Որոնք են ԵԱՏՄ-ում առկա չլուծված խնդիրները ըստ Պուտինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրասիական տնտեսական միությունում կան մի շարք չլուծված հարցեր էներգետիկայի և մաքսային ոլորտներում, սակայն կա դրանք լուծելու գործողությունների  պլան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ամենամյա
ասուլիսի ընթացքում այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: «Եվրասիական տնտեսական միությունը մեր բոլորի համատեղ ձեռքբերումն է:

Քննադատները միշտ շատ են, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, սակայն թվերը ցույց են տալիս, որ որոշումները ճիշտ են եղել, և մենք առաջ ենք շարժվում մեզ անհրաժեշտ բոլոր ուղղություններով: Դրա մասին է վկայում այն հանգամանքը, որ ավելանում է ներքին առևտրաշրջանառությունը, ներքին արտահանումը. այս ամենը երևում է թվերով: Նույնիսկ այն երկրները, որոնք նոր են միացել մեզ, դրական արդյունք ունեն»,- ասել է ՌԴ նախագահը:

Վլադիմիր Պուտինը հավելել է, որ առայժմ կան չլուծված հարցեր՝ կապված էներգակիրների և էլեկտրաէներգիայի հետ: «Սակայն մենք ունենք գործողությունների պլան, թե երբ պետք է մենք այս ոլորտներում անցնենք
ընդհանուր լիբերալացման: Եվ մենք առաջ կշարժվենք համաձայն այդ պլանի»,- նշել է Պուտինը:

Նա խոսել է նաև մաքսային ոլորտում առկա խնդիրների մասին: «Մենք պայմանավորվել ենք, և ես հույս ունեմ, որ կիրականացնենք մեր տարածքներով փոխադրվող ապրանքների տեղաշարժն էլեկտրոնային եղանակով վերահսկելու քայլեր: Սա շատ կարևոր և անհրաժեշտ գործողություն է»,- նշել է ՌԴ նախագահը՝
կարևորելով նաև ԵԱՏՄ անդամ երկրներում համատեղ մաքսային կետեր ունենալու գաղափարը:




Լրահոս