«ԱՅՍ ԱՂՄՈՒԿՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՓԻԱՐ ԵՂԱՎ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս անանուն նամակ էր տարածվել, որտեղ հեղինակը պնդում էր, որ դերասանուհի Նաիրա Մովսիսյանը ներկա չի եղել իր հոր հոգեհանգստին, փոխարենը հաջորդ օրը՝ մարտի 16-ին, մեծ շուքով նշել է իր ծննդյան օրը: Նաիրան, պատասխանելով նամակին, նշել է, որ տեղյակ չի եղել հոր մահվան մասին, եւ չի հիշում, թե հորը վերջին անգամ երբ է տեսել. «Վերջերս ասացին, որ վատառողջ է, երեսուն տարվա մեջ չունենալով ոչ մի շփում նրա հետ՝ ես գնացի եւ տեսա նրան ծերանոցում»,-տեղեկացրել էր դերասանուհին: Դրանից հետո արդեն Նաիրան տարածեց հայտարարություն, որտեղ գրել էր, որ քույրը սպառնացել է սպանել իրեն. «Ես զանգահարեցի, որպեսզի հարցնեմ, թե ինչու տեղյակ չեն պահել հորս մահվան լուրի մասին, ինձ պարզապես սպառնացին՝ ասելով, որ կսպանեն։ Ինչ է՝ ես ասել եմ, որ նա եղել է ծերանոցում»։ Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Նաիրա Մովսիսյանի հետ:

-Նաիրա՛, Դուք, փաստորեն, Ձեր հոր հետ շփում չե՞ք ունեցել:
-Ես իմ հայրիկին ճանաչում էի, մինչեւ հինգ տարեկանն ապրել եմ նրա հետ, բայց հետո շփում չի եղել մեր մեջ:
-Ինչո՞ւ:
-Դա իր անձնական որոշումն էր, մայրս չի արգելել մեզ շփվել, ես էլ իմ հերթին միշտ ձգտել եմ շփվել:
-Այս աղմուկն, ըստ Ձեզ, ինչո՞ւ բարձրացավ:
-Ճիշտն ասած՝ չգիտեմ: Հիմա այդ նույն հարցը ես եմ տալիս ազգիս: Երբ ես լավ էի, բալիկ ունեցա, մեր ցեղում լիքը մարդ մահացավ, ինչո՞ւ իմ ցեղից ոչ ոք ներկա չէր:
-Ձեր հայրը չի՞ արձագանքել Ձեր՝ երեխա ունենալուն:
-Բացարձակ:
-Ձեր խորթ քույրը ինչո՞ւ որոշեց սպառնալ: Միայն այն բանի համար, որ տեղեկացրել էիք, որ Ձեր հայրը ծերանոցո՞ւմ է:
-Այո՛, ինձ սպառնացին, որ կխեղդեն, կմորթեն, կսպանեն, կլացացնեն, որ ասել եմ՝ հորս տարել են ծերանոց, այնինչ` դա, նրանց խոսքով, խնամքի կենտրոն է: Բայց ես նորից բարձրաձայնում եմ՝ տվյալ խնամքի կենտրոնը նույն ծերանոցն է: Ամեն դեպքում, այդ հայտարարությունը տարածողները իրենք փոսն ընկան, ոչ թե ես:
-Դուք, այնուամենայնիվ, այցելե՞լ եք այնտեղ:
-Այո՛, երբ քույրս զանգահարեց, ասաց, որ պապան մահամերձ է, ես, մոռանալով, որ այդ մարդու հետ շփում չեմ ունեցել, գնացի, հասա այնտեղ: Նույնիսկ աշխատողները հարցրին, թե ինչու են նրան բերել ծերանոց եւ ասացին՝ ուզու՞մ եմ՝ չասենք, որ այցելել եք, ասացի՝ ոչ, ասեք, ի՞նչ կա այդտեղ չասելու:
-Դուք ծա՞նր եք տարել այս բոլոր խոսակցությունները:
-Ես սթրես ապրեցի, որ տեղյակ չեն պահել հորս մահվան մասին: Վերջիվերջո, նա իմ արյունն է, ներկա կգտնվեի թաղմանը, թե ոչ, չգիտեմ, բայց ես միշտ ասել եմ, որ իմ պատկերացրած պապայի հետ միասին եմ եղել մտքումս: Տեսակով էլ պապայի աղջիկն եմ:
-Ձեր խորթ քույր-եղբայրներից որեւէ մեկի հետ կապ չունեք, որքանով հասկացա:
-Ո՛չ, մի եղբայրս ու քույրս ուրիշ կնոջից են, երկու եղբայրներս՝ ուրիշ: Առաջիններին մայրս է պահել շատ տարիներ, բայց իրենք մինչեւ այսօր չեն ընդունում դա: Ես էլ եմ իրենց հետ ապրել, հիշում եմ: Հետագայում որքան փորձել ենք շփվել, մի բան խանգարել է: Տան հարց է բացվել, հայավարի թեմաներ եւ այլն:
-Այն տունը, որտեղ հիմա ապրում եք, ու՞մն է:
-Իմն է ու մայրիկինս:
-Ձեր խոսքը՝ Ձեր խորթ քույր-եղբայրներին:
-Թող աստված օրհնի իրենց ընտանիքը, թող այնքան երջանիկ լինեն, որ իմ ժամանակը չունենան եւ չփորփրեն այն, ինչն իրենց է վատ, ոչ թե ինձ: Այս աղմուկն ինձ համար փիար եղավ, մենեջերս ասում է՝ համացանցում վատ մեկնաբանություններ գրողները քո ցեղից են, լավ մեկնաբանություններ գրողները՝ անծանոթներ: Ոմանք գրել են, որ արժանի չեմ Մովսիսյանների ցեղին, բայց ասեմ, որ մեր ցեղում շատերն ունեին շնորհք, բայց ես միակն եմ եղել, ով հաղթահարել է «ադաթական պատն» ու ընդունվել Թատերական ինստիտուտ: Ասեմ նաեւ, որ եթե իմանայի հորս մահվան մասին ու չգնայի, ոչնչով չէի տարբերվի իմ ցեղից, որովհետեւ իմ հարազատ հորաքույրը` իմանալով, որ իր մայրը մահացել է, տարիներ առաջ չի գնացել թաղմանը:
-Եվ վերջում՝ կարելի՞ է ասել, որ Ձեր անունն անտեղի շահարկվեց:
-Իհարկե, թող մյուս երեխաներից էլ խոսեն, ինչո՞ւ են միայն ինձնից խոսում: Երեւի իրենց թվում էր, որ լրագրողներով գնալու եմ հորս թաղմանն, ու իրենք փիար անեին, թե ինչ ընտիր թաղում են կազմակերպել: Այս թեման փակում եմ: Ես շատ երջանիկ եւ ուրախ եմ այն ամենով, ինչ ստեղծել եմ՝ առանց այդ ցեղի ներկայացուցիչներից որեւէ մեկի մասնակցության:

Զրուցեց ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԸ

 

 

 

ՀԱՎԱՔՈՒՅԹՆԵՐԻՆ ՀԱՃԱԽ ՆՎԱԳՈՒՄ ԵՄ ԴԱՇՆԱՄՈՒՐ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Պաշտոնյաների մշակութային նախասիրությունները» խորագրով շարքը, որի շրջանակում քաղաքական գործիչներին բացահայտում ենք նոր ռակուրսից: Մենք սովոր ենք տեսնել նրանց կոստյումներով եւ փողկապներով, ու շատերս պատկերացում անգամ չունենք, որ այդ պաշտոնյաները խաղացել են բեմում, նվագել որեւէ երաժշտական գործիք, կամ, օրինակ, հրաշալի նկարում են: Այսպիսով՝ մեր զրուցակիցը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանն է:

Ոչ բոլորը գիտեն, որ նա 1980-ականներին ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրի բաժինը եւ երկու տարի որպես դաշնամուրի ուսուցչուհի եւ կոնցերտմայստեր աշխատել է Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցում։
«Շատ սիրում եմ դասական երաժշտություն, ընդամենը օրեր առաջ որպես հյուր ներկա եմ եղել դասական երաժշտության փառատոնի: Առաջին մասնագիտությամբ դաշնակահարուհի եմ, տարբեր հավաքույթների ժամանակ սիրով նվագում եմ, դաշնամուր շատ եմ սիրում: Հիմա, երբ ժամանակս ավելի սուղ է, քիչ եմ մոտենում այդ գործիքին»,-նշեց տիկին Աճեմյանը:
Սակայն այսքանով պատգամավորի մշակութային հակումները չեն եզրափակվում: Նա ավարտել է նաեւ Երեւանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը: Ու թեեւ հետագայում չի ձգտել դերասանուհի դառնալ, այնուամենայնիվ, հասցրել է խաղալ մի քանի ներկայացումներում. «Շատ բծախնդիր հանդիսատես եմ եւ շատ եմ սիրում թատրոնը: Ինձ համար ամենադժվարը ձանձրալի, տաղտկալի ներկայացում դիտելն է, իսկ այդպիսիք, ցավոք, այսօր ավելի շատ են, քան լավ ներկայացումները: Ես քիչ ներկայացումներում եմ խաղացել, մի քանի դերեր մարմնավորել եմ ինստիտուտում, մեկն էլ՝ Դրամատիկական թատրոնում: Շատերը թյուրիմացաբար կարծում էին, որ ես լավ դերասանուհի եմ, որովհետեւ բեմի վրա լավ էի նայվում: Բայց իմ նպատակը բեմում հայտնվելը չի եղել: Ես ուզում էի թատերագիտական կուրս ընդունվել, որը, սակայն, չբացվեց, եւ ես ավարտեցի դերասանականը»,-պատմեց տիկին Աճեմյանը:
Այնուամենայնիվ, նա գոհ է, որ ավարտել է գեղարվեստա-թատերական ինստիտուտը, քանի որ այնտեղ է հանդիպել իր ամուսնուն՝ դերասան Արա Դեղտրիկյանին: Նա հաճույքով է հիշում ուսանողական տարիները, որոնք, պատգամավորի բնորոշմամբ, բավական բուռն են անցել:
Եթե խոսելու լինենք զուտ նախասիրություններից, տիկին Աճեմյանն առանձնացրեց կերպարվեստի հանդեպ իր մեծ սերը. «Ցանկացած անծանոթ երկրում առաջին տեղը, ուր այցելում եմ, թանգարանն է: Շատ եմ սիրում իմպրեսիոնիստներին: Իսկ արվեստը սիրելու համար պետք է նախ եւ առաջ այն հասկանալ»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՊՈՒԳԱՉՈՎԱՅԻՑ
ՌԴ երգչուհի Ալլա Պուգաչովան հայտարարել է իր երկրպագուներին, որ կտրուկ ծերանում է: Նա սոցցանցի իր էջում բողոքել է առողջական վիճակի վատթարացումից: «Օրգանիզմս այլեւս այն չէ: Ինձ համար բարդ է շնչել, բարդ է քայլել, սակայն ես դեռ ողջ եմ եւ պետք է ապրեմ հանուն փոքր երեխաներիս»,-ասել է նա: Այս կերպ երգչուհին պատասխանել է համացանցի օգտատերերի քննադատությանը, որոնք ծաղրել էին իր արտաքինը:
«Ուղարկեք ձեր թույնն ու չարությունը կյանքի ավելի կարեւոր խնդիրների դեմ պայքարելու համար, այլ ոչ թե իմ ծերանալու եւ թուլանալու դեմ»,-ասել է 68-ամյա երգչուհին: Պուգաչովան նաեւ նշել է, որ իր կյանքի վերջին օրերին կմտածի իր երեխաների եւ երկրպագուների մասին:

 

 

ԿԱՇԽԱՏԻ «ՌԵԱԼ»-ՈՒՄ
«Ռեալ»-ի լեգենդար ֆուտբոլիստ Ռաուլը աշխատանք է ստացել իր հարազատ ակումբում: Նախկին հարձակվողը մարզչական դիպլոմ է ստացել: Նա այժմ կարող է աշխատել ցանկացած ակումբում: Մարզչական կարիերան նա կսկսի «Ռեալ»-ում:
«Սերուցքայիններ»-ի ղեկավարները Ռաուլին են վստահել ակումբի մինչեւ 18 տարեկանների թիմի ղեկը: Նշենք, որ մադրիդցիների նախկին մի քանի ֆուտբոլիստներ այժմ աշխատում են ակումբի տարբեր թիմերի հետ: Զինեդին Զիդանը «սերուցքայիններ»-ի հիմնական թիմի գլխավոր մարզիչն է: Սանտիագո Սոլարին մարզում է «Ռեալ Մադրիդ Կաստիլյան», իսկ Գուտին` «Ռեալ»-ի մինչեւ 19 տարեկանների թիմը:

 

 

ԿՄՐՑԵՆ ԹԵՆԻՍԻՍՏՆԵՐԸ
Ռուսաստանի երկրորդ ռակետ Կարեն Խաչանովը կմասնակցի Մայամիում մեկնարկող «Մասթերս-1000» շարքի մրցաշարի զուգախաղին: Մոսկվացի 21-ամյա թենիսիստի զուգընկերը կլինի Ռուսաստանի առաջին ռակետ Անդրեյ Ռուբլյովը: Այսօր նրանք առաջին շրջանում կմրցեն ֆրանսիացի Ֆաբրիս Մարտենի եւ խորվաթ Ֆրանկո Շկուգորի հետ: Մայամիի մրցաշարի զուգախաղին կմասնակցի նաեւ աշխարհի նախկին առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը, որը հանդես կգա սերբ Վիկտոր Տրոիցկու հետ:
Նշենք, որ արմունկի վնասվածքից վերականգնվելուց հետո Ջոկովիչը վերջերս մասնակցել էր Ինդիան Ուելսի մրցաշարին, որի մեկնարկային մրցախաղում պարտվել էր ճապոնացի Տարո Դենիելին:




Լրահոս