ԽՈՍՐՈՎ ՄԵԼԻՔԻՉՆ «ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՎԱՔՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նորանկախ Հայաստանի պատմության մեջ միշտ կմնա Խոսրով Հարությունյանի անունը` որպես մի մարդու, ով, բացի երկրի նախագահի պաշտոնից, զբաղեցրել է բոլոր գլխավոր պաշտոնները: Նշանակում է` մարդը շատ լավ է հասկացել «ժամանակի շունչը» եւ ընթացել է նրան համաքայլ, մշտապես օգտվելով իշխանական կերատաշտից` ե՛ւ սեփական ունեցվածքի ծավալներն է ավելացրել, ե՛ւ հոգ տարել իր ժառանգների պաշտոնական ապահովվածության մասին: Ինչպես խորհրդային երիտասարդության ներկայացուցիչներից շատերը, Խոսրով Հարությունյանը եւս խանդավառված էր ամենամոդայիկ մասնագիտությամբ` ճարտարագիտությամբ, ուստի 1972 թվականին ավարտել է Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը եւ շուրջ հինգ տարի աշխատել Բյուրականի աստղադիտարանում որպես օպտիկա-մեխանիկական լաբորատորիայի ինժեներ, ավագ ինժեներ, խմբի ղեկավար, տեխնիկական բաժնի վարիչ: 1977-84-ին էլ ՀԽՍՀ ԳԱ-ում ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի հատուկ կոնստրուկտորական բյուրոյի փորձարարական արտադրամասի պետն էր, բաժնի վարիչ: Բայց թե ինչու հանկարծ Խոսրով Մելիքիչը որոշեց հեռանալ գիտական աշխարհից ու գալ «արտադրություն», դժվար է ասել: Գիտության մեջ խորանալու հույսեր ունեցող երիտասարդ Հարությունյանը 1984-ին նշանակվեց «Հայավտո» գործարանի արտադրական-դիսպետչերական բաժնի պետ, 1984-86-ին էլ Աշտարակի թիվ 2 «Անուշ» կարի ֆաբրիկայի տնօրեն: Նա այս շրջանում արդեն հասցրել էր դառնալ կոմկուսի անդամ, ուստի նրան նկատեցին, առաջ քաշեցին եւ 1986-ին նշանակեցին Չարենցավանի կարի ֆաբրիկայի տնօրեն: Հազիվ մեկ տարի էր Մելիքիչն աշխատել տնօրենի պաշտոնում, երբ նրան «ընտրեցին» Չարենցավանի ժողովրդական պատգամավորների քաղաքային խորհրդի գործկոմի նախագահ: Լավ ժամանակաշրջան բաժին հասավ Խոսրով Հարությունյանին. խորհրդային արդյունաբերությունն ու տնտեսությունը զարգանում էին, անգամ ղարաբաղյան շարժումն ու 1988-ի երկրաշարժը չապակայունացրին վիճակը Չարենցավանում: 1990-ին, երբ շատերը դեռեւս շփոթմունքի մեջ էին, Խոսրով Հարությունյանը կարողացավ Գերագույն Խորհրդի պատգամավոր դառնալ, հայտնվել «մեջտեղում»` մերթ կոմունիստների կողքին կանգնելով, մերթ ՀՀՇ-ականների: Այս վիճակը շատ ձեռնտու էր նրան, որովհետեւ «կենտրոնամետ» ելույթներ էր ունենում, խոսում «վարման կարգի» մասին… Նրա այս «իմաստուն» կեցվածքը նկատելով էլ 1992-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը նրան առաջարկեց գլխավորել կառավարությունը: Գլխավորեց… Սակայն տարօրինակ կեցվածքը, տարբեր ուժերի տուրք տալու հակումները, անվճռականությունը շուտով նրա գահընկեցության պատճառները դարձան: Անփառունակ վարչապետ` այսպես կարելի է բնութագրել Խոսրով Հարությունյանին, ով զրկվեց նաեւ պատգամավորական մանդատից: Սակայն շատ շուտով նորից ընտրվեց պատգամավոր եւ վերադարձավ խորհրդարան` այժմ արդեն քարտուղարի կարգավիճակով ընդգրկվելով ֆինանսաբյուջետային հանձնաժողովի կազմում: Եւ այսպես, երկար ժամանակ Խոսրով Հարությունյանը, արագորեն փոխելով իր կողմնորոշումները, դարձել է օրվա իշխողների մարդը եւ օգտվել բարեհաճ վերաբերմունքից: 1996-1998 թվականներին Հարությունյանը պատգամավորի պարտականությունները համատեղում էր ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պարտականություններին` սկզբում մերձ լինելով Հրանտ Բագրատյանի աշխատասենյակին, ապա արդեն հայտնվելով վարչապետ Ռոբերտ Քոչարյանի կողքին, ում օգնությամբ էլ ոչ երկար ժամանակով զբաղեցրեց երկրի երկրորդ` ԱԺ նախագահի պաշտոնը: Բոլորն էլ տեսնում էին, որ Խոսրով Հարությունյանը պարզապես դրածո էր, ով հմուտ համերգավարի նման անց էր կացնում խորհրդարանի նիստերը` իր «բարի, բարի» հայտնի արտահայտությամբ լղոզելով կարեւոր ելույթներն ու քննարկումները: Իհարկե, ԱԺ նախագահի պաշտոնում գտնվելու ընթացքում Խոսրով Հարությունյանը հասցրեց բարեգործություն անել` վերանորոգելով պարարվեստի պետական ուսումնարանի դահլիճը, քանի որ թոռնիկն այնտեղ էր սովորում: «Միասնություն» դաշինքի հաղթանակից հետո Խոսրով Հարությունյանը մեծ ջանքեր գործադրեց, որպեսզի տեղ զբաղեցներ նորակազմ կառավարությունում: Նրան օգնեցին հին ընկերները Կարեն Դեմիրճյանի թիմից, որոնց խնդրանքներով ու հորդորներով էլ նախկին կոմունիստ Խոսրով Հարությունյանը նշանակվեց տարածքային կառավարման նախարար: Հոկտեմբերի 27-ից հետո երկրում ստեղծված նոր քաղաքական իրադրության պայմաններում Ռոբերտ Քոչարյանին այլեւս պետք չէր Խոսրով Հարությունյանը, ուստի 2000 թվականից նա տարածքային կառավարման նախարարությունը հանձնեց Հովիկ Աբրահամյանին` Խոսրով Մելիքիչին նշանակելով քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի փոխնախագահ: Այս հանձնաժողովի անպտուղ գործունեության մասին ժամանակին շատ է գրվել, շատ է ասվել այն մասին, որ դա ձեւական մի կառույց էր, որն, ի վերջո, տապալեց մեր պատմության մեծագույն իրադարձություններից մեկի հանդիսավոր նշումը` մսխելով ֆինանսական ահռելի միջոցներ, իրականացնելով այնպիսի ծախսեր, որոնց մասին հաշվետվություններն այդպես էլ հրապարակ չհանվեցին: Միայն տեղեկացանք, որ այդ ընթացքում Խոսրով Մելիքիչը մի քանի բենզալցակայանի տեր դարձավ, նաեւ այնքան գումար կուտակեց, որ երբ կողոպտել էին բնակարանը, ստիպված էր միայն կցկտուր հայտարարություններ անել գողոնի չափի ու արժեքի մասին, քանի որ շատերը կիմանային, թե ինչքան հարստություն է կուտակել:Երեւի քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու միջոցառումները կազմակերպող հանձնաժողովն այնքան էր ոգեւորել Խոսրով Հարությունյանին, որ որոշեց ինքն էլ քրիստոնյա-դեմոկրատ դառնալ եւ իրեն հռչակեց Ազատ Արշակյանի հիմնադրած մարդ-կուսակցության առաջնորդ: Ամենեւին էլ կարեւոր չէ, թե քանի անդամ ունի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը, գլխավորն այն է, որ Մելիքիչը կուսակցական առաջնորդ է եւ ընտրությունների ժամանակ կատարելով իշխանությունների հանձնարարությունները` «իմաստուն» ելույթներ է ունենում: Իսկ այդ ելույթներն անվարձահատույց չեն մնում: Սերժ Սարգսյանը նրան նշանակեց Հանրային խորհրդի անդամ: Խոսրով Հարությունյանն էլ, օգտվելով իշխանություններին մերձ լինելու հնարավորությունից, արդեն լուծել է իր փեսա Արմեն Պապյանին Եվրախորհրդում մշտական ներկայացուցիչ նշանակելու հարցը: Փեսայասեր աները չի մոռացել նաեւ հարազատ որդուն, որին ժամանակ առաջ նշանակել է տվել Զարգացման հայկական գործակալության ղեկավար… ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս