ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Վերնիսաժում

 

Աթոռի նստատեղը քարե սալիկների վրա համադրելով՝ ստացել են հարմարավետ աթոռ: Ինչպես ասում են, կարեւորը արդյունքն է:

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Պետական գրանցում կատարելու եւ վկայական ստանալու համար որքա՞ն գումար պետք է վճարել, եթե բնակելի տունը մինչ այդ կադաստրի պետական կոմիտեում պետական գրանցում չի ստացել:

Մինաս Գրիգորյան (49 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող բնակելի նշանակության անշարժ գույքի (բացառությամբ՝ առանձին միավոր հանդիսացող ավտոտնակների) եւ գյուղատնտեսական նշանակության հողամասերի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքները կատարվում են անվճար՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

Այսինքն՝ եթե բնակարանը, առանձնատունը կամ այգետնակը 1998 թվականի մարտի 1-ից հետո չի գրանցվել, ապա հնարավոր է, առանց որեւէ գումար վճարելու, այն սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման եւ ստանալ սեփականության իրավունքի գրանցման վկայական:

Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ պետական գրանցման դիմումը կարող է ներկայացվել նաեւ էլեկտրոնային եղանակով:

 

 

ՎԱՐԿԱՅԻՆ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ ինչ է վարկային բյուրոն:

Նելլի Մկրտումյան (33 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ն. Մկրտումյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ վարկային բյուրոն իրականացնում է իրավաբանական եւ ֆիզիկական անձանց ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկության (վարկային տեղեկատվության) հավաքագրում, մշակում, պահպանում, տրամադրում, ինչպես նաեւ դրանց հիման վրա վարկային զեկույցի պատրաստման գործունեություն: Վարկային բյուրոյի ծառայությունների շնորհիվ յուրաքանչյուր իրավաբանական կամ ֆիզիկական անձ հնարավորություն է ստանում, ժամանակին կատարելով իր ֆինանսական պարտավորությունները, կերտել դրական վարկային պատմություն եւ օգտագործել այն որպես ծանրակշիռ՝ ակտիվ ֆինանսական ծառայություններից արտոնյալ պայմաններով օգտվելու համար,

ճիշտ կառավարել սեփական ֆինանսական պարտավորությունները եւ մշտապես տեղեկացված լինել սեփական ֆինանսական պարտավորությունների կատարման ընդհանուր պատկերի մասին:

Վարկային բյուրոյի ծառայությունները թույլ են տալիս վարկատուներին (բանկեր, վարկային կազմակերպություններ), ինչպես նաեւ տարաժամկետ վճարման սկզբունքով («ապառիկ») ապրանքներ վաճառող կամ ծառայություններ մատուցող կազմակերպություններին կանխելու վարկառուների/հաճախորդների կողմից ավելորդ պարտավորությունների ստանձնումը, կրճատելու անհուսալի պարտավորությունները եւ աջակցելու պարտավորությունների ժամանակին կատարմանը:

ԱՔՌԱ վարկային բյուրո

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ վարկային տեղեկատվությունը վարկային տեղեկատվության սուբյեկտի կողմից ստանձնած պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունն է, որը ցույց է տալիս վարկային տեղեկատվության սուբյեկտի պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները կամ պարտավորությունների կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ:




Լրահոս