Նախկին պատգամավորի որդին բիզնեսով կզբաղվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հովհաննես Սոֆոյանի որդին՝ Սերգե Սոֆոյանը, նոր բիզնես է հիմնել: ՀՀ կառավարության նախօրեի նիստում նրան պատկանող «Դամալա Գրուպ» ՍՊԸ-ին նույնիսկ տարածք հատկացվեց:
Խոսքը ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված Երեւան քաղաքի Մ. Մելիքյան նրբանցք, 23 հասցեում գտնվող 6 հազար 319 քառառակուսի մետր մակերեսով շենք- շինությունների եւ դրանց օգտագործման ու սպասարկման համար նախատեսված շուրջ վեց հեկտար մակերեսով հողամասի մասին է: Կառավարության որոշման նախագծից տեղեկանում ենք, որ այդ տարածքում, համաձայն ընկերության կողմից ներկայացված ներդրումային ծրագրի, կոշիկի եւ հագուստի արտադրություն է հիմնադրվելու:

Նախագծից տեղեկանում ենք նաեւ, որ երկու տարվա ընթացքում ընկերությունը պետք է իրականացնի 5 մլն դոլարին համարժեք ներդրում՝ առաջին տարում՝ 3 մլն դոլար, իսկ երկրորդում՝ 2 մլն դոլար: Ենթադրվում է, որ այդ ներդրումների արդյունքում կստեղծվեն 350-450 աշխատատեղեր: Ի դեպ, ներդրումներն ուղղորդվելու են տարածքի ձեռքբերման, շենք-շինությունների վերանորոգման, ինչպես նաեւ սարքավորումների ու հումք ձեռք բերելուն:

Նախատեսվում է արտադրել շուկայի միջին եւ բարձր որակի հագուստ ու կոշիկ: Ի դեպ, ենթադրվում է, որ արտադրանքի մի մասը արտահանվելու է:
Ինչպես վերը նշեցինք, «Դամալա գրուպ» ՍՊԸ-ի հիմնադիրը Սերգե Սոֆոյանն է, ում հայրն ԱԺ հինգերորդ գումարման խորհրդարանի պատգամավոր էր, սակայն վեցերորդ գումարման խորհրդարանում նրան հայտնվելու բախտ չվիճակվեց: Վերջինս 2008 թվականից զբաղեցրել է ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալի եւ գործադիր տնօրենի պաշտոնը: Պատգամավորական իր ամբողջ գործունեության ընթացքում նա խորհրդարանում աչքի է ընկել իշխանության կողմից ներկայացված բոլոր նախագծերին լուռ կողմ քվեարկելով: Հայտնի է, որ նա խորհրդարանում էր հայտնվել ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի շնորհիվ, ում հետ պատգամավորը վաղուց մտերիմ հարաբերությունների մեջ է եղել:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս