ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի սահմանային պաշտպանական տեղամասերից մեկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ, ավանդույթի համաձայն, տոների նախաշեմին այցելել է հանրապետության սահմանամերձ բնակավայրերից մեկը եւ պետական սահմանի պահպանության տեղամաս ու մարտական դիրք:

Այս տարի Նախագահը եղել է Տավուշի մարզի Պառավաքար համայնքում եւ սահմանային տեղամասում ու մարտական դիրքում: Սերժ Սարգսյանը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորների եւ հրամանատարների հետ, շրջայց կատարել մարտական հենակետում եւ ծանոթացել ծառայության անցկացման, ինչպես նաեւ զինվորների կենցաղային պայմաններին:Հանրապետության Նախագահը խրախուսել է ծառայության ընթացքում անձնվիրությամբ եւ խիզախությամբ աչքի ընկած մի խումբ սպաների եւ զինվորների` հանձնել նվերներ: Սերժ Սարգսյանը թեյի սեղանի շուրջ զրուցել է խրախուսանքի արժանացած զինծառայողների հետ, որից հետո տոնական սեղանի շուրջ մարտական հենակետում ճաշել է զինծառայողների հետ:

Նախագահը շնորհավորել է Հայոց բանակի բոլոր զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ, հղել բարեմաղթանքներ եւ շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:

Նախագահը բաժակ է բարձրացրել բոլոր զինվորների, սպաների, նրանց ընտանիքների, հարազատների` բոլոր այն մարդկանց համար, ովքեր ոգեշնչում են զինծառայողներին իրենց գործը կատարելու, ովքեր որոշակի վաստակ են ունեցել հայրենիքի զինվորների կյանքի ուղու ընտրության եւ ովքեր շարունակելու են ճիշտ ճանապարհով ուղղորդել վաղվա զինվորներին, սպաներին, գեներալներին:

Հանրապետության Նախագահն այնուհետեւ սահմանամերձ Պառավաքարում հանդիպում է ունեցել այդ գյուղի, ինչպես նաեւ Վարագավան, Ներքին Ծաղկավան, Չինչին համայնքների բնակիչների ու Իջեւանի եւ Բերդի տարածաշրջանների սահմանամերձ համայնքների ղեկավարների եւ վարչական ներկայացուցիչների հետ: Տոնական սեղանի շուրջ Սերժ Սարգսյանը զրուցել է նրանց հետաքրքրող եւ հուզող հարցերի մասին, շնորհավորել ու բարեմաղթանքներ հղել գալիք տոների կապակցությամբ:

Հանրապետության Նախագահը Պառավաքարում ծաղիկներ է դրել ազատամարտիկների հիշատակին նվիրված խաչքարին եւ Վեհափառ Հայրապետի հետ մոմ վառել հարեւանությամբ գտնվող մատուռում:




Լրահոս