ՖՈՏՈ. «Ովքեր օգտագործել են Ոստիկանությունը մեր դեմ, կզղջան». ինչու է բերման ենթարկվել Աշոտ Բլեյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանությունը քիչ առաջ բերման է ենթարկել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին։

«ՀՀ Ոստիկանությունը կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին բերման ենթարկեց իր աշխատավայրից՝ Հյուսիսային դպրոցի լանջից՝ խաղաղ նստելու, կրթահամալիրի սովորողների, ուսուցիչների իրավունքները պաշտպանելու համար։ Բերման են ենթարկել նաև կրթահամալիրի Քանդակի դպրոցի ղեկավար Վիգեն Ավետիսին»,- այս մասին նշվում է կրթահամալիրի հաղորդագրությունում:

Դեպքի առնչությամբ ArmLur.am-ը ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից տեղեկացավ, որ  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին, քանդակագործ Վազգեն Ավետիսին եւ եւս մեկ անձի բերման են ենթարկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արաք կատարելու համար:

Իսկ ահա, ArmLur.am-ի հետ զրույցում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը,  բացելով փակագծերն, ասաց . «Ես նմա՞ն եմ մարդու, ով կարող է  հասարակական կարգը չպահպանել: Ես ինքս իմ ամբողջ կյանքը նվիրել եմ հասարակություն ստեղծելուն՝ կարգապահ, օրինապահ: Ես անընդունա՞կ եմ անօրինական բան անելու: Իհարկե , մենք հիմա կպարզենք բերման ենթարկելու պատճառները, եւ նրանց, ովքեր օգտագործել են Ոստիկանությունը մեր դեմ,  կզղջան: Մենք պարզապես ապահովում ենք մեր ազատ տեղաշարժի հնարավորությունն ամեն օր, եւ եթե հանդիպում ենք խոչընդոտներ, մենք դրանք օրինական ճանապարհով վերացնում ենք»:

Իսկ քանդակագործ Վազգեն Ավետիսը, մեզ հետ զրույցում անդրադառնալով հարցին, ասաց, որ Մալաթիա վարչական շրջանում գտնվող 87 համարի մանկապարտեզի ղեկավարությունը Մալաթիայի թաղապետարանի թույլտվությամբ շինարարական աշխատանքներ է իրականացնում, որը խոչընդոտում է նրանց մուտքը  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:

«Ես ամեն օր այցելում եմ կրթահամալիր աշխատանքի, սակայն այս անգամ տեսա՝ մի 20-25 ոստիկան շրջափակել է դպրոցը, հարցնում եմ, թե ինչն է նրանց բերել այդտեղ, պատասխանում են, որ եկել են  հասարակական կարգը պաշտպանելու: Հարցնում եմ, իսկ ով է Ձեզ հրավիրել, քանի որ ոչ մի հասարակական կարգ չի խախտվել, ինձ պատասխանում են, որ եկել են ահազանգի հետքերով: 87 համարի մանկապարտեզի տնօրինությունը, որը ոստիկանների հետ անձնական կապեր ունի, հրավիրել է նրանց, որպեսզի շինարարությունն անխափան շարունակվի: Խնդրի մասին տեղյակ են ե՛ւ քաղաքապետարանը, ե՛ւ թաղապետարանը․ մենք բազմիցս ասել ենք, որ լուծման այդ տարբերակին դեմ ենք, փոխանակ խնդրի լուծման ելքեր փնտրեն, կարմիր բերետավորներին են ուղարկում»,-հավելեց մեր զրուցակիցը:

Լիդա Եղիազարյան 




Լրահոս