Չկա մեր հանրապետությունում մեկը, որը թամադայության համար ստանար այնքան գումար, ինչքան ես էի ստանում. Հրանտ Թոխատյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան Հրանտ Թոխատյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում պարզաբանել է, թե ինչ վիճակում է Կանազի մշակութային տունը և ինչու է որոշել վարձակալել այն։

«Կանազի մշակութային տունը «Կանազ» գործարանի վաճառքից հետո մնացել էր անտեր, օդում կախված։ Մեր չինովնիկներից մեկի կողմից հանձնվել էր իր ընկերներին, հետո այդ ընկերները փորձեցին ինչ-որ բան այնտեղ անել, չստացվեց ու կեսից շատը վաճառել էին, մեջն էլ բավականին գույք կար։ Հետո նորից վերավաճառվել էր։ 2007թ. այդ շենքը շատ պատահական այն ժամանակվա էկոնոմիկայի նախարարության կողմից գտնվել էր, ու մեր ներկայացումը նայելուց հետո՝ առաջարկեցին մեզ։ Իմ երազանքն է միշտ եղել ունենալ մանկական թատերական դպրոց և մանկական թատրոն։ Շենքը ոչ մեկը ոչ մեկին նվեր չի տվել, դա պետական շինություն է։ Ես դիմել եմ վարձակալությամբ՝ 99 տարով, որ տարիները հերիքեն, որովհետև այն ծախսատար է»:

Հրանտ Թոխատյանն արձագանքել է նաև Փոստանջյանի այն արտահայտությանը, թե դերասանը «գավառական խնջույքների թամադա է». «Փոստանջյանն ինձ մեղադրում է այն բանում, թե ես գավառական խնջույքների թամադա եմ։ Ես չեմ ամաչում այն բանից, որ թամադայություն եմ արել։ Ես դա արել եմ շատ լավ, դրա համար մարդիկ ինձ շատ մեծ գումարներ են տվել։ Չկա մեր հանրապետությունում մեկը, որը թամադայության համար ստանար այնքան գումար, ինչքան ես ստանում էի այն ժամանակ, երբ զբաղվում էի դրանով։ Իսկ այդ գումարներով մենք բավականին լավ գործեր ենք արել»։




Լրահոս