ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Իմ քայլ»-ում մանդատից նոր հրաժարվողներ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած Սահմանդրական դատարանի դատավորների ընտրությունն արդեն կայացել է, սակայն թեկնածուներ Արթուր Վաղարշյանի, Երվանդ Խունդկարյանի եւ Էդգար Շաթիրյանի ընտրությունը շարունակում է իշխող «Իմ քայլը» խմբակցության ներսում խմորումների առիթ հանդիսանալ: Ինչպես հայտնի է, հենց քվեարկության օրն առավոտյան իմքայլականները նիստ էին անցկացրել եւ որոշել, թե ինչպես են քվեարկելու թեկնածուներից յուրաքանչյուրին: Եվ հենց այդ ժամանակ էլ բանավեճեր են եղել պատգամավորների միջեւ:

Բանն այն է, որ չնայած նախկինում եղած դժգոհություններին, այդ օրն ասվել է, որ ՀՀ նախագահի առաջադրած թեկնածու Արթուր Վաղարշյանին ընտրել է պետք, որին էլ թիմում լավ չեն վերաբերվել, ավելին, մի քանիսն անգամ ընդդիմացել են:  Այդ նիստն իսկապես թեժ է եղել, ընդդիմացողներ են եղել, պատգամավորների միջեւ անգամ վեճ է եղել:

ArmLur.am-ի տեղեկություններով խմբակցության նիստի ժամանակ իրենց դժգոհությունն էին արտահայտել պատգամավորներ Գայանե Աբրահամյանը, Լուսինե Բադալյանը, Գոռ Գեւորգյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Համազասպ Դանիելյանը և այլք:  Եվ չնայած արդյունքում նրանք բոլորն էլ կողմ են քվեարկել Արթուր Վաղարշյանի թեկնածությանը, սակայն արդյունքում վերը նշված պատգամավորներն են հայտնվել հոգեբանական ծանր վիճակում եւ նույնիսկ սկսել են մտածել իրենց պատգամավորական մանդատները վայր դնելու մասին:

Օրինակ ArmLur.am-ը տեղեկացավ, որ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը նույնիսկ հանդիպում է  ունեցել խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ և ասել, որ ցանկանում  է վայր դնել մանդատը, քանի որ այլ դիրքորոշում է ունեցել Սահմանադրական դատարանի անդամների թեկնածուների հետ կապված, սակայն վերջնական որոշում առկա չէ: Մեկնաբանության համար ArmLur.am-ը դիմեց պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանին, սակայն վերջինս կարճ պատասխանեց, թե եղել է միայն աշխատանքային  քննարկում եւ մանրամասներ չցանկացավ ներկայացնել:

Պատգամավորական մանդատից հրաժարվողների թվում նշվում է նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը, որը ևս դժգոհ է Սահմանադրական դատարանի անդամների ընտրությունից: Եվ մեր տեղեկություններով, նա եւս մտածում է պատգամավորական մանդատը վայր դնելու մասին: Ավելին, նա մի լուսանկար էր հրապարակել սոցցանցի իր էջում և գրել. «Նկար այս օրերի ծանր ու հակասական մտորումներիս մասին։ Նկարն ավելի քան խոսուն է, իսկ մնացյալի մասին` առաջիկայում»։

Այս լուսանկարը ևս տեղիք տվեց մտածելու, թե պատգամավորը նման մտադրություն ունի: ArmLur.am-ը մեկնաբանության համար դիմեց Գայանե Աբրահամյանին՝ հասկանալու համար, արդյոք նա կհրաժարվի իր մանդատից: Սակայն նա նշեց, թե այս պահին վերջնական որոշում դեռ չունի:

Մանրամասները՝ տեսանյութում

Սոնա Գրիգորյան

 




Լրահոս