«Ուժը հայրենյաց» կուսակցության ղեկավար, խմիչքի բիզնեսով զբաղվող գործարար, մասնագիտությամբ անասնաբույժ Տիգրան Արզաքանցյանը ստանձնել է «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի՝ հանրությանը հայտնի Մերգելյան ինստիտուտի տնօրենի պաշտոնը։ Այս նշանակումը տարընթերցումների և համացանցում բուռն քննարկումների տեղիք էր տվել, քանի որ 60-ամյա գործարարը երբևէ գիտության հետ առնչություն չի ունեցել։ Ստեղծված իրավիճակի ֆոնին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունը հանդես եկավ հատուկ պարզաբանմամբ։
Գերատեսչությունը հստակեցրեց, որ խոսքը վերաբերում է բացառապես գիտահետազոտական ինստիտուտին, որի բաժնեմասերի 100 տոկոսի սեփականատերը Ռուսաստանի Դաշնության պետական գույքի կառավարման գործակալությունն է ։ Ինչ վերաբերում է նույն՝ Հ․ Հակոբյան 3 հասցեում գործող «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ-ին, ապա դա Հայաստանի պետական սեփականությունն է, որտեղ որևէ կադրային փոփոխություն տեղի չի ունեցել։ Նշենք, որ ինստիտուտը ռուսական կողմին էր անցել դեռևս «Գույք պարտքի դիմաց» գործարքի շրջանակում, իսկ այս տարվա հունվարին հայտնի դարձավ, որ կառույցի կառավարումը վերստին ստանձնել է ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող ռուսական «Սիտրոնիքս» ընկերությունը։
Նշանակումն ուշագրավ է նրանով, որ ՌԴ-ին պատկանող այս կառույցը տասնամյակներ շարունակ եղել է Հայաստանի պաշտպանական, անվտանգային և պետական կառավարման թվային համակարգերի գլխավոր մշակողը։ 1956 թվականին հիմնադրված, այս տարի իր 70-ամյակը նշող և հայտնի գիտնական Սերգեյ Մերգելյանի անունը կրող ինստիտուտը, որը տարբեր տարիներին ղեկավարել են ինքը՝ Մերգելյանը, Ֆադեյ Սարգսյանը և այլ անվանի գիտնականներ, մինչ օրս ապահովում է ՀՀ պետական կարևորագույն գերատեսչությունների թվային ենթակառուցվածքները։
Ինստիտուտի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ կառույցը սերտորեն համագործակցել է Ազգային անվտանգության ծառայության և Պաշտպանության նախարարության հետ՝ մշակելով և մատակարարելով գաղտնի տեղեկատվության պաշտպանության համալիրներ, կրիպտոգրաֆիկ՝ գաղտնագրման սարքեր, կրակային վարժասարքեր, ինչպես նաև իրականացնելով զինտեխնիկայի արդիականացում։ Բացի ուժային կառույցներից, ինստիտուտն է ստեղծել ՀՀ կառավարության էլեկտրոնային կառավարման և գաղտնի թղթաբանության փոխանակման համակարգերը, քաղծառայողների կառավարման «Արարատ» ծրագիրը, ինչպես նաև Ոստիկանության, Արդարադատության և Սոցիալական հարցերի նախարարությունների առանցքային շտեմարանները՝ Բնակչության և ընտրողների պետռեգիստրները, ՃՈ որոնողական, ՔԿԱԳ ավտոմատացման, ինչպես նաև կենսաթոշակային ու սոցիալական «Փարոս», «Արաքս» և «Պառնաս» համակարգերը։
Այսպիսով, կառույցը, որի ղեկավարումն այժմ ստանձնել է Տիգրան Արզաքանցյանը, ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի պետական ռեգիստրների, գաղտնի կապի և պաշտպանական տեխնոլոգիաների անխափան աշխատանքի տեսանկյունից։
Մանրամասները՝ տեսանյութում․
























































































