Բռնցքամարտիկները մրցաշրջանը սկսել են Ծաղկաձորում հավաքով

Այսօրվանից Հայաստանի բռնցքամարտի հավաքականն ուսումնամարզական հավաք է սկսում Ծաղկաձորում, որը կտեւի մինչեւ հունվարի 23-ը:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը հայտնեց, որ հավաքին մասնակցում է 22 բռնցքամարտիկ:

«Տարին դեռ նոր է սկսվել: Առաջին հավաքին, շեշտը ինչպես միշտ կդրվի ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության վրա: Ընդլայնված կազմով ենք աշխատում, յուրաքանչյուրը հնարավորություն ունի իրեն լավագույն կողմերով դրսեւորելու:

Ինչպես գիտեք, այս տարի մեծահասակների աշխարհի ու Եվրոպայի առաջնություններ չեն անցկացվելու: Կուսումնասիրենք AIBA-ի օրացույցը եւ կորոշենք՝ որ մրցաշարերում հանդես գալ: Մեզ սպասում են նաեւ մինչեւ 18 եւ 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունները: Դրա համար մեծ ուշադրություն կդարձնենք երիտասարդ բռնցքամարտիկներին, որպեսզի լավ պատրաստվեն պատասխանատու մրցաշարերին»,- ասաց Դավիթ Թորոսյանը: