ՉԵՄ ՍՏԻՊՈՒՄ, ԲԱՅՑ ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը

-Պարո՛ն Սահակյան, հայտնի է, որ նոր պաշտոնին նշանակվելու օրվանից Դուք ստուգումներ եք սկսել նախարարությունում, որի հետեւանքով, ինչպես պարզ դարձավ, նաեւ պաշտոնանկության դեպքեր են եղել, արդյո՞ք այդ ամենը ֆինանսական չարաշահումների բացահայտման արդյունք է եղել:
-Ես մեկ-երկու անգամ ներկայացրել եմ մեր մոտեցումները, սկզբունքները. դա արդար, ազնիվ անաչառ, սրտացավ նվիրված աշխատանքն է: Այս կոնտեքստում սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվելը ես նույնպես ողջունում եմ: Իսկ մամուլում աղմուկ բարձրացնելու հետ կապված ժողովրդական լավ ասացվածք կա՝ «Արջն իր ահից է գոռում»: Սա ի գիտություն ընդունենք: Իսկ գործընթացի առումով այս պահին մեր ֆինանսական համապատասխան բաժնում իրականացվում է աուդիտ, այսինքն՝ համակարգի խնդիրները վեր հանելու եւ դրանք լուծելու առումով: Գնումների գործընթացում կային որոշակի թերացումներ, որոնք մենք բացահայտել ենք, շտկել ենք: Իմ մոտեցումն այս աշխատանքի եւ իմ բարձրագույն ղեկավարության պահանջը հետեւյալն է՝ եթե կան թերացումներ, կան խնդիրներ, կա կոռուպցիա, մենք փորձելու ենք ամեն գնով պայքարել եւ վերացնել:
-Սակայն աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արայիկ Պետրոսյանը նշել էր, թե ազատված Եղիշե Ջհանգիրյանը լավագույն աշխատողներից է եղել, եւ պարզապես Ձեր սրտով չի եղել:
-Այս առումով ասեմ հետեւյալը. այս դեպքում իմ եւ սոցապ առաջին փոխնախարարի՝ ազնվության, անաչառության վերաբերյալ պատկերացումները շատ խիստ տարբերվում են: Ես որեւէ անձնական խնդիր չունեմ ո՛չ տվյալ անձնավորության, ո՛չ առաջին տեղակալի հետ: Սեփական դիմումի համաձայն դուրս գալը կամ պետի սրտով չլինելը… պետի սրտով այլ բան կարող է չլինել, բայց ֆինանսատնտեսական եւ հաշվապահական վարչության պետը դժվար թե իմ սրտով առաջնորդվի:
-Հայտնի է, որ Ջհանգիրյանը վայելում էր նաեւ նախարար Արտեմ Ասատրյանի վստահությունը: Ինչպիսի՞ն են Ձեր եւ Արտեմ Ասատրյանի հարաբերությունները:
-Դա սուտ է, նման որեւէ տհաճ խոսակցություն չէր կարող լինել եւ չի էլ եղել: Ես իմ ցանկացած քայլ իրականացնելուց առաջ նախեւառաջ ունեմ դրա պատասխանը եւ հիմքը՝ անկախ նրանից՝ ում եմ պատասխան տալու՝ իմ յոթ տարեկան տղայի՞ն, թե՞ երկրի նախագահին: Հետեւաբար նման բան չի կարող լինել. նախարարի հետ ունենք լավ, աշխատանքային, ակտիվ հարաբերություններ: Մամուլի հրապարակումները հերթական հրապարակումների շարքից են, որոնք մամուլը հետաքրքրական են դարձնում: Իմ եւ Արտեմ Ասատրյանի միջեւ աշխատանքային, գործընկերային հարաբերություններ են: Կադրերից ազատվելու առումով, եթե մարդը ի վիճակի չէ իրականացնելու անհրաժեշտ սկզբունքները, որ մենք դնում ենք՝ անկեղծություն, հոգատարություն աշխատանքի ու սպառողների նկատմամբ, անկախ նրանից՝ ով է, ինչ է, զգալու է, որ մեր թիմի մեջ տեղ չունի:
-Ամեն դեպքում Ձեր նշանակումից հետո աշխատանքից ազատման այլ դեպքեր էլ են եղել, ինչո՞ւ:
-Մենք ունենք աշխատանքից այլ ազատվածներ եւս, դրա համար նշեցի, որ միայն այդ դեպքն է, որի մասին այդքան հրապարակումներ եղան, եւ դրա համար արջի պատմությունը հիշեցի: Աշխատանքից ազատման այլ դեպքեր եղել են. մեր Էջմիածնի տարածքային բաժնի ղեկավարն է իր դիմումի համաձայն ազատվել, գնումների պատասխանատուն է ազատվել… նորից եմ նշում՝ մենք ստիպողաբար եւ այլ մեթոդներով չենք աշխատում: Ես պարզ եւ հրապարակային եմ. այն մարդիկ, ովքեր մեր հիմնական սկզբունքները, խնդիրները ի վիճակի չեն կյանքի կոչել, իրականացնելու, մենք առաջին իսկ օրը նշել ենք. ավելի լավ է՝ մենք միասին ճանապարհ չգնանք: Ես մեր կադրեր, ձեր կադրեր ձեւակերպումներին ուշադրություն չեմ դարձնում, ես չունեմ կադրեր, բարեկամներ: Իմ բարեկամները մեր 623 աշխատակիցներն են, ովքեր լավ աշխատակիցներ են: Եվ մենք, եթե չունենանք նորմալ, անաչառ թիմ եւ ճիշտ աշխատողներ՝ տարածքներում, մենք ինչ էլ անենք, ի վիճակի չենք լինի նրանց վերահսկել: Պետք է մնան այն մարդիկ, ովքեր հանուն գաղափարի, մեր վաղվա օրվա, պատրաստ են գալ, աշխատել:

 

 

 

ՀՀ-ԵՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ԿՍՏՈՐԱԳՐՎԻ

Նոյեմբերի 24-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում նախատեսվում է ստորագրել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Անխոս, այս համաձայնագրի ստորագրմանը բոլորը սպասում են՝ շունչները պահած. արդյո՞ք այս անգամ համաձայնագիրը կստորագրվի, թե՞ կկրկնվի 2013 թվականի սցենարը: Մտահոգությունները սկսեցին հնչել համաձայնագրի տեքստի հրապարակումից հետո, պարբերաբար կարծիքներ էին հնչում, թե տեխնիկական պատճառներով ստորագրումը կարող է հետաձգվել:
Իբրեւ պատճառ նշվում էր այն հանգամանքը, որ համաձայնագրի նախագիծը իռլանդերեն չի թարգմանվել: Սակայն հետագայում պարզվեց, որ նման խնդիր գոյություն չունի, քանի որ Իռլանդիայի Հանրապետությունում երկու պաշտոնական պետական լեզու է գործում՝ իռլանդերենը եւ անգլերենը: Ուսումնասիրելով այլ երկրների հետ կնքված համաձայնագրերը՝ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Եվրամիության հետ Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի ասոցացման համաձայնագրերը եւս չեն թարգմանվել իռլանդերեն: Իսկ ԵՄ մյուս բոլոր պաշտոնական 27 լեզուներով համաձայնագիրը թարգմանված է:
Ի վերջո, ինչ սպասել նոյեմբերի 24-ին, այս հարցին ի պատասխան՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ համաձայնագրի ստորագրման համար Հայաստանն իր աշխատանքն ամբողջությամբ ավարտել է: «Ավելին՝ ելնելով այն սպասումներից, որ ԵՄ մեր գործընկերները նույնպես պիտի գործադրեն համարժեք եւ շոշափելի ջանքեր այս ուղղությամբ, մեր հանձնաժողովը որոշում է կայացրել եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովի հետ միասին հրավիրել թեմային վերաբերող խորհրդարանական լսումներ դեկտեմբերի 1-ին»,- հավելեց Աշոտյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաեւ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն՝ հասկանալու համար, թե արդյոք ԵՄ-ն եւս պատրաստ է համաձայնագրի ստորագրմանը: Ի պատասխան մեր հարցմանը՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակից տրված պատասխանում նշված է. «ԵՄ պատվիրակությունը հաստատել է, ԵՄ-ի կողմից ամեն ինչ պատրաստ է՝ համաձայնագրի ստորագրման համար, եւ տեխնիկական խոչընդոտներ չկան»:
Այլ խոսքով ասած՝ այս պահին ամեն ինչ պատրաստ է համաձայնագրի ստորագրմանը: Սակայն միեւնույն ժամանակ չի բացառվում, որ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղափոխվել: Օրերս Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանը, անդրադառնալով համաձայնագրի ստորագրմանը, ասել էր. «Ի սկզբանե կուզեի հստակեցնել, որ Հայաստանի հետ համաձայնագիրը կստորագրվի: Սրա վերաբերյալ դեռ կասկած չկա, եւ ես կարծում եմ, որ վստահաբար դա տեղի կունենա գագաթնաժողովի ընթացքում կամ դրա շրջակայքում»:
Հավելենք, որ հայկական կողմից համաձայնագիրը պետք է ստորագրի Սերժ Սարգսյանը, նրա գլխավորած պատվիրակության կազմում կլինի նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Ենթադրվում է, որ փոքրաթիվ պատվիրակության կազմում խորհրդարանի ներկայացուցիչներ եւս կլինեն:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱՌԵՐԵՍՈՒՄ
ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի գործը հետաքրքիր ընթացք է ստանում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Շահումյանի թռչնաֆաբրիկայի տնօրինությունը դիմել ՀՀ քննչական կոմիտեին, որպեսզի ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի հետ առերեսում իրականացվի: Ինչպես հայտնի է` հուլիսի 16-ին գողություն կատարելու մեղադրանքով բերման էր ենթարկվել ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը: Նա կասկածվում է Շահումյանի թռչնաֆաբրիկայի պահեստներից գողություն կատարելու դրդչության մեջ: Նշենք, որ ֆաբրիկայից գողացել էին սառնարաններ, լոգարաններ եւ կենցաղային այլ իրեր: Միաժամանակ, մեզ հասած տեղեկություններով, թալանված ընկերության տնօրենը այս օրերին առարկություն է ներկայացրել նախաքննությունը իրականացնող մարմնին՝ կապված գողացված ապրանքների գնահատման մասով:

 

 

 

11 ՄԼՆ ԴՐԱՄ՝ ՀՀԿ-ԱԿԱՆԻՆ
ՀՀ դատախազությունն ուսումնասիրում է Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի հայտարարությունը՝ մայրաքաղաքի բյուջեից Հայաստանի ավագանիների ասոցիացիային փոխանցվող գումարների մասին: Նշենք, որ խոսքն այդ հիմնադրամին փոխանցվող 11 մլն դրամի մասին է: Նշենք, որ տվյալ ասոցիացիայի նախագահը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանն է: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2015 թվականին ասոցիացիային վճարել էին 5.5 մլն դրամ, սակայն հետագայում այն կրկնապատկելու որոշում է կայացվել: Հետաքրքիրն այն է, որ Երեւանի քաղաքապետարանն ավագանու անդամին ուղղված իր պաշտոնական պատասխանում նշել է, թե այդ գումարն ուղղված է արտադրական ծախսերին: Սակայն ավագանիների ասոցիացիան փաստացի չի գործում, եւ հարց է առաջանում, թե ինչին են ուղղված այդքան գումարները: Մասնավորապես ասոցիացիայի կայքում վերջին տեղեկությունը թարմացվել է ոչ ավել, ոչ պակաս 2013 թվականի նոյեմբերի 10-ին: Դրանից հետո որեւէ տեղեկություն առկա չէ. այլ խոսքով ասած՝ ՀՀԿ պատգամավորի ղեկավարած ասոցիացիան տեւական ժամանակ է՝ անգործության է մատնված, սակայն նրան տրվելիք գումարները ոչ թե նվազում են, այլ աճում:

 

 

 

ԴՈՒՍՏՐԸ` ՆԱԽԱԳԱՀ
Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո «Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի» նախագահի պաշտոնը թափուր էր մնացել: Բանն այն է, որ հիմնադրամի նախագահի պաշտոնը զբաղեցնող Իվետա Տոնոյանը դարձավ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Ծառուկյան բարեգործական հիմնադրամ»-ը նոր նախագահ ունի՝ Գագիկ Ծառուկյանի կրտսեր դուստրը` Անահիտ Ծառուկյանը, ով Մ. Հերացու անվան բժշկական պետական համալսարանի ուսանող է: Նա արդեն վեց տարի է, ինչ սովորում է բժշկական համալսարանում։




Լրահոս