«Հայանտառ»-ում և Բնապահպանության նախարարությունում կոռուպցիոն խմբի բացահայտումը ՀՅԴ-ին ուղղված ակնա՞րկ. ներկոալիցիոն խմորումներ. խմբագրական

«Հայանտառ»-ում և Բնապահպանության նախարարությունում կոռուպցիոն խմբի բացահայտումը ՀՅԴ-ին ուղղված ակնա՞րկ. ներկոալիցիոն խմորումներ. խմբագրական

Իշխանական կուլիսներում հետաքրքիր ինտրիգներ են սկսվել: Երեկ հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն Հայաստանի տարբեր անտառտնտեսություններում տեւական ժամանակ մեծ ծավալների ծառերի ապօրինի հատումների, ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից այդ հանցագործությունների թողտվության, հովանավորչության, կաշառք տալու եւ կաշառք ստանալու օժանդակության դեպքեր է բացահայտել:

Այս կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ ասված է. «Քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալի, նույն տեսչության ավագ տեսուչի կողմից, նյութական շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անտառտնտեսությունում իրականացված ստուգման ընթացքում հայտնաբերված ապօրինի հատված ծառերի իրական ծավալները չարձանագրելու դիմաց խոշոր չափերով կաշառք ստանալու, տեսչության բաժնի պետի տեղակալի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձի կողմից կաշառք տալու, ինչպես նաեւ քաղաքացու կողմից վերջինիս կաշառք տալուն օժանդակելու վերաբերյալ»:

Ասել է, թե տեւական ժամանակ «Հայանտառ» ՊՈԱԿ-ում եւ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչությունում գործել է կոռուպցիոն մեծ խումբ: Իսկ այս ոլորտները, եթե հիշում եք, իշխող կոալիցիայի մաս կազմող ՀՅԴ-ի վերահսկողության տակ են, ընդ որում, արդեն բավական երկար տարիներ: Անգամ այն ժամանակ, երբ ՀՅԴ-ն ընդդիմադիր դիրքերում էր, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը ՀՅԴ-ական Մարտուն Մաթեւոսյանն էր, ու նրա կոռուպցիոն գործունեության մասին մամուլը ողողված էր տարբեր հրապարակումներով: Միայն թե իրավապահներն այս ընթացքում աչք էին փակում այս ամենի վրա: Բացի այդ՝ բնապահպանության նախարարը ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն է, այնպես որ, ուզած-չուզած, սլաքներն ուղղվում են հենց ՀՅԴ-ի ուղղությամբ:

Թե ինչո՞ւ, դժվար չէ կռահել. նախորդ շաբաթ ՀՅԴ-ն Բյուրոյի եւ Գերագույն մարմնի համատեղ ընդլայնված նիստ էր անցկացրել, որտեղ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը լի էր տողատակերով՝ իշխանության մեջ գտնվելով հանդերձ, որոշակի դժգոհություն եւ անուղղակի քննադատություն կար, ու բացի այդ՝ նշված էր, թե «Քաղաքական համագործակցության շրջանակներում ՀՅԴ-ն առաջնորդվելու է նախաձեռնողականության ու ինքնուրույնության գործելակերպով»: Բացի այդ՝ ՀՅԴ-ն 2018թ ընդառաջ սկսել է ներքին «խաղեր տալ», եւ Սերժ Սարգսյանն էլ որոշել է հիշել առայժմ մանր անտառահատներին: