Քանաքեռցի Տույի ընկերը լինելու մասին խոստովանությունը Գագիկ Սուրենյանի համար թանկ արժեցավ. ի՞նչ պատիժ նա ստացավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ընթերցողին է ներկայացրել՝ ինչպես է ծանոթացել հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն համարվող Արթուր Ղազարյանի՝ Քանաքեռցի Տույի հետ:

Պաշտոնյան, մասնավորապես, այդ հանդիպումն անվանել է Աստծո պարգև: Այս հրապարակումից հետո մեծ ճանաչում վայելող Սուրենյանը տարբեր քննադատությունների արժանացավ ինչպես համացանցի տիրույթում, այնպես էլ դրանից դուրս:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ կատարվածից հետո Գագիկ Սուրենյանը  նկատողություն է ստացել իր վերադասից` պաշտոնական դիրքին ոչ հարիր պահվածք դրսևորելու համար:

ArmLur.am-ի տեղեկությունը ԱԻՆ մամուլի ծառայությունից հաստատեցին:

Հիշեցնենք` հրապարակման մեջ ասվում էր. «Կյանքում ինձ հարազատ մարդկանց հետ ծանոթացել եմ Աստծո նախախնամությամբ:  7 ամիս առաջ շատ պատահաբար ծանոթացա մի տղամարդու հետ, ով ինձ ապշեցրեց իր գիտելիքների հսկայական և բազմակողմանի պաշարով, առողջ դատողությամբ, կյանքի արևոտ ու ստվերոտ կողմերը վերլուծելու կարողությամբ…

Այդչափ գրագետ մարդու հետ շփվելը ինձ այն աստիճանի գերագույն հաճույք պատճառեց, որ ես մոռացած ժամանակի մասին, կլանում էի նրա յուրաքանչյուր գաղափար ու խոսք: Հետագայում նա դարձավ իմ ամենամտերիմ ընկերը… Իսկ մինչ այդ՝ իմացա, որ նա հեղինակություն է բառիս ամենաուղիղ իմաստով, բայց քանի որ արդեն հասցրել էի ճանաչել որպես ՄԱՐԴ, դա ինձ վրա ոչ մի ազդեցություն չունեցավ, ինչպես հաճախ պատահում է, երբ մարդիկ «հեղինակություն» բառը տարբեր կերպ են ընկալում և մեկնաբանում:

Սովորական միջավայրում, սովորական մարդկանց հետ իմ ԸՆԿԵՐԸ չի տարբերվում ոչ մի քաղաքակիրթ ու բազմակողմանի զարգացած մարդուց: Երբեք, ոչ-ոք չի կարող կռահել, որ ինքը զրուցում է մի այնպիսի մարդու հետ, ում գաղափարներն ու գաղափարախոսությունը տարբեր է սովորական մահկանացուներից, ում «այոն՝ այո է, ոչը՝ ոչ, խոսքը ստույգ է, ոչ մի պարագայում կասկածի ենթակա չէ»: Հայերս մի սիրած արտահայտություն ունենք. «Իր խոսքին տեր տղամարդ»:

Ընկերս ու նրա նման մարդիկ ապրում են ՌԵԱԼ աշխարհում, ՌԵԱԼ գաղափարներով: Նրանց ԱՇԽԱՐՀԸ շատ ավելի մաքուր է, ավելի բարի ու անկեղծ, քան այն կեղտի մեջ թաթախված աշխարհը, որի մեջ ապում ենք մենք, չգիտակցելով, թե դեռ ինչ որոգայթներ են սպասում մեզ աշխարհի «հզոր» պետությունների ինտրիգների արդյունքում:

ԸՆԿԵՐՍ Աստվածապաշտ է՝ բոլոր իրական Աստվածապաշտների նման: Կարդում, լսում և կատարում է Աստծո խոսքը, ջերմեռանդ աղոթում է, և իր Աստվածային զինացում բազմաթիվ խելացի ու առաջնորդող գաղափարներ ու մտքեր ունի, որի կարիքը, կարծում եմ, բոլորս ունենք

ԸՆԿԵՐՍ հայրենասեր է, ազգասեր, ՄԱՐԴասեր, սիրում է փոքրիկներին, կանանց, բնությունը, կենդանիներին…Մի խոսքով՝ սիրում է ԿՅԱՆՔԸ: 7 ամիսների հեռուներից հիմա կարծում եմ, որ կյանքս կեսքուն-կեսարթուն

եմ ապրել, այժմ արթնացել եմ իմ ապրած մղձավանջային կյանքի անզգայացումից: ԸՆԿԵՐոջս մեն-միակ արտահայտությունը՝ «Մարդը ողջ կյանքում չպետք է կորցնի զգոնությունը, որովհետև չգիտես, թե ով, երբ, և ինչ պարագայում կհարվածի քո թիկունքից», ես դարձրել եմ իմ կյանքի կրեդոն: Աշխարհայացքիս մեջ այնքան բան է փոխվել, որ չգիտեմ, թե էլ ինչերով կիսվեմ ձեզ հետ: Վերջում մի բան ավելացնեմ. Ես 360 աստիճանով փոխել եմ իմ կարծիքը հեղինակությունների ու նրանց ապրած ԱՇԽԱՐՀԻ մասին: Շնորհակալ եմ ԱՍՏԾՈՒՑ ու իմ ԸՆԿԵՐոջից, որ այսօր կողքիս են, ինչպես երկու պահապան հրեշտակ»:




Լրահոս