Ընտրվել են նորաստեղծ Բարձրագույն դատական խորհրդի երեք անդամներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 28-ին Արցախի դատավորներն ընտրել են ԱՀ Սահմանադրության փոփոխությունների արդյունքում դատական համակարգում նոր ստեղծված մարմնի՝ Բարձրագույն դատական խորհրդի երեք անդամների:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ ժողովի ընթացքում ինքնաառաջադրվել են երեք թեկնածուներ, որոնք ստացել են բավարար քվեներ, և ժողովը վարող Գերագույն դատարանի նախագահ Ն. Նարիմանյանը հրապարակել է համապատասխան որոշումը, ըստ որի, 5 տարի պաշտովարման ժամկետով Բարձրագույն Դատական խորհրդի դատավոր անդամներ են ընտրվել Գերագույն դատարանից՝ Գայանե Գրիգորյանը, Վերաքննիչ դատարանից՝ Նորայր Գրիգորյանը և Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանից՝ Դավիթ Ավանեսյանը:

Շնորհավորելով Դատական խորհրդի նորանշանակ անդամներին՝ Ն. Նարիմանյանը կարևորել է նրանց աշխատանքը, նշելով, որ այն կնպաստի դատական իշխանության ինքնուրույնությանը, ինքնակառավարմանը՝ երաշխավորելով դատավորների և դատարանների անկախությունը:

Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ ԱՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամ, Գերագույն դատարանի դատավոր Գայանե Գրիգորյանն իր խոսքում ասել է, որ իրենք ամեն ինչ կանեն դատական իշխանության արդյունավետ աշխատանքի ապահովման համար:

Նշենք, որ Բարձրագույն Դատական խորհուրդը կազմված է 5 անդամներից, որի մյուս 2 անդամները կնշանակվեն ԱՀ նախագահի և ԱԺ-ի կողմից:

Հավելենք, որ նոյեմբերի 30-ին կայանալիք լիագումար նիստում Խորհրդարանը կքննարկի Բարձրագույն Դատական խորհրդի անդամի պաշտոնում «Հայրենիք» խմբակցության կողմից առաջադրված Շուշանիկ Հայրապետյանի թեկնածությունը: Վերջինս ներկայումս զբաղեցնում է ԱՀ Հաշվեքննիչ պալատի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:




Լրահոս