ՓՈՔՐԱՄԱՍՇՏԱԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Այրում ավանը (որը 2006թ-ից քաղաքի կարգավիճակ ունի) ստեղծվել, զարգացել է տեղի պահածոների գործարանի հենքի վրա: Այստեղ արտադրված պահածոները սպառվում էին խորհրդային հսկա երկրի տարբեր կողմերում: Սակայն Հայաստանի անկախացումից հետո, երբ ավերվեցին գործարանները, Այրումի պահածոների գործարանին եւս շուկայական տնտեսության անցումից հետո նոր մարտահրավերներ նետվեցին: Դրանց դիմակայելու համար անհրաժեշտ եղավ ավելի փոքր ծավալներով  մրցունակ արտադրանք թողարկել: 2008թ-ին «Այրումի պահածոների գործարան» ԲԲԸ բաժնեմասերի վերահսկիչ փաթեթի տեր դարձավ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Վերջինս, ղեկավարելով «Արտֆուդ» պահածոների արտադրության գործարանը, ոլորտում փորձ ուներ: Նրա «օրոք» էլ շահագործման հանձնվեց Այրումի մրգերի խյուսի արտադրամասը:  Սակայն այս տարի այդ արտադրամասը չի գործում: Ի՞նչն է պատճառը: Այս հարցի պատասխանն իմանալու համար «Ժողովուրդ»-ը զրուցեց պահածոների գործարանի տնօրեն Արմեն Սահակյանի հետ: Նրա խոսքերով` այս տարի գարնանային անձրեւների, կարկտահարության պատճառով դեղձի բերքն առատ չէ: Եղած որակյալ բերքն էլ այգեգործը գերադասում է վաճառել շուկայում 350 դրամով: Այրումի պահածոների գործարանն այս տարի 200-250 դրամով ընդամենը 25 տոննա դեղձ է ընդունել, որից պատրաստվել են մուրաբաներ: Այսինքն` գործում է պահածոյացման մի փոքր արտադրամասը միայն: Գործարանի տնօրենի վկայությամբ` խյուսի արտադրամասը գործարկելու, օգուտով աշխատեցնելու համար հարկ է դեղձը մթերել կիլոգրամը 100 դրամով: Սակայն այս տարի նման ցածր գնով, ապրանքային ոչ լավ տեսք ունեցող դեղձ բավարար քանակությամբ չկա:Տնօրենից տեղեկացանք, որ մինչեւ դեղձի սեզոնը, իրենք այս տարի բնակչությունից 22 տոննա կանաչ ընկույզ են մթերել, 2 տոննա` բալ, 5 տոննա` թութ, որոնցից պատրաստվել են մուրաբաներ: Իսկ առաջիկայում կմթերվի հոն, սերկեւիլ եւ դդում: Արմեն Սահակյանը վստահեցրեց, որ ձեռնարկությունը հանձնված մրգերի համար 4-5 օրվա ընթացքում վճարում է քաղաքացիներին: Հիմա մոտ 400 հազար դրամ պարտք ունի: Պարզվում է, որ ձեռնարկությունը մոտ 25 աշխատող ունի, որոնք ամսական 65-70 հազար դրամ աշխատավարձ են ստանում, իսկ մասնագետները` շուրջ 100 հազար դրամ: Գործարանի հսկա տարածքը` մոտ 10 հա, չի օգտագործվում: Նախատեսվում է, որ հաջորդ տարի չօգտագործվող տարածքները պետք է վարեն ու այգիներ հիմնեն: ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՏավուշ




Լրահոս