Armenian text to speach

Վենետիկում քննարկվել են հայագիտական կենտրոնների զարգացման հեռանկարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայի Վենետիկ քաղաքում նոյեմբերի 23-24-ն անցկացվել է հայագիտական կենտրոնների 3-րդ խորհրդաժողովը՝ «Հայագիտական կամուրջներ․ համագործակցություն և կայուն զարգացում» խորագրով։ Քննարկվել են հայագիտական կենտրոնների գործունեության համակարգման, միջազգային ակադեմիական համագործակցության ընդլայնման և հայագիտության կայուն զարգացման հեռանկարները։

Խորհրդաժողովն անցկացվել է ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ, Իտալիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանության, Կա’ Ֆոսկարի համալսարանի և Մխիթարյան միաբանության համագործակցությամբ։

Միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍՆ պատվիրակության անդամներ, ՀՀ գիտակրթական հաստատությունների, ինչպես նաև արտերկրի համալսարաններում գործող 9 հայագիտական կենտրոնների ներկայացուցիչներ։

Բացումը տեղի է ունեցել Կա’ Ֆոսկարի համալսարանում․ ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը, Իտալիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Մխիթարյան միաբանության ներկայացուցիչ Հայր Համազասպ Քեշիշյանը։

Խորհրդաժողովի նպատակն էր ամրապնդել հայագիտական կենտրոնների միջև մասնագիտական կապերը, խթանել փորձի փոխանակումը, նախանշել համագործակցության նոր ուղղություններ և ձևավորել հայագիտության զարգացմանն ուղղված համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորություններ։

Հայագիտական կենտրոնների գործունեության համակարգման նոր մոտեցումներ

Խորհրդաժողովի առաջին օրը՝ նոյեմբերի 23-ին, Կա’ Ֆոսկարի համալսարանում անցկացվել են երեք հիմնական նիստեր, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվել հայագիտական կենտրոնների կառավարման և համակարգման արդյունավետ մեխանիզմներին, գործունեության որակի ապահովմանն ու գնահատմանը, ինչպես նաև դրանց կայուն զարգացման ռազմավարական մոտեցումներին։

Զեկույցներով հանդես են եկել ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Լիլիթ Մկրտչյանը, ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը և Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը՝ առցանց ձևաչափով։

Ներկայացվել են նաև արտերկրի համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների գործունեության փորձը, իրականացվող ծրագրերը, առկա մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները։

Քննարկումների առանցքում եղել են հայագիտական կենտրոնների գործունեության համակարգման միասնական մեխանիզմների ձևավորումը, հայագիտական ծրագրերի կառավարման արդյունավետության բարձրացումը, որակի ապահովման և արդյունքների գնահատման գործիքների մշակումը, ինչպես նաև կենտրոնների միջև տեղեկատվության և մասնագիտական ռեսուրսների փոխանակման հնարավորությունները։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հայագիտական կենտրոնների գործունեության շարունակականության ապահովմանը, ֆինանսավորման հնարավոր աղբյուրների ընդլայնմանը և միջազգային դրամաշնորհային ծրագրերում համատեղ մասնակցության մեխանիզմների ձևավորմանը։




Մամուլի Տեսություն

Լրահոս