ԱՐՑԱԽՈՒՄ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ-ի կողմից ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի ընտրությունն այնքան էլ Արցախի Հանրապետության ղեկավարության սրտով չէ: Պատճառն Արցախի ղեկավարության եւ ժողովրդի համար ամենակարեւոր հարցին` ղարաբաղյան խնդրին է առնչվում: Արցախի իշխանությունները չեն կարծում, թե Սարգսյանն այս հարցում կարող է իր նպաստը բերել եւ, ընդհանրապես, ճիշտ ներկայացնել հարցի էությունը:

Արցախի իշխանություններն այնքան էլ համոզված չեն, որ ի տարբերություն Սերժ Սարգսյանի` Արմեն Սարգսյանը կարող է այս հարցը ներկայացնել տարբեր ամբիոններից, առաջարկներով հանդես գալ եւ այլն:
Նշենք, որ փետրվարի 16-ին դեռեւս ՀՀ նախագահի թեկնածուի կարգավիճակում գտնվող Արմեն Սարգսյանը մեկնել էր Արցախ, որտեղ հանդիպել էր Արցախի ԱԺ նախագահի, իշխանական կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Հատկանշական է, որ քաղաքական դաշտի ընդդիմադիր գործիչների հետ Արմեն Սարգսյանը հանդիպում չի ունեցել: Ղարաբաղի իշխանությունները նրան բազմաթիվ հարցեր են տվել ԼՂ խնդրի հետ կապված: Սակայն Սարգսյանի պատասխանները չեն գոհացրել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հետագայում ԼՂ իշխանությունները ներքին քննարկումների ժամանակ բացասաբար են արտահայտվել Արմեն Սարգսյանի մասին:
Ինչեւէ, ներկայում Արցախից, իհարկե, հերքում են այն տեղեկությունը, թե Արմեն Սարգսյանի` ՀՀ նախագահ դառնալու առթիվ մտահոգություններ ու վերապահումներ կան: Փորձեցինք մեկնաբանություն ստանալ արցախյան քաղաքական դաշտի ներկայացուցիչներից: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Արցախի Հանրապետության խորհրդարանի ամենամեծ խմբակցության` «Հզոր հայրենիքի» պատգամավոր Արթուր Թովմասյանի հետ, որն, ի դեպ, վաղուց է ճանաչում մեր երկրի նորընտիր նախագահին: «Արմեն Սարգսյանին գիտեմ, երբ ես Ազգային ժողովի նախագահ էի, ինքը` ՀՀ վարչապետ: Առաջին այցը նա Արցախից է սկսել»: Հարցին` ի՞նչ կարծիք ունի Արմեն Սարգսյանի մասին, Թովմասյանն ասաց. «Քանի որ մենք միեւնույն բնագավառի մասնագետներ ենք. ես էլ եմ ճշգրիտ գիտությամբ զբաղվում, լավ կարծիքի եմ նրա մասին եւ որպես մասնագետ, ինչու չէ` նաեւ որպես ղեկավարի»: Կոնկրետ ի՞նչ ակնկալիքներ ունեն Արմեն Սարգսյանից Արցախում, փորձեցինք ճշտել Թովմասյանից: Պատգամավորը նշեց, որ միանգամայն համոզված է` Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում Սարգսյանը փայլուն աշխատանք կկատարի:
Դիտարկմանը, թե այդ լիազորությունները բավական սահմանափակվել են, եւ նորընտիր նախագահին քիչ լիազորություններ են մնում, «Հզոր հայրենիք»-ի պատգամավորն արձագանքեց. «Այն լիազորությունները, որ փոփոխություն է կատարվել, դա Արմեն Սարգսյանից չի կախված, այլ ՀՀ մեր հայրենակիցները Սահմանադրության փոփոխություններին կողմ են քվեարկել, եւ այդ առումով խնդիր չեմ տեսնում: Որքան լիազորություն կա, դրա շրջանակներում ինքը կկարողանա կատարել»: Ինչ վերաբերում է ռազմական ոլորտում, մասնավորապես ղարաբաղյան խնդրում ի՞նչ ակնկալիքներ կան, պատգամավորը նշեց. «Ղարաբաղյան խնդրի հետ կապված ոչ միայն Արմեն Սարգսյանից ակնկալիք կա, այլեւ համայն հայությունից. ե՛ւ սփյուռքի մեր հայրենակիցներից, ե՛ւ Հայաստանի Հանրապետության: Սարգսյանը դեսպան էր մինչեւ նախագահ ընտրվելը, եւ ինքը քաջատեղյակ է ոչ միայն բանակցային գործընթացի ներկա փուլին, այլեւ բանակցային գործընթացի ամբողջ պատմությանը»: Դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ Արցախում մտահոգություն կա Արմեն Սարգսյանի նախագահ ընտրվելու կապակցությամբ, Թովմասյանն ասաց. «Չգիտեմ` որ գործիչներն են այդ մտահոգությունը հայտնել, համենայնդեպս, «Ազատ հայրենիք, կուսակցությունում այդպիսի մտահոգություններ չկան: Մենք միշտ էլ ողջունել ենք ՀՀ մեր հայրենակիցների դիրքորոշումը ցանկացած ընտրության վերաբերյալ: Եվ մենք պատրաստ ենք աշխատելու այն մարդկանց հետ, ում դրել է ժողովուրդը խորհրդարանում»: Թովմասյանը ցանկություն հայտնեց նաեւ, որպեսզի համայն հայության ջանքերով արցախյան խնդրի վերջնական լուծումն Արմեն Սարգսյանը գտնի»:
Ինչեւէ, փաստն այն է, որ ղարաբաղյան խնդրի մասով Արմեն Սարգսյանը դեռեւս իր մոտեցումները չի հայտնել:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՕՐԸ ՉԿԱ
Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների զգալի մասն ապրիլի 1-ից հետո դրվելու են կիրառության մեջ: Սակայն մի շարք դրույթներ, մասնավորապես համաձայնագրի տնտեսական մասը, դեռ մնալու են օդից կախված: Բանն այն է, որ ՍԴ-ն նախ պետք է եզրակացություն տա համաձայնագրի սահմանադրականության վերաբերյալ, հետո ՀՀ ԱԺ-ն պետք է մինչեւ ապրիլի 1-ը վավերացնի փաստաթուղթը, որպեսզի այն մտնի ուժի մեջ: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ուժի մեջ կմտնեն մի քանի դրույթներ, քանի որ գրեթե բոլոր ոլորտներում համագործակցությունը կլինի միայն այն դեպքում, եթե համաձայնագիրը վավերացվի Եվրամիության անդամ 28 պետությունների կողմից: Մինչեւ հիմա այդ գործընթացն ավարտել է միայն Էստոնիան: Սակայն Հայաստանի խորհրդարանի կողմից վավերացման դեպքում հիմնականում քաղաքական դրույթներն են գործելու, իսկ տնտեսական դրույթների համար պետք է վավերացնեն բոլորը: Ընդ որում, դրույթները կարող են կասեցվել միայն այն դեպքում, եթե Եվրամիության անդամ երկրներից որեւէ մեկը չվավերացնի համաձայնագիրը:

 

 

ՀՀԿ-Ն ՎԱՃԱՌՔԻ Է ՀԱՆԵԼ ՇԵՆՔԸ
ՀՀԿ ֆինանսական գործերը կարծես թե այդքան էլ լավ չեն: Հավանաբար սա է պատճառը, որ իշխող կուսակցությունը վաճառքի է հանել սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կուսակցությունը վաճառում է Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում գտնվող 455.5 քմ մակերեսով անշարժ գույքը: Ի դեպ, տեղեկացնենք, որ շենքի մեկնարկային գինը կազմում է 37 մլն 398 հազար դրամ: Իսկ ՀՀԿ-ական շենքի աճուրդը տեղի կունենա ապրիլի 12-ին: Բնականաբար, աճուրդը տեղի կունենա դասական եղանակով:

 

 

ՀՐԱՀԱՆԳ ԿԱ
Երեկ հայտնի դարձավ, որ քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանից կաշառք վերցնելու գործով երրորդ քննիչն է կալանավորվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այդ գործընթացն այսքանով էլ կավարտվի: Մամուլում հրապարակվեց, որ Վահագն Աբգարյանը, որ ստեղծել էր հանցավոր խմբավորում, ծրագրել էր մահափորձեր իրականացնել եւ հիմա որպես մեղադրյալ այդ գործի շրջանակներում կալանավորվել է, բավականին լուրջ կապերի մեջ է եղել նաեւ մի շարք պաշտոնատար անձանց հետ` նրանց հետ զրույցներում կիսվելով իր մտադրությունների մասին: Սակայն ըստ մեզ հասած լուրերի` հրահանգ կա, որ գործը կավարտվի միայն Աբգարյանից մահափորձ ծրագրելու գործը կոծկելու համար կաշառք վերցնելու մեջ մեղադրվող քննիչներին ազատազարկելով: Իսկ պաշտոնյաները ջրից չորս դուրս կգան, ցանկացած պահի «հանցագործության մասին իմանալ-չհայտնելու» մեղադրանքով իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվելու սպառնալիքով:

 

 

 

ԱՋԱԿՑՈՒՄ Է ԵԱՀԿ-ԻՆ
Հայաստանում Բրիտանիայի դեսպան Ջութիդ Ֆարնուորթը հայտնել է, որ Մեծ Բրիտանիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Գիտաժողովն իրականացվում է «Հասարակության եւ որոշում կայացնողների ներգրավումը Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման մասին երկխոսության մեջ» ծրագրի շրջանակներում, որը Կովկասի ինստիտուտն իրականացնում է Միացյալ Թագավորության կառավարության հակամարտությունների, կայունության եւ անվտանգության հիմնադրամի աջակցությամբ: Դիվանագետի խոսքով` ղարաբաղյան կարգավորման հարցում առաջընթացի հասնելու համար անհրաժեշտ է, որ հակամարտող կողմերի հասարակություններում ամրապնդվի խաղաղ կարգավորման հասնելու եւ խաղաղություն հաստատելու միտքը: «Մեծ Բրիտանիան անվերապահորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին մադրիդյան սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորման հասնելու համար»,-նշել է նա:

 

 

 

ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՂ ՎԵՐՔ
Բաքու մեկնած Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հանդիպել է Ադրբեջանի մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովի հետ։ TRThaber-ի փոխանցմամբ` Ասադովի հետ հանդիպման ժամանակ Յըլդըրըմը, անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը, ասել է. «Լեռնային Ղարաբաղի հարցը դեռեւս արյունահոսող վերք է: Անշուշտ օրերից մի օր այս սխալը կշտկվի: Թուրքիան կշարունակի լինել Ադրբեջանի կողքին այդ արդար գործում։ Տարածաշրջանում կայունության պահպանման տեսանկյունից Ադրբեջանը պետք է ուժեղ լինի»,-ասել է Թուրքիայի վարչապետը։

 

 

 

ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ` ԴԻՏՈՐԴ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, որպես ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար, այսօր աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ` դիտարկելու ՌԴ նախագահական ընտրությունները: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի եւ Սանկտ Պետերբուրգի օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի հետ: Այցի ավարտին Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահը ռուսական լրատվամիջոցների համար հանդես կգա մամուլի ասուլիսով:

 

 

ԻՏԱԼԻԱՅՈՒՄ Է
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն Իտալիայում է: Իտալիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անջելինո Ալֆանոյի հրավերով Նալբանդյանը Հռոմում կմասնակցի եւ ելույթ կունենա Լիբանանի աջակցությանը նվիրված նախարարական հանդիպմանը:

 

 

30 ՏՈԿՈՍՈՎ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է կենսաթոշակների եւ պետական նպաստների վրա արգելանք դնելու ընթացակարգերի խախտումներին: Վարչապետը հայտարարել է, որ գործող օրենսդրական կարգավորումներով սահմանված են կենսաթոշակի, նպաստների արգելանքի եւ բռնագանձման կիրառման դեպքերի առանձնահատկությունները: «Կենսաթոշակի վրա արգելանք կարող է դրվել միայն գումարի 30 տոկոսի չափով, իսկ պետական նպաստների վրա արգելանք, բռնագանձում առհասարակ չի կարող կիրառվել»,-ասել է վարչապետը` նշելով, որ գործնականում արձանագրվել են օրենսդրական պահանջների խախտման դեպքեր: Կ. Կարապետյանը հանձնարարել է արդարադատության նախարարին, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին, «Թվային Հայաստան» հիմնադրամի տնօրենին եւ առաջարկել ԿԲ-ի նախագահին 2 ամսում մշակել եւ կառավարությանը ներկայացնել առաջարկություններ:
 

ՉԵՆ ՍՊԱՌՆՈՒՄ
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանի փոխանցմամբ` Եվրոպայի սառնամանիքներն առայժմ Հայաստանին չեն սպառնում: Առաջիկա օրերին կտրուկ եղանակային փոփոխություններ չեն սպասվում: Ինչ վերաբերում է Եվրոպայի սառնամանիքներին, ապա առայժմ մտավախություն չկա, որ դրանք կարող են լինել Հայաստանում: Հայաստանում տաք եղանակը կպահպանվի:




Լրահոս