ՄԵԴԱԼՆԵՐ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՊՆ ԹԻՐԱԽՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի մոտ սովորություն է դարձել մատակարարների հետ պայմանագրեր խզելը: Ակնհայտ է, որ Վիգեն Սարգսյանը պաշտպանության նախարար նշանակվելուց հետո «ընկել է մատակարարների հետեւից»: «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է մի քանի ընկերությունների հետ ՊՆ մատակարարման պայմանագրերը խզելու գործընթացին: Այս անգամ ՊՆ թիրախում է հայտնվել Երեւանի ոսկերչական գործարան «Գնոմոն» ընկերությունը, որի հետ պայմանագիրը նախարարությունը խզել է ծիծաղելի պատճառով:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի ոսկերչական գործարան «Գնոմոն» ԲԲԸ-ն բողոքով դիմել է գնումների բողոքարկման խորհուրդ` ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության: Ինչպես հայտնի է` պետական բյուջեն որոշ մասնավոր ընկերությունների շահույթի կայուն աղբյուրն է: Նրանք տարեկան միլիոնավոր դրամներ են ստանում` պետական կարիքները հոգալու համար: Պետական միջոցներով սնվող ընկերությունների թվում է նաեւ Երեւանի ոսկերչական գործարան «Գնոմոն»-ը, որը մեդալներ, հուշամեդալներ եւ կրծքանշաններ է մատակարարում գերատեսչություններին: Ըստ որոշ տեղեկությունների` «Գնոմոն» ԲԲԸ-ի բաժնետերերի 75,89 տոկոսի սեփականատերը «Գնոմոն» ՍՊԸ-ն է, 10.13 տոկոսինը Հայաստանի ոսկեգործների եւ ադամանդագործների միության նախագահ Էմիլ Գրիգորյանն է, 2,28 տոկոսինը Գրիգորյանի ընտանիքի անդամներից Սեդա Հակոբյանն է, իսկ մնացած 11,7 տոկոսը բաշխված է 1454 բաժնետերերի միջեւ: Ի դեպ, հիմնական բաժնետեր «Գնոմոն» ՍՊԸ-ն գրանցված է Ռուսաստանում: Ընկերության 50 տոկոս բաժնետերը Հայաստանի ոսկեգործների եւ ադամանդագործների միության նախագահ Էմիլ Գրիգորյանն է, մնացած 50 տոկոսը բաշխվել է նրա դուստրերի միջեւ:
Բանն այն է, որ ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար տարբերանշանների ձեռքբերման նպատակով կազմակերպվել է գնանշման ընթացակարգ, որին մասնակցելու նպատակով, ի թիվս այլ մասնակիցների, հայտ է ներկայացրել նաեւ Երեւանի ոսկերչական գործարան «Գնոմոն» ԲԲԸ-ն: ՊՆ-ն ցանկացել է 13 մմ տրամաչափով ոսկեգույն աստղեր պատվիրել: Բայց ընթացակարգի գնահատող հանձնաժողովը որոշել է մերժել «Գնոմոն»-ի հայտը` պատճառաբանելով, որ չի համապատասխանում հրավերի պահանջներին: Պարզվել է, որ ընկերության կողմից ներկայացված վճարման պահանջագրի մեջ վճարողի բանկի հաշվեհամարում առկա է եղել ավել աննշան գծիկ`(-): Ինչպես նաեւ ընկերության կողմից ներկայացված գնային առաջարկի 1-ին չափաբաժնի մասով եւս դիտվել է անհամապատասխանություն, այն է` ավելացված արժեքի հարկի մասով տեղի է ունեցել թվերի սխալ տեղաբաշխում` 168 հազար դրամի փոխարեն նշվել է 160 հազար 800 դրամ:
Բացի այս` «Գնոմոն»-ը բողոքարկման խորհրդին հայտնել է նաեւ, որ 2-րդ տեղ զբաղեցնող ընկերության ներկայացրած գնային առաջարկի համեմատ իրենք ունեն 1 մլն 529 հազար 372 դրամի, իսկ պաշտպանության նախարարության նախահաշիվային գնի հետ` 4 մլն 505 հազար 100 դրամ տնտեսում: Այսինքն` «Գնոմոն»-ի առաջարկած գինն ավելի էժան է եղել, քան մյուս ընկերություններինը: Ըստ «Գնոմոն»-ի` այս ամենը հաշվի չի առնվել, ինչի արդյունքում խախտվել են իրենց իրավունքները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Գնոմոն»-ը գնումների բողոքարկման խորհրդից պահանջել է ՊՆ-ին պարտավորեցնել` փոփոխել ընթացակարգի գնահատող հանձնաժողովը կայացրած որոշումը:
Իսկ ահա պաշտպանության նախարարությունն էլ իր հերթին պնդում է, որ «Գնոմոն»-ի հայտը մերժվել է, քանի որ տուժանքի վճարման անդորրագիրը հայտատուի կողմից լրացված է եղել ոչ պատշաճ ձեւով, այն է` բանկային հաշվեհամարում առկա է եղել ավելորդ նիշ: Ասել է, թե մի գծիկի պատճառով ՊՆ-ն ընկերությանը զրկել է ոսկե աստղեր մատակարարելուց:
Այնուամենայնիվ, խորհուրդն ուսումնասիրել է ե՛ւ «Գնոմոն»-ի բողոքը, ե՛ւ ՊՆ-ի գրություններն ու ներկայացրած փաստաթղթերը: Ըստ այդմ, «Վճարման պահանջագրի պարտադիր վավերապայմանների եւ լրացման կարգի» 5-րդ կետի համաձայն` վճարման պահանջագրի «վճարողի հաշվի համարը» պարտադիր դաշտը պարտադիր լրացվում է վճարողի բանկային հաշվի համարը իրեն սպասարկող ֆինանսական կազմակերպությունում, որից պետք է գանձվի պահանջագրով նշված գումարը: Իսկ «Գնոմոն»-ը խորհուրդին ներկայացրել է «Արարատբանկ»-ի կողմից ընկերությանը տրված տեղեկանքը առ այն, որ պահանջագրում նշված դրամային հաշվի վրիպակը` ավել նիշ գծիկը (-), խոչընդոտ չի հանդիսանա վճարման համար:
Իսկ ինչ վերաբերում է ավելացված արժեքի հարկի տողում ընկերության կողմից թույլ տրված վրիպակին` 160 000 դրամի փոխարեն նշվել է 160 հազար 800 դրամ, խորհուրդը գտել է, որ ընկերությունը ճիշտ է նշել արժեքը` ինքնարժեքի եւ կանխատեսվող շահույթի հանրագումարը: Այս վրիպակը չի կարող դիտարկվել որպես էական հանգամանք: Միաժամանակ գնումների բողոքարկման խորհուրդը արձանագրել է, որ «Գնոմոն»-ի ներկայացրած գնային առաջարկի մեջ ԱԱՀ-ի գումարի վրիպակը անհավասար պայմաններ չի ստեղծում մյուս մասնակիցների համար: Ըստ գնումների բողոքարկման խորհուրդի` նման հանգամանքներում «Գնոմոն»-ի կողմից ներկայացված հայտը վերը նշված հիմքով ենթակա չէ մերժման:
Արդյունքում` գնումների բողոքարկման խորհուրդը գտել է, որ «Գնոմոն»-ի բողոքը հիմնավոր է եւ ենթակա է բավարարման: Եւ ընկերության ներկայացրած բողոքը բավարարվել է: Ապա խորհուրդը պարտավորեցրել է գնանշման ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` դադարեցնելու Երեւանի ոսկերչական գործարան «Գնոմոն» ընկերության հայտը մերժելու մասին որոշումը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս