ԳՈՂՆ ԻՍԿԱՊԵՍ ՏՆԻՑ Է ԵՂԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 17-ին` ժամը 17:40-ին, Նալբանդյան փողոցի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի ժամանակ 64-ամյա տանտիրուհու` Արմինե Հովեյանի դիակի հետ հայտնաբերված  43-ամյա Կարեն Պետրոսյանը, ով հրշեջների կողմից շնչուղիների այրվածքով տեղափոխվել էր ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն, հիվանդանոցից փորձել է փախչել: Այդ արարքը ոստիկանների մոտ կասկած է առաջացրել, որոնք Կարենին անմիջապես խուզարկել են եւ գրպաններում հայտնաբերել ոսկյա զարդեր եւ 40 հազար դրամ, որը հետո պարզվել է` գողացված էր: Պարզվում է, որ Կարեն Պետրոսյանը, ով, փաստորեն, եղել է տիկնոջ տուն հյուրընկալված գողը, իրականում համարվել է տան բարեկամը: Նա Արմենուհու քրոջ տղայի ընկերն է եւ դրանից առաջ մշտապես օգնել է միայնակ ապրող, չամուսնացած տարեց դասախոս կնոջը կենցաղային հարցերում` ինչ-որ բան վերանորոգել, ինչ-որ բան տեղափոխել: Այդ օրն էլ Արմինեի տուն է գնացել նրա համակարգչային ծրագրերն ուժեղացնելու նպատակով, հետո պետք է գորգը տեղափոխեր լվացման: Եւ քանի որ բոլորն էլ գիտեին, որ Կարենն Արմինեի բնակարան պիտի գնար, դրա համար էլ նա, գողանալով դասախոսի ոսկիներն ու գումարը, մուրճով դաժանաբար հարվածել է Արմինեի գլխին, սպանել, այնուհետեւ որոշել է հրդեհել բնակարանը  եւ հեռանալ այնտեղից` մտածելով, որ ում, ում, բայց իրեն չէին կասկածի: Ծրագրերի իրագործմանը, սակայն, խանգարել է հրդեհից տաքացած դուռը, որը ջերմությունից ընդլայնվել է ու չի բացվել, եւ Կարենը մնացել է բնակարանում փակված:Արմենուհու հարազատները, որոնց ուղեղում չի տեղավորվում, թե ինչպես կարող էր Կարենը նման բան անել, նկատել էին, որ նա վերջերս սկսել էր շատ խմել, եւ անգամ կասկածել են, որ թմրանյութ է օգտագործում: Եւ հնարավոր է, որ հենց թմրանյութ ձեռք բերելու համար էլ վերջերս փողի պակասություն է ունեցել: Այս մանրամասները մեզ փոխանցեց Արմինեի մորեղբոր աղջիկը` տիկին Անահիտը:«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն` Կարեն Պետրոսյանը, ում  առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի  երեք ծանրագույն հոդված` 104 հոդվածի  (սպանություն) 2-րդ մասի, 175 հոդվածի (ավազակություն) 2-րդ մասի եւ 185 հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, երեկ խոստովանական ցուցմունքներ է տվել:  Նա արդեն ձերբակալված է: Արմինե Հովեյանին ճանաչողները` ընկերներ, բարեկամներ, ուսանողներ, բնութագրում են նրան որպես ծայրաստիճան կենսասեր, ակտիվ, աշխույժ մարդ, որը բյուրեղյա ազնվության տեր էր: ԵՊՀ կիբեռնետիկայի ֆակուլտետում ռուսաց լեզու եւ գրականություն դասավանդող  Արմինե Հովեյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա այսօր Սուրբ Հակոբ եկեղեցում: Ի դեպ, քանի որ Արմենուհու բնակարանը այրված է, իսկ նրա հարազատներն էլ Երեւանում բնակարան չունեն, խնդրել էին հոգեհանգիստն անցկացնել Երեւանի պետական համալսարանում, սակայն այնտեղից մերժում էին ստացել: Հավանաբար պատճառն այն է, որ Արմինե Հովեյանը  գիտական կոչումներ չուներ: «Ամոթանք եմ ապրում ԵՊՀ-ի եւ Հայ-ռուսական սլավոնական համալսարանի համար, որտեղ երկար տարիներ դասախոսել է Արմիկը»,-«Ֆեյսբուք»-ում գրել էր Արմինե Հովեյանի նախկին ուսանողը եւ բնակարանի հարեւանը: ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս