«ՄԵՐ ՈՒՂԻՆ ՍՐՃԱՐԱՆՈՒՄ ՄԱՐԴ ՍՊԱՆԵԼԸ ՉԷ». ԷԴՈՒԱՐԴ ԶՈՐԻԿՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ճիշտն ասած, անվերջ զարմանում եմ ինքս իմ միամտության վրա, քանի որ լսելուց հետո մտածում եմ՝ իսկ  ես ուրիշ ինչ էի սպասում: Պարզվում է, յուրաքանչյուր մարդ իր ենթագիտակցության մեջ, այնուամենայնիվ, ունի ինչ-որ ակնկալիքներ: Ում էլ ինչքան փորձես ջնջել, այս դեպքում մերժել, միեւնույնն է, քո ներսում մի ցանկություն, մի կորիզ է մնում, որ այս մարդը ժամանակ ուներ, կմտածեր, կմարսեր, թե ի վերջո ինչու այսպես եղավ, թե  ինչու այնպես, մանավանդ երբ այդ ինչուները բացահայտ են, եւ այդտեղ առանձնապես ապացուցելու բան չկա»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է երգիչ, երգահան Էդուարդ Զորիկյանը՝  անդրադառնալով  վերջերս ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ասուլիսին եւ Ապրիլյան պատերազմի վերաբերյալ հայտարարություններին:

 

«Ինձ թվում է՝ հենց Սերժ Սարգսյանի նման մարդիկ են հետագայում մեմուարներ գրում, թե սրով մտանք հաղթեցինք ու դուրս եկանք, եւ նման մարդիկ երբեք չեն գրում, որ ես կարող էի ավելին անել, բայց չարեցի,  երկրորդ անգամ ընտրվելուց ինչ-որ մի տեղ կապը  կորցրեցի ժողովրդի հետ կամ, չգիտեմ, աթոռն ինձ փչացրեց, շրջապատս, խորհրդականներս  այն չէին, կամ ես ներքուստ զգում էի, որ սխալ եմ անում, բայց ստիպված էի, որովհետեւ այս վտանգը կար, այն կար, այն կար, եւ այլն, բայց, արի ու տես, որ ոչ մի նման բան տեղի չունեցավ»,-նկատում է մեր զրուցակիցը:

Զորիկյանի խոսքով` Սերժ Սարգսյանն իր պարտությունն Ապրիլյան պատերազմում արձանագրեց հաղթանակ, եւ ինքը խորապես կասկածում է կորցրած դիրքերի նրա ներկայացրած թվերի վրա:

«Մի տեղ կարդացել եմ, որ 18 դիրք են հանձնել, մեկ այլ տեղ, որ 21 դիրք են հանձնել, եւ ինձ թվում է՝ դա էլ դեռ վերջնական թիվը չէ: Կարելի է հաշվել՝ մոտ 30 դիրք այդ պատերազմում մերոնք հանձնել են, եթե դա էր հաղթանակը, եթե 100-ից ավելի երիտասարդների կյանքը զոհաբերելով, դիրքեր հանձնելով, հողատարածք կորցնելով՝ հաղթում ենք, ապա ես չեմ հասկանում, թե դա ինչ հաղթանակ է: Երբ իշխանության էին, ասում էին` մենք պատասխանատու ենք, բայց մինչեւ օրս չենք տեսել, որ որեւէ բանի համար պատասխանատվություն կրեն՝ թե՛ ֆուտբոլային դիվանագիտության մեջ, թե՛ քառօրյան, թե՛ ուրիշ բաներում: Մինչ այսօր կատարած ոչ մի հանցանքի համար պատասխանատվություն չեն կրել: Պատասխանատու չի նշանակում՝ եթե կարող եք, ապացուցեք ու մեզ դատեք: Պատասխանատու ենք  նշանակում է նման ասոուլիսով հանդես գալուց ասի՝ ես պատասխանատու էի եւ այս ինչ տեղում սայթաքեցի, այն ինչ տեղը ուշացա: Երկու րոպե շուտ հասնեի, զոհերն ավելի քիչ կլինեին, ես ինձ մեղավոր եմ զգում, քանի որ նման երիտասարդների վրա պետք է կառուցվեր այս երկիրը, այլ ոչ թե իմ նման քյոփակների վրա, ով բոլոր պաշտոններն անցել է , բայց ոչ մի պաշտոնում ոչ մի դրական բան չի արել այս երկրի համար: Եթե հիմա պահանջում են ԱԱԾ-ից ինչ-որ բան, իսկ  ժամանակին դու էիր ղեկավարում, քո ձեռքում էր, եւ այդ հարցը դնեիր այնպես, որ ոչ մի սխալ տեղի չունենար: Ես չեմ հիշում մի բան, որ մատդ ծալես ու ասես՝ այս մարդու պաշտոնավարման ժամանակ այս ինչ հարցը կամ խնդիրը լուծվել է, երեւի թե միակ բանը դա «Էլեկտրիկ Երեւանի» ժամանակ ազգությամբ ռուս տնօրենին քշելն է եղել, եւ ես դա կապեցի Երեւան-Մոսկվա հարաբերությունների հետ, եւ այն ժամանակ ասացի՝ միակ ղեկավարն էր, ով կարողացավ Մոսկվային ոչ ասել, բայց հիմա հասկանում եմ, որ ուղղակի փողի բազառ է եղել»,-ընդգծում է նա:

Զորիկյանի կարծիքով` նախկին իշխանություններին վերադարձ չի լինելու: Արտախորհրդարանական ընդդիմությունը պետք է հասկանա, որ սա պետություն է, որի հետ խաղ անել չի կարելի: Ըստ նրա` ամեն եկող իշխանություն պետք է մի բան ավելացնի երկրի զարգացման, հզորացման համար, այլ ոչ թե բռնի սրճարանում մարդ սպանելու ուղին:

«Մենք մի բան պետք է հասկանանք, որ պետության հետ կատակ պետք չէ անել, հանկարծ չշփոթվեն, քանի որ գործ ունեն Հայաստանի Հանրապետության հետ: Պարոնա՛յք, դուք արդեն պաշտոնյաներ չեք, ձեզ արդեն պետական կառույցները չեն ենթարկվում: Եթե այս մարդիկ այս ամեն ինչը մինչեւ այսօր չեն հասկացել, ուրեմն ընդհանրապես պետական պաշտոնյա չեն եւ չեն էլ եղել: Իրենք պետությունը ղեկավարել են ոչ թե պետական կառույցների միջոցով, այլ ղեկավարել են զանգով, փողով: Հիմա պետք է հասկական մեկ բան, որ պետությունը խաղալիք չէ, եւ նրա հետ խաղ չեն անում, մանավանդ այն դեպքում, երբ դու եւ քո ուժն այլեւս պետության ղեկին չեք: Կարող ես՝ մաքրվիր անցյալի կեղտից, սկսիր զրոյից, ի վերջո իրենք կեղտոտեցին մի կուսակցություն, որը ես գիտեմ ակունքներից՝ երբ եւ ինչպես հիմնվեց Հանրապետական կուսակցությունը: Ցավոք, հիմա մեծամասնությունը տղաների չկան, արդեն լուսահոգի են, հիմա էլ սրանց միայն պետք էր, որ կուսակցության միջոցով մոտենան բյուջեին՝ կերակրատաշտին: Մենք պետք է այնպես անենք, որ ամեն հաջորդ իշխանություն մի բանով  ավելացնի Հայաստանի անկախությունը, բանակի զինվածության աստիճանը, մեր ծերերի կյանքի ապահովագրությունը, մեր երիտասարդների հովանավորությունը արտասահմանում կրթություն ստանալու, վերադառնալու եւ օգտակար լինելու հայրենիքին: Մենք այս ուղղով պետք է գնանք, մենք չպետք է գնանք սրճարանում մարդ սպանելու ուղղով: Այդ ուղին կործանարար է, եւ հենց սա  է եղել մեր բոլոր պարտությունների պատճառը, այն պարտությունների, որոնք նախկինները որակում են որպես հաղթանակ»,- եզրափակում է երգահանը «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ՍՊԻՏԱԿՑԻ ՀԱՅԿՈՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱԿՈՒՄԲ Է ԲԱՑԵԼ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Օրերս հայտնի ռաբիս երգիչ Հայկ Ղեւոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդին՝ Հրաչ Ղեւոնդյանը, հենց Երեւանի սրտում` Սայաթ-Նովա փողոցի վրա, այս համաճարակային իրավիճակում ժամանցային ակումբ է բացել՝ «Armani music hall»:

 

Ավելին, մեր տեղեկություններով՝ ակումբն արդեն մի քանի օր է, ինչ սկսել է գործել: Մենք տեղեկացանք նաեւ, որ ժամանցային իրադարձությունները եւ, առհասարակ, հումորային մասն ակումբում ապահովելու է դերասան, հումորիստ Աղաս Մանուկյանը:

Նշենք, որ օրեր առաջ  ArmLur.am-ը գրել էր, որ  երգիչ Հայկ Ղեւոնդյանը՝ Սպիտակցի Հայկոն, հրավիրվել է ոստիկանության 6-րդ վարչություն: Մենք փորձել էինք մեկնաբանություն ստանալ ոստիկանությունից, որտեղից հայտնել էին, որ երգիչը բերման չի ենթարկվել, այլ պարզաբանում ստանալու նպատակով նրան հրավիրել են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն:

 

 

 

ԹԵՆԻՍԻՍՏԸ՝ 3-ՐԴ ՇՐՋԱՆՈՒՄ

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնության 3-րդ շրջանում է: Նյու Յորքում ընթացող US Open-ի տղամարդկանց մենախաղերի երկրորդ փուլում Խաչանովը մրցել է դարձյալ Ռուսաստանը ներկայացնող Անդրեյ Կուզնեցովի հետ: 1 ժամ 51 րոպե ձգված մրցախաղում Խաչանովը հաղթանակ է տարել 6:3, 6:4, 6:1 հաշվով: Հաջորդիվ նրա մրցակիցը կլինի Ալեքս դե Մինոր (Ավստրալիա) – Ռիշար Գասկե (Ֆրանսիա) զույգի հաղթողը:

ԱՄՆ թենիսի բաց առաջնությունը կեզրափակվի սեպտեմբերի 13-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 53,4 միլիոն ԱՄՆ դոլար: Համավարակի պատճառով կազմակերպիչները հատուկ ձեւաչափ են մտածել մրցաշարի մասնակիցների համար, այդ իսկ պատճառով այս տարի մրցաշարին չեն մասնակցում համաշխարհային թենիսի մի շարք աստղեր:

 

 

ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՎ

Թենիսի ԱՄՆ բաց առաջնության երկրորդ շրջանում միմյանց հետ ուժերը չափեցին աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը եւ Ռուսաստանը ներկայացնող Մարգարիտա Գասպարյանը: Նյու Յորքում ընթացող մրցաշարի կանանց մենախաղի երկրորդ փուլում Ուիլյամսը առավելության հասավ Գասպարյանի նկատմամբ երկու սեթում` 6:2, 6:4 հաշվով: ԱՄՆ թենիսի բաց առաջնությունը կեզրափակվի սեպտեմբերի 13-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 53,4 միլիոն ԱՄՆ դոլար: Համավարակի պատճառով կազմակերպիչները հատուկ ձեւաչափ են մտածել մրցաշարի մասնակիցների համար, այդ իսկ պատճառով այս տարի մրցաշարին չեն մասնակցում համաշխարհային թենիսի մի շարք աստղեր:

 

 

ՈՒՇ

Միլանի «Ինտեր»-ի չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը պատմել է, որ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու հենց սկզբից ցանկացել է հեռանալ ակումբից: «Ինձ համար ամեն ինչ շատ տհաճ էր: Արդեն առաջին մարզումից հետո դիմեցի գործակալիս եւ խնդրեցի ակումբից հեռանալու տարբերակներ որոնել: Ես շատ էի ցանկանում վերադառնալ «Արսենալ», սակայն արդեն ուշ էր»,-ասել է  Սանչեսը:

Հիշեցնենք, որ Ալեքսիս Սանչեսը Լոնդոնի «Արսենալից» «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2018 թվականի ամռանը: 31-ամյա ֆուտբոլիստը «Ինտեր» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը:

 




Լրահոս