Խելամիտ պայքարի սպասելիս. սթափվելու ժամանակն է. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի հրավիրած ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ երեկ անդրադարձ է եղել ահաբեկչության դեմ տարվող պայքարին: Ըստ պաշտոնական հաղորդագրության` քննարկվել են ահաբեկչության դեմ պայքարի իրավական ու կառուցակարգային նախադրյալների ամրապնդման խնդիրները: Սերժ Սարգսյանն էլ «որպես ամենագործուն միջոցներ, առանձնակի կարեւորել է երեք ուղղություն. օպերատիվ հետախուզական աշխատանքների կատարելագործումը, այդ թվում՝ տեխնիկական միջոցների կատարելագործումը, հակազդման ստորաբաժանումների հնարավորությունների բարձրացումը եւ միջազգային համագործակցության ընդլայնումն ու առաջավոր փորձի փոխանակումը»:

Հատկանշական է փաստը, որ ահաբեկչության դեմ պայքարի թեմայով Սերժ Սարգսյանի հրավիրած ԱԱԽ նիստը հաջորդեց ԱԱԾ վերջին հաղոդագրությանը, ըստ որի` իրենք բացահայտել էին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու դեպք, երբ ազգությամբ հայ ԱՄՆ քաղաքացին սոցիալական ցանցում իշխանության տարբեր ներկայացուցիչների նկատմամբ հաշվեհարդար եւ բռնություններ կիրառելու մասին գրառումներ էր արել ու այդ նպատակով խմբեր կազմելու կոչեր հնչեցրել:

Միայն թե, նկատենք, իշխանությունները նույն այս տրամաբանությամբ պետք է ձերբակալեն հանրապետության բնակչության մեծ մասին, հատկապես գյուղամիջում կամ զբոսայգիներում հավաքվող ու զրուցող ծերունիներին, որոնք որպես իշխանությունից ազատվելու եւ երկիրը ծանր վիճակից դուրս բերելու միակ ելք մատնանշում են պաշտոնյաների նկատմամբ հաշվեհարդարը: Ու սա այն պարզ պատճառով, որ հասարակական դժգոհությունն օրեցօր գնալով ավելանում է, եւ երբ հասարակությունը տեսնում է՝ ընտրությունների միջոցով չի կարող փոխել իշխանությանը, որպես վերջին քայլ մտածում է ծայրահեղ միջոցը: Այնպես որ, իշխանությունները ճիշտ կանեին, եթե նախ եւ առաջ մտածեին իրենց նկատմամբ օրեցօր խորացող հասարակական դժգոհությունների պատճառների մասին ու փորձեին վերացնել դրանք:

Այս ամենը, սակայն, չի նշանակում, թե իշխանությունները պետք է աչքաթող անեն ահաբեկչության դեմ պայքարի թեման, այն էլ տարածաշրջանային զարգացումների համատեքստում, ղարաբաղյան հակամարտության առկայության պարագայում: Բավական է միայն հիշել Իսլամական պետության ահաբեկիչներին, որոնք վերջերս թափանցել էին անգամ Վրաստան: Ու որքան էլ Հայաստանը զբոսաշրջության համար համարվի անվտանգ պետություն, միեւնույն է` իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն: Ուղղակի այդ քայլերը պետք է լինեն տրամաբանության շրջանակներում եւ չարժեզրկեն ահաբեկչության դեմ պայքարը:




Լրահոս