Քննարկվել են բուհերի դասակարգման և հաշվետվողականության մոդելներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում բարձրագույն կրթության բարեփոխումներին նվիրված հերթական աշխատաժողովն է տեղի ունեցել Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակում: Աշխատանքային քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը, Հայաստանի բուհերի ներկայացուցիչներ և միջազգային փորձագետներ:

Կարևորելով քննարկումը՝ ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանն ընդգծել է, որ «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: «Օրենքի ընդունումից հետո պետք է իրականացվի հաջորդական քայլերի մի ողջ ծրագիր, որը հնարավորություն կտա իրականություն դարձնել օրենքով նախատեսված փոփոխությունները: Միջազգային փորձագետների կարծիքներն ու տարբեր երկրներում ներդրված փորձը մեզ համար կարևոր են՝ ազգային համակարգը բարեփոխելու տեսանկյունից: Նախատեսվող փոփոխություններից կարևոր են հատկապես բուհերի դասակարգումն ու հաշվետվողականությունը. մեզ համար չափազանց կարևոր է հասկանալ, թե ինչ չափանիշներով պետք է առաջնորդվել բուհերի դասակարգման համար, որ բուհերը կարող ենք կոչել համալսարան»,- իր խոսքում նշել է Վահրամ Մկրտչյանը և հավելել, որ Հայաստանի կրթական համակարգի համար կարևոր է քննարկել դասակարգման, վարկանիշավորման, ինչպես նաև թափանցիկության և հանրային հաշվետվողականության չափորոշիչների միջազգային փորձը:

Աշխատաժողովի ընթացքում միջազգային փորձագետներ Դենիս Նիկոլաևը և Ֆրանցիսկո Մարմոլեյոն Դանիայի օրինակով ներկայացրել են բարձրագույն կրթության դասակարգման, ինքնավարության և հանրային հաշվետվողականության մոդելները: Անդրադարձ է եղել նաև ՌԴ և եվրոպական մի քանի երկրների փորձին: Աշխատաժողովը կշարունակվի նաև փետրվարի 6-ին:




Լրահոս