«ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ԴԵՐԱՍԱՆ ԵՄ». ԷՄԻԼ ԳԱԼՍՏՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն այս անգամ զրուցել է «Բանակում» հեռուստասերիալից հայտնի Էմիլ Գալստյանի հետ, ով մինչ այժմ հանրության շրջանում հիշվում է Համբարձումի կերպարով։

 

Մեզ հետ զրույցում նա խոսել է հաճախ սկանդալային իրավիճակներում հայտնվելու պատճառների եւ ատելության մթնոլորտի մասին:

-Էմի՛լ, վերջին տարիներին Դուք հաճախ եք հայտնվում սկանդալների կամ միջադեպերի կիզակետում: Ինչո՞ւ, եւ ինչո՞վ է դա պայմանավորված:

-Պայմանավորված է այն բանով, որ ես սկանդալային դերասան եմ: Բոլորս մարդ ենք եւ բոլորիս մոտ էլ լինում են տարբեր իրավիճակներ կյանքում, պարզապես որ հայտնի ես, դերասան ես, ժողովրդի կողմից ճանաչված ես, դրա համար միշտ առաջին պլանում ենք հայտնվում: Կյանքի ցանկացած փուլում հայտնվում ենք ուշադրության եւ քննադատության կենտրոնում, եւ քանի որ մեր ժողովուրդն էլ շատ է սիրում քննարկել մեր կյանքը, այդպես ստացվում է: Ես ինքս չեմ աշխատում, որ սկանդալային ինձ պահեմ, ուղղակի կյանքի բերումով ստացվում է:

-Էմի՛լ, այնպիսի տպավորություն է, որ Դուք ագրեսիվ եւ միեւնույն ժամանակ անհանդուրժող մարդ եք:

-Ես իրականում շատ հանդուրժող եւ հանգիստ մարդ եմ բնավորությամբ: Աստվածահավատ մարդ եմ, ու ով ինձ ճանաչում է՝ թե՛ իմ ընկերները, թե՛ իմ շրջապատի մարդիկ, կարող են փաստել դա:

-Վերջին շրջանում կրկին հայտնվեցիք խոսակցությունների կենտրոնում: Ինչպե՞ս կբացատրեք, ինչո՞ւ հենց Դուք:

-Վերջերս՝ հեղափոխությունից հետո, սկսեցի սկետչեր նկարել,  դե ես մասնագիտությամբ դերասան եմ եւ զբաղվում եմ արվեստով, չկամ ոչ մի քաղաքական  գործընթացների մեջ, եւ դա ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, ոչ մի կուսակցության չեմ պատկանում, ոչ մի պիցցայակերների մեջ չկամ եւ նախընտրում եմ ավելի համեղ ուտեստներ ուտել,  բայց, այնուամենայնիվ, դրանից խուսափել էլ չի լինում: Սկետչերի մեջ փորձեցի երգերը փոխել Իջեւանի բառով, քանի որ մեր վարչապետն էլ հենց Իջեւանից էր: Օրինակ՝  «Երեւան դարձած իմ Էրեբունին» փոխեցի «Իջեւան դարձած իմ Էրեբունի» եւ այդպես հետաքրքիր, ինչ-որ ծիծաղաշարժ  սկետչեր էի նկարահանում: Դրանցից մեկը համացանցում վերցնում են, փոխում են այնպես, թե, իբր, ես ծաղրում եմ վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին: Խոսքը վերաբերում է նրան, որ «Ղարաբաղի նախշուն բաջի» երգը փոխել ենք «Իջեւանի նախշուն բաջի» տաբերակով, բայց մենք միտում ամենեւին չենք ունեցել ծաղրելու, եւ եթե մարդիկ տեսել են, կփաստեն, որ ընդհանրապես խոսքը չի գնում  ինչ-որ կոնկրետ մարդու մասին: Ուզում եմ նաեւ ասել, որ տիկին Աննա Հակոբյանը իմ շատ մտերիմ ընկերոջ, կոլեգայի՝ Հրաչյա Հակոբյանի քույրն է, եւ բնական է՝ ես չէի կարող թույլ տալ ծաղրելու նրան: Իսկ ինչ վերաբերում է ժողովրդի բուռն արձագանքին, մարդիկ առանց դիտելու, առանց կարդալու, զոմբիացած  սկսում են վատաբանել, վատ մեկնաբանություններ գրել: Բնականաբար, ես չեմ հասնում այն մակարդակին, որ իրենց պատասխանեմ, բայց, այնուամենայնիվ, երեւույթը շատ տգեղ է, եւ նման իրավիճակը, կարծում եմ, ոչ մեկին էլ դուր չի գա:

-Էմի՛լ, իսկ այդ  «զոմբիացածների» վատ մեկնաբանություններն ինչի՞ց են գալիս:

-Չեմ կարող ասել: Մի բան եմ նկատել՝ մեր ազգը չի սիրում իրենց արտիստին գովել, առաջ տանել, այլ, հակառակը, սիրում են վատաբանել, փնովել. անկեղծ չգիտեմ, թե այդ երեւույթն ինչից է գալիս: Մարդիկ չարացել են. սերն է պակասել, թե երկրի վիճակից է՝ չգիտեմ:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

«ՏԱՐԻՔԻՍ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼ ՉԵՄ ՍԻՐՈՒՄ». ԱՆՈՒՇԻԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դերասանուհի Անուշիկ Առաքելյանը նշում է ծննդյան տարեդարձը: Դերասանուհին ArmLur.am-ի հետ զրույցում խոսել է տարեդարձի, նվերների եւ զգացողությունների մասին: Անուշիկ Առաքելյանի խոսքով՝ առանձնահատուկ զգացողություններ, որպես այդպիսին, չունի:

 

«Ես կարծում եմ, որ արդեն շատ երիտասարդ տարիքից հետո սկսում է դադարել այդ առանձնահատուկ զգացողությունը, թե քո ծննդյան տոնն ամբողջ աշխարհի տոնն է,  կամ այդ երկրի, որտեղ ապրում ես: Բացարձակ այդպիսի զգացողություն չկա, սկսել եմ օրս հանգիստ, ինչպես միշտ, բազում աշխատանքային հանդիպումներով: Հատկապես այս տարի, պայմանավորված թե՛ կորոնավիրուսով, թե՛  խառը իրադարձությունների հետ, որոշել եմ առհասարակ տարեդարձս չնշել»,-նշում է մեր զրուցակիցը:

Դերասանուհին մեզ հետ զրույցում նշում է, որ 12:00-ին  գեղեցիկ եւ հաճելի անակնկալ են իրեն մատուցել հարեւանները. «Անակնկալներ եղել են եւ սկսվել են գիշերվանից, հարեւաններս միշտ շատ ուշադիր են իմ ծննդյան օրը եւ տորթերով, ծաղիկներով ժամը 12.00-ին շատ հետաքրքիր անակնկալ են մատուցել: Առավոտյան նույնպես եղան անակնկալներ իմ ֆաների կողմից, իմ երիտասարդ օրիորդների կողմից, որոնք միշտ  ամեն տարի անում  են ինձ համար անակնկալ, ինչի համար շատ շնորհակալ եմ, որ այդ երիտասարդ աղջիկները ժամանակ են գտնում տրամադրելու ինձ,  իմ անվամբ գեղեցիկ բաներ պատրաստելու, ծաղիկներ  նվիրելու»:

Իսկ, առհասարակ, տարիքի մասին դերասանուհին ընդգծում է, որ խոսել չի սիրում. «Տարիքիս մասին երբեւէ չեմ խոսում եւ նշում, քանի որ կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը չկա: Մի լավ խոսք կա՝ ասում են կնոջ տարիքն այնքան է, ինչքան երեւում է»:

Անուշիկ Առաքելյանը մեզ հետ զրույցում շեշտում է, որ, այնուամենայնիվ, իր համար ամենաթանկ նվերը դուստրն է, նրա ժպիտը, շնորհավորանքը:

«Ամենաթանկ նվերը դստերս նվերն է, իհարկե մայրիկինս նույնպես, ով դեռ 12-ին գեղեցիկ ծաղկեփնջով շնորհավորել է, բայց ամենաթանկը աղջկաս ժպիտն է, նրա շնորհավորանքը, ով գրկում եւ շնորհավորում է եւ տարբեր գեղեցիկ հրավառություններ է ինձ համար կազմակերպում ծննդյանս գիշերը: Տարեդարձս կուզեմ անցկացնել աղջկաս եւ մայրիկիս հետ, քանի որ իմ ընտանիքն այնքան էլ մեծ չէ, եւ, բնականաբար, միշտ իրենց եւ ընկերներիս հետ եմ անցկացրել, բայց այս տարի կնշեմ առանց ընկերներիս, միայն իմ փոքրիկ եւ սիրուն  ընտանիքի հետ միասին»,- հավելում է դերասանուհին:

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ԿՄԱՍՆԱԿՑԻ ՄՐՑԱՇԱՐԻՆ

Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը հայտարարել է, որ կմասնակցի հաջորդ շաբաթ մեկնարկելիք Հռոմի «Մասթերս» մրցաշարին: «Այս մրցաշարն ինձ համար կարեւոր նշանակություն ունի, քանի որ ես կորտ եմ վերադառնում բավականին երկար ընդմիջումից հետո»,- Նադալի խոսքը փոխանցում է AS-ը: Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով 34-ամյա Նադալը հրաժարվել էր մասնակցել ԱՄՆ-ի բաց առաջնությանը:

 

 

ԳՈԼԱՅԻՆ ՀՈՏԱՌՈՒԹՅՈՒՆ

Ազգերի լիգայի մրցաշարի խմբային փուլի երկրորդ տուրի՝ Խորվաթիայի դեմ հանդիպումից հետո Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը խոսել է թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի մասին: «Ռոնալդուն գոլային հոտառություն ունի: Նա կարող է ցանկացած պահի վճռել ցանկացած հանդիպման ելք: Ուրախ եմ, որ մեր թիմում հանդես է գալիս Ռոնալդուի պես ֆուտբոլիստ: Մենք նրանից շատ բան ունենք սովորելու»,- ասել է Ֆերնանդեշը: Պորտուգալիայի հավաքականը Ռոնալդուի դուբլի շնորհիվ հաղթանակ է տարել Խորվաթիայի ընտրանու նկատմամբ 2:0 հաշվով:

 

 

ՎԵՐՋՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

Կատալոնական «Բարսելոնայի» եւ Չիլիի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտուրո Վիդալը մարզական կարիերան կշարունակի Միլանի «Ինտերում»: Կողմերը վերջնական համաձայնության են եկել: Չիլիացի կիսապաշտպանը «Ինտերի» հետ կկնքի 2 տարվա պայմանագիր՝ տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձով: «Ինտերն» Արտուրո Վիդալի տեղափոխության մասին կարող է հայտարարել առաջիկա ժամերի ընթացքում: Հիշեցնենք, որ Արտուրո Վիդալը «Բարսելոնա» է տեղափոխվել 2018 թվականին Մյունխենի «Բավարիայից»:

 

 

ՄԱՀԱՑԵԼ Է

86 տարեկան հասակում մահացել է բրիտանացի դրամատուրգ, ադապտացված լավագույն սցենարի համար «Օսկարի» մրցանակակիր Ռոնալդ Հարվուդը: Սցենարիստի մտերիմները հայտնել են, որ նա կյանքից հեռացել է սեպտեմբերի 8-ին բրիտանական Սասեքս կոմսությունում գտնվող իր տանը։ Հարվուդը 2003թ. «Օսկարի» է արժանացել «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում «Դաշնակահարը» ֆիլմի համար։ Նա 2008թ.-ին «BAFTA» մրցանակ է ստացել «Սկաֆանդրը եւ թիթեռը» ֆիլմի սցենարի համար։ Ացենարիստը 2010թ.-ին ասպետական տիտոսի է արժանացել ու դարձել սեր Ռոնալդ Հարվուդ։

 

 




Լրահոս