանվեց: Պատճառն այն է, որ 2016 թվականին ցորենի մթերման գները ցածր էին, որոշ մարդկանց համար ձեռնտու չէր ցորեն ցանել, նրանք էլ ցանք չարեցին: Այս պահին չեմ կարող կանխատեսել, թե այս տարի որքան կկազմի ցորենի համախառն բերքը, բայց այն, որ ունենք ցածր բերք, դա փաստ է»,- նկատեց Հարությունյանը:

Մեր զրուցակցի խոսքերով՝ այս տարի Ռուսաստանի Դաշնությունում ցորենի աննախադեպ բարձր բերք են հավաքել: Ինչի արդյունքում ռուսական շուկայում առաջացել է ցորենի իրացման խնդիր, որից եւ էժանացել է գինը: «Իսկ մեզ մոտ անջրդի տարածքներում ցորենի ինքնարժեքը կազմում է մինչեւ 85 դրամ: Նշանակում է, որ ձեռնտու չէ մշակելը, որովհետեւ դրսից ավելի էժան են ներկրում, քան մեզ մոտ աճեցրածն է: Սա խնդիր է:

Բայց մենք պետք է աշնանացան ցանենք պարտադիր ոչ միայն մեր պարենային ապահովության հետ կապված, այլեւ ցանքաշրջանառության համար: Մենք ունեցանք խնդիր, մարդիկ ժամանակին չկարողացան իրենց հողերը վարել, նախապատրաստել: Հիմա մենք միջոցներ ենք ձեռնարկում, որ աշնանացանի ցանքերը պատրաստ լինեն եւ փոխարինեն գարնանացան ցորենով, որ գոնե բալանսը կարողանանք մոտեցնել»:

Բայց արդյո՞ք կառավարությունն ունի նման ցանկություն` տեղականը զարգացնելու համար: Չէ՞ որ գյուղատնտեսության նախարարության գործելաոճը հակառակն է ապացուցում: Ավելին՝ կառավարությունը ստեղծում է այնպիսի պայմաններ, որոնք ոչ թե օգնում են արտադրողներին, գյուղացուն, այլեւ խոչընդոտում:

Մինչդեռ բազմաթիվ են այն գյուղացիները, որոնք իրենց տանը տոննաներով ցորեն ու գարի ունեն, բայց չգիտեն, թե այն ինչպես իրացնել պահանջարկ ունեցող հայկական շուկայում: Գյուղացու արտադրանքի իրացման հարցն այդպես էլ գյուղատնտեսության նախարարության կողմից չի լուծվում:

Իսկ որեւէ սահմանափակում չունեցող ներկրողները ագահորեն շարունակում են իրենց կործանարար քաղաքականությունը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս