Տեսա՞ր, ինչ եղավ. Կարեն Կարապետյանի դեմ դուրս եկավ և՛ հասարակությունը, և՛ ՀՀԿ-ն. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերի ներքաղաքական բուռն իրադարձություններից կարելի է մի քանի եզրահանգում անել:

ՀՀԿ-ն, որ իշխանության մեջ էր դեռ 1995 թվականից, իսկ արդեն 1998թ. ներպալատական հեղաշրջման արդյունքում հայտնվեց իշխանության գլուխ, չդիմացավ առաջին իսկ փորձությանը: Այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացրեց` հեռանալով իշխանությունից, այս կուսակցությունն ուղղակի սկսեց փլուզվել, իսկ առաջիկա օրերին միգուցե ականատես լինենք ՀՀԿ-ի՝ ոչ միայն իշխանությունից, այլեւ քաղաքական թատերաբեմից հեռանալուն:

Այնինչ` դեռ մի քանի օր առաջ ՀՀԿ-ականները պնդում էին, թե իրենց թիմը կուռ է, իշխանությունն էլ ժողովրդի կողմից ընտրված, հետեւաբար մի քանի դժգոհողների պատճառով չեն գնա հրաժարականի: Տեսանք՝ ինչ եղավ:

ՀՅԴ-ն երեկ պաշտոնապես ապահարզան հայտարարեց կոալիցիոն գործընկերոջը՝ ՀՀԿ-ին: Հայտարարության մեջ մատնանշելով «ժողովրդային շարժման» արդյունքում ստեղծված իրավիճակը, որ լարվածության մեջ է պահում հասարակությանը, ՀՅԴ-ն նշել է. «Հաշվի առնելով առկա իրավիճակը՝ հայտարարում ենք քաղաքական կոալիցիային մեր մասնակցության դադարեցման մասին»:

Թեեւ դեռ նախորդ տարի ստորագրված կոալիցիոն հուշագրով ՀՀԿ- ու ՀՅԴ-ն համաձայնել էին ստանձնել ողջ իշխանության պատասխանատվությունը, բայց ՀՅԴ-ն հիմա հրաժարվում է պատասխանատվությունից` գերադասելով օր առաջ լքել խորտակվող նավը` կոալիցիոն գործընկերոջը թողնելով միայնակ:
ՀՀ-ում այսօր ըստ էության ստեղծվել է անիշխանություն. փաստացի պետական կառավարման լծակները դեռ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ձեռքում են, բայց նրանք իսպառ կորցրել են վերահսկողությունը:

Այս առումով վերջին ակորդը եղավ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի նախօրեի որոշումը, երբ փորձեց հնարամիտ գտնվել ու պնդել իր անձնական իշխանությունը պահպանելու անհրաժեշտությունը` սակայն օգնություն հայցելով ոչ թե կուսակից ՀՀԿ-ականներից, այլ որոշ գործարարներից: Արդյունքը եղավ այն, որ Կարապետյանը քաղաքականապես ոչնչացավ. նրա դեմ դուրս եկավ ե՛ւ հասարակությունը, ե՛ւ ՀՀԿ-ն: Ու հիմա նա ընդհանրապես կորցրել է վերահսկողությունը իշխանության եւ պետական կառույցների նկատմամբ` ստեղծելով քաոս: Սա հղի է վտանգներով, քանի որ սթափ գտնվելու դեպքում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն պետք է գնային իշխանությունն անցնցում հանձնելու ճանապարհով, այլ ոչ թե տուրք տային անհագ իշխանամոլությանն ու հայտնվեին իրենց իսկ փորած փոսում:




Լրահոս