«ԹՈՒՄՈ»-Ի ՀԱՄԱՐ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության երեկվա նիստում որոշվեց «Էփիջի Լէբս Էյէմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երեւան, Հալաբյան 16 հասցեում գտնվող անշարժ գույքի մաս կազմող հողամասից 15000 մ2 մակերեսով հողամասը բացառապես «ԵՄ ԹՈՒՄՈ» ինժեներական եւ կիրառական գիտությունների համալիրի կառուցման եւ վերջինիս գործունեության ապահովման համար տրամադրվում է «Սիմոնյան» կրթական հիմնադրամին օգտագործման նպատակով ամսական 18300 ՀՀ դրամով մինչեւ Համալիրի կառուցման ավարտը:

 

Նաեւ սահմանվեց, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամին «Էփիջի Լէբս Էյէմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երեւան, Հալաբյան 16 հասցեում գտնվող անշարժ գույքի մաս կազմող հողամասից 15000մ2 մակերեսով հողամասը տրամադրվում է նվիրաբերությամբ բացառապես ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական եւ կիրառական գիտությունների համալիրի կառուցման եւ վերջինիս գործունեության ապահովման նպատակով սույն որոշման 1-ին կետում սահմանված գործարքից հետո, բայց ոչ ուշ, քան «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Եվրոպական միության միջեւ 2018թ. նոյեմբերի 29-ին եւ դեկտեմբերի 14-ին ստորագրված «Հայաստանում ԵՄ-ն նորարարության համար» նախաձեռնություն. Կրթության բարելավում՝ հատկապես գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության եւ մաթեմատիկայիոլորտներում» (Հատուկ պայմաններ) ֆինանսավորման համաձայնագրի ժամկետի ավարտը:

Նաեւ սահմանվում է, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամին «Էփիջի Լէբս Էյէմ» սահմանափակ պատասխանատվության ընկերության կողմից «ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական եւ կիրառական գիտությունների համալիրի» ստեղծման եւ վերջինիս գործունեության ապահովման նպատակով 15000 մ2 մակերեսով հողամասի տրամադրման գործարքի համար պետության կողմից սույն որոշման ընդունման արդյունքում ավելացված արժեքի հարկի գծով առաջացող պարտավորությունների կրճատված մասը չի համարվում որպես «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Եվրոպական միության միջեւ 2018թ. նոյեմբերի 29-ին եւ դեկտեմբերի 14-ին ստորագրված «Հայաստանում ԵՄ-ն նորարարության համար» նախաձեռնություն. կրթության բարելավում՝ հատկապես գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության եւ մաթեմատիկայի ոլորտներում» (Հատուկ պայմաններ) ֆինանսավորման համաձայնագրով եւ դրան հաջորդած «ԵՄ-Սիմոնյան կրթական համալիր» պայմանագրով «Սիմոնյան» կրթական համալիրի կողմից ստանձնած ներդրումային համաֆինանսավորման մաս:

Բանակցության արդյունքում բարերարն իրեն պատկանող «Էփիջի Լէբս Էյէմ» ՍՊԸ-ի միջոցով պատրաստակամություն է հայտնել «Սիմոնյան» կրթական հիմնադրամին հանձնել անհրաժեշտ հողատարածքը պայմանով, որ՝

«Էփիջի Լէբս Էյէմ» ՍՊԸ-ն հողատարածքն ի սկզբանե բացառապես «ԵՄ ԹՈՒՄՈ» ինժեներական եւ կիրառական գիտությունների համալիրի կառուցապատման իրավունքով եւ վերջինիս գործունեության ապահովման նպատակով տրամադրում է օգտագործման «Սիմոնյան» կրթական հիմնադրամին, որից հետո առանց հետ կանչելու հնարավորության հողատարածքը բացառապես «ԵՄ ԹՈՒՄՈ» ինժեներական եւ կիրառական գիտությունների համալիրի գործունեության ապահովման նպատակով նվիրատվությամբ տրամադրում է «Սիմոնյան» կրթական հիմնադրամին եւ սահմանված կարգով ազատվում է նշված գործարքներից առաջացող հարկային պարտավորություններից:

Ծրագրի իրականացումը ենթադրում է տարածքի ֆիզիկական ընդլայնում: Ծրագրի շրջանակներում «ԹՈՒՄՈ» կենտրոնին կից նախատեսվում է կառուցվել մոտ 15000 մ2 մակերես ունեցող շինություն: Շինությունը ներառելու է կրթական, հետազոտական եւ առեւտրային ենթակառուցվածքներ, մասնավորապես` STEM հետազոտությունների լաբորատորիաներ, որոնք «Թումո» ծրագրի տրամաբանական շարունակություն են եւ հնարավորություն են տալու բուհերում սովորող ուսանողներին եւ երիտասարդ մասնագետներին 18 տարին լրանալուն պես ձեռք բերել STEM-ին առնչվող կիրառական եւ առաջադեմ հմտություններ, ինչպես նաեւ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի նոր ֆակուլտետ, ստարտափների հանգույց, օֆիսների եւ կոնֆերանսների կենտրոն եւ կոմերցիոն տարածք` կենտրոնի երկարաժամկետ ֆինանսական կայունությունն ապահովելու համար:

Ն.Պ.

 

 

4 ՆՈՐ ԴԵՊՔ

ԱՀ առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն՝ հանրապետությունում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 4 նոր դեպք: Վարակակիրներից երկուսը՝ Մարտունու շրջանի Սոս, մեկն էլ Մաճկալաշեն գյուղերից են, Մաճկալաշենում հաստատված օջախի շփման շրջանակից: Մեկ վարակակիր էլ Մարտունի քաղաքից է՝ նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր, ով նախօրոք մեկուսացված էր: Առողջացել է 10 քաղաքացի: Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 349 մարդու մոտ, որից 311-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 36, ընդհանուր մեկուսացված է 69 քաղաքացի: Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 6-ինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 127 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 13 272 փորձանմուշի հետազոտություն:

 

 

 

182 ՄԼՆ ԴՐԱՄ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ

Կառավարությունը Երեւան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յան Ռայնիսի փողոցի թիվ 1 շենքի՝ օգոստոսի 26-ին փլուզված թվով 12 բնակարանների սեփականատերերին բնակարանի գնման վկայագիր կտրամադրի: Ֆինանսավորման նպատակով պահուստային ֆոնդից Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը կհատկացվի 182 մլն դրամ:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանի խոսքով՝ հաշվարկվել է, որ այդ տարածքում մեկ քմ բնակմակերեսի միջինացված արժեքը 333 հազար դրամ է: «Այդ վկայագրերով բնակիչները կարող են ցանկացած անձից ձեռք բերել պատրաստի բնակարան կամ բնակելի տուն: Եթե բնակիչը կարողանում է ավելի էժան գնով բնակարան գտնել, ավելացած գումարը մնում է իր տնօրինման տակ: Բացի այդ, քաղաքացին կարող է բնակարան ձեռք բերել նաեւ հիփոթեքով, որի դեպքում աջակցության գումարը կարող է փոխանցվել որպես կանխավճար»,- ասաց Ղուլարյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ի առավոտյան Քանաքեռ-Զեյթունում՝ Ռայնիսի փողոցի թիվ 1 հասցեում, նախնական տվյալներով՝ գազի արտահոսքից տեղի էր ունեցել պայթյուն: Քառահարկ պանելային շենքը մասնակի փլուզվել էր. վնասվել էր շքամուտքում գտնվող 12 բնակարան։  Իրենց ուժերով կամ փրկարարների օգնությամբ շենքի փլուզված հատվածից դուրս էր եկել մոտ 20 մարդ: Մեկ հոգի տեղում մահացել էր, երկու բնակիչ էլ տեղափոխվել էին հիվանդանոց, որտեղ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 41-ամյա տղամարդու կյանքը փրկել չէր հաջողվել:

 




Լրահոս